Իրաքը Թուրքիայից պահանջել է երկրի հյուսիսային շրջաններից դուրս բերել թուրքական զորքը եւ անդրսահմանային գործողություններ չիրականացնել PKK-ի քուրդ գրոհայինների դեմ: Իրաքի կառավարության այդ որոշումն ընդունվել է երկկողմ լարված հարաբերությունների պայմաններում:
Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի ադ Դաբաղի խոսքերով, «որոշվել է դադարեցնել օտար ռազմակայանների աշխատանքը եւ Իրաքի տարածքում բացառել օտարերկրյա զորքերի ներկայությունը»:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում է, որ Բաղդադի դիրքորոշումը հրապարակվել է այն ժամանակ, երբ Անկարան հակաահաբեկչական ծավալուն գործողություն է իրականացնում թուրք-իրաքյան սահմանի մոտակայում եւ, որոշ տվյալների համաձայն, պատրաստվում է հարվածել Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի հենակետերին:
Հյուսիսային Իրաքում Թուրքիան 1990-ականներին ստացավ սեփական ռազմակայաններ ստեղծելու հնարավորություն: Ներկայումս այդ շրջանում տեղաբաշխված են մոտ 2,5 հազար թուրք զինծառայող, տասնյակ տանկեր, որոնք նշանառության տակ են պահում մի շարք ռազմավարական կետեր:
Երկկողմ հարաբերություններում ներկայիս լարվածության պատճառը վարչապետ Նուրի ալ Մալիքիի կառավարության քաղաքականությունն է, որը դուր չի գալիս Անկարային: Բացի դրանից, Թուրքիան ապաստան է տվել Իրաքի փոխնախագահ Թարիք ալ Հաշեմիին, որը Բաղդադում հեռակա կարգով մահապատժի է դատապարտված ահաբեկչական եւ ծայրահեղական գործունեությանը մասնակից լինելու մեղադրանքով: