Արտգործնախարարության այն հավաստիացումները, թե հայկական կողմը տարբեր մակարդակներով բազմիցս դիմել է հունգար գործընկերներին` փորձելով տեղեկանալ` ընթանո՞ւմ են արդյոք բանակցություններ Բուդապեշտի ու Բաքվի միջեւ մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ, հունգարական կողմը չհերքեց, բայց եւ չհաստատեց, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ ըստ էության հունգարական կողմն այդ հավաստիացումները հերքելու փաստեր չունի: Սակայն արտահանձնման միջազգային պրակտիկայում անգամ լայն հնչեղություն ստացած հանցագործների արտահանձնումը կազմակերպելու գործընթացները գաղտնի չեն ընթանում: Հետեւաբար կոնկրետ հունգարական կողմի նման գաղտնապահությունը քաղաքական ու իրավական առումով կոռեկտ չէ: Մյուս կողմից, եթե Հունգարիան վստահ է եղել իր գործողությունների օրինականության վերաբերյալ, ինչպես պնդում է վարչապետ Վիկտոր Օրբանը, ում բռնակալական քաղաքականության պատճառով Եվրոպայում, ի դեպ, «վիկտատոր» են անվանում, ապա ինչո՞ւ է գաղտնի պահել իր գործողությունները Երեւանից: Հետեւաբար, Բուդապեշտը գիտակցել է, որ անօրինականությամբ է զբաղված` գործընթացը գաղտնի պահելով խնդրում շահագրգիռ Հայաստանից:
Սաֆարովի արտահանձնման ու առհասարակ արտահանձնման վերաբերյալ միջազգային կոնվենցիային (1983, Ստրասբուրգ), ինչպես նաեւ արտահանձնման գործընթացի հետ կապված «Ազգը» զրուցեց մոսկվաբնակ հայազգի իրավաբան, հատկապես արտահանձնման գործընթացների մասնագետ Սիմոն Ծատուրյանի հետ:
Պարոն Ծատուրյանի հետ նախ խոսեցինք գործում Բուդապեշտի մեղավորությունից, եթե այն առկա է: Իրավաբանը, որպես միջազգային իրավունքիՙ Բուդապեշտի կողմից առաջին խախտում, արձանագրում է գործընթացի գաղտնիությունը. «Արտահանձնման գործընթացը չի կարող ոչ միայն իրագործվել, այլեւ ընթանալ գաղտնիության պայմաններում»:
Հաջորդ հունգարական խախտումն իրավաբանն առավելաբար տեսնում է բարոյականության դաշտում, առանց որի, ըստ Ծատուրյանի, չի կարող լինել իրավագիտություն: «Հունգարական կողմին բազմիցս տեղեկացվել է, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ քայլը, եթե Սաֆարովին արտահանձնեն, սակայն, Բուդապեշտը փաստորեն հաշվի չի առել ոչ միայն այս հանգամանքը, այլեւ «անտեսել է սեփական դատարանի որոշումը», մինչդեռ իրավաբան Ծատուրյանը, մանրամասնելով արտահանձնման գործընթացը, ահա թե ինչ պատմեց:
Նախ, այսօր աշխարհում հանցագործների արտահանձնումը կատարվում է համաձայն Ստրասբուրգի 1983-ին կնքված կոնվենցիայի: Այսինքն, այն նույն կոնվենցիայի, որով իրականացրել են իրենց գործարքը Բուդապեշտն ու Բաքուն: Հետեւաբար, կոնկրետ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հանցագործների արտահանձնումը եւս տեղի է ունենում համաձայն ստրասբուրգյան կոնվենցիայի, որին միացել են ինչպես Մոսկվան, այնպես էլ Երեւանը: Իրավաբան Ծատուրյանը մասնագիտանալով այս գործում, տեղեկացնում է, որ արտահանձնում իրականացնելու համար նախ անհրաժեշտ է տվյալ հանցագործի, նրա հարազատների խնդրանք-հայցը, առ այն, որ հաշվի առնելով, որ հանցագործը այլ երկրի քաղաքացի է, ինքը խնդրում է այն երկրի իշխանություններին, որտեղ կրում է պատիժը` հնարավորություն տան իրեն պատիժը հայրենիքում կրելու նպատակով, արտահանձնվել հայրենիք:
«Սա խիստ ժամանակատար եւ բազմաթիվ փաստաթղթեր պահանջող գործընթաց է», նշում է Ծատուրյանը` շարունակելով, որ այնուհետեւ դիմումը ստացած գերատեսչությունը քննում է այն, պաշտոնական բազմաթիվ հարցումներ անում` հանցագործի հայրենի երկրի համապատասխան մարմիններին, որոնք ուսումնասիրում են, թե, օրինակ, ի՞նչ հեղինակություն ունի տվյալ հանցագործը սեփական երկրում, ի՞նչ ազդեցություն կունենա հնարավոր արտահանձնումը, ուսումնասիրում են հանցագործի հայրենի երկրի քրեական օրենսգիրքը, թե արդյոք այն հնարավորություն տալի՞ս է, որ հանցագործը շարունակի կրել պատիժը այլուր, եւ այլն:
Ու ամենակարեւորը, ուսումնասիրվում են հանցագործին դատապարտած դատարանի որոշումը եւ փաստի առկայությունը, թե արդյոք հանցագործը վերականգնե՞լ է տուժողին հասցրած վնասը: Այնուհետեւ արդարադատության նախարարությունը, խորհրդակցելով բոլոր համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, դիմում է տվյալ հանցագործի դատավճիռն արձակած դատարանին եւ սպասում վերջինիս եզրակացությանը: Ընդ որում, Ծատուրյանը նշում է, որ կոնկրետ Ռուսաստանում վերջին խոսքը հենց դատավճիռն արձակած դատարանինն է լինում:
Բնականաբար, եթե մանավանդ արտահանձնման գործընթացը անմիջականորեն վերաբերում է միջպետական հակամարտությանը, հետեւաբար հանցագործի արտահանձնումը չի կարող անհետեւանք չմնալ, այդ թվումՙ քաղաքական ոլորտում, ապա` այս պարագայում, այդ գործընթացը, անշուշտ, դառնում է ավելի նուրբ, բայց կրկին ոչ երբեք գաղտնի: Արտահանձնումը իրականացնել պատրաստվող երկիրը պարզապես չի կարող չհաշվարկել փաստի արձանագրումից հետո քաղաքական զարգացումները:
Դառնալով կրկին Սաֆարովի գործին, նկատենք, որ որեւէ խոսք չկա այն մասին, թե կոնկրետ ո՞վ է մարդասպանի արտահանձնումը պահանջել Բուդապեշտից, հունգարական կոնկրետ ո՞ր գերատեսչություններն են զբաղվել ու որքա՞ն ժամանակ են զբաղվել այս գործընթացով, դիմե՞լ է արդյոք հունգարական արդարադատության նախարարությունը Սաֆարովին 30 տարի առանց ներման իրավունքի ցմահ ազատազրկած բուդապեշտյան դատարան` վերջինիս եզրակացությունը խնդրելով, եթե այո, ապա դրակա՞ն է արդյոք եղել այդ եզրակացությունը: Ու ամենակարեւորը, մի՞թե հունգարական գերատեսչությունները որոշել են, որ Սաֆարովը ամբողջովին փոխհատուցել է հասցրած վնասը... Սրանք հարցեր են, որոնք գործում պատասխանատու են դարձնում նաեւ Բուդապեշտին:
Իրավաբան Ծատուրյանն ընդգծում է, որ արտահանձնման միջազգային պրակտիկայում աննախադեպ է, որ արտահանձնման ենթարկված հանցագործը տվյալ երկիր ժամանելուն պես անմիջապես ազատ արձակվի... Չգիտե՞ր այս մասին հունգար իշխանությունը, եթե ոչՙ ուրեմն չի կատարել ամբողջովին իր պարտավորությունները` արտահանձնման գործընթացում, այն էՙ բոլոր տեսակի փաստաթղթերի, տեղեկությունների հավաքագրում, իրավիճակի զննում, եթե տեղյակ էր, ուրեմն Բուդապեշտը հանցավորության մասնակից է Բաքվի հետ միասին:
Իրավաբան Ծատուրյանը նաեւ հնարավորություններ տեսնում է այս ամենը շտկելու. «Հունգարիան կարող է դիմել եվրոպական դատարան ու հետ պահանջել Սաֆարովին, իսկ հայցը հիմնավորել, որ Բաքուն խախտել է միջազգային կոնվենցիան ու Բուդապեշտի հետ ձեռք բերված պարտավորությունները»:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ