Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովն այս տարի անցկացվեց հոկտեմբերի 4-6-ը: Ամսի 5-ի համարում համաժողովի բացմանը «Ազգը» անդրադարձել է: Հիշեցնենք, որ համաժողովը կրում էր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագիրը, իսկ մասնակիցները ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի հայկական լրատվամիջոցների ղեկավարներն ու լրագրողներն էին:
Համալսարանում համաժողովի բացումից հետո մասնակիցներն աշխատանքները շարունակեցին Աղավնաձորում: Լրագրողների քննարկումների առանցքում հայաստանյան ու աշխարհասփյուռ հայ մամուլի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միասնական ռազմավարությունն էր:
Լրագրողները նաեւ տարբեր հանդիպումներ են ունեցել հայաստանյան տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ: Ամսի 6-ին հանդիպել են արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, հանդիպմանը ներկա է եղել նաեւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ սփյուռքահայ լրատվամիջոցները մեծ դեր են խաղում հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման ու արտերկրում հայապահպանության գործում:
Քննարկումներից, հարց ու պատասխաններից հետո մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ հայկական լրագրողական համայնքը դիմել է միջազգային հանրությանը եւ այն պետությունների իշխանություններին, որոնք չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որպեսզի վերջիններս թոթափեն անտարբերությունը եւ ճանաչեն ու դատապարտեն Հայոց ցեղասպանությունը: Իրենց հայտարարությամբ մասնակիցները նաեւ պահանջում են Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանություններից ընդունել եւ հատուցել Օսմանյան Թուրքիայում իրականացված Ցեղասպանությունը եւ տարբեր ժամանակներում հայ ժողովրդի նկատմամբ գործած հանցանքները:
Համաժողովի օրերին մասնակիցները եղել են նաեւ Ազգային ժողովում, որտեղ հարցերով դիմել են պատգամավորներին: Այնուհետեւ այցելել են պաշտպանության նախարարություն, հանդիպել նախարար Սեյրան Օհանյանին: Համաժողովի երկրորդ օրն էլ հանդիպել են վարչապետ Տիգրան Սարգսյանին : Դիմելով լրագրողներին վարչապետն ասել է.
«Նման հավաքները մենք պետք է խրախուսենք եւ այս գեղեցիկ ավանդույթը պետք է անպայման շարունակվի: Պատահական չեն ասումՙ ով կառավարում է վիրտուալ աշխարհը, կառավարում է իրական աշխարհը, ինչը փաստում է, որ լրագրողները գտնվում են «պատերազմի» առաջին ճակատում: Նրանք ովքեր կկարողանան մարդկանց ուղղորդել իրենց գաղափարներով, իրենց հոդվածներով, մեկնաբանություններով, նրանք էլ կկարողանան ուղղորդել եւ կառավարել ժամանակակից աշխարհը: Տեղեկատվական դաշտում պայքարը տարեցտարի ավելի սուր է դառնում, եւ պարտավոր ենք ձեզ հետ միասին ազգային կարեւոր խնդիրները վեր հանել եւ համախմբված հանդես գալ»:
Բացի հանդիպումներից ու քննարկումներից համաժողովը ներառում էր նաեւ համահայկակական մրցանակաբաշխություն` հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար:
Հանրապետության վարչապետի հետ հանդիպման ավարտին վարչապետը եւ սփյուռքի նախարարը լրագրողներին հանձնել են սփյուռքի նախարարության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի համահայկական մրցանակաբաշխության «Հայկական լրատվամիջոց» անվանակարգի մրցանակները:
«Տպագիր մամուլ» անվանակարգում գլխավոր մրցանակի արժանացան Պոլսի «Մարմարա» օրաթերթը (մրցանակներՙ Բեյրութի «Զարթոնք» եւ Թեհրանի «Ալիք» օրաթերթերը), «Գանձասար» շաբաթաթերթը (Սիրիա), «Խօսնակ» պաշտոնաթերթը (Լիբանան), «Օրեր» եվրոպական ամսագիրը (Չեխիա), «Ռադիոալիք/ռադիոժամ» անվանակարգում` «AYP FM» Փարիզի հայկական ռադիոն (Ֆրանսիա), «Հեռուստաալիք/հեռուստաժամ» անվանակարգում` «Voice of Armenian Diaspora» հեռուստածրագիրը (ԱՄՆ) եւ «Համացանցային լրատվամիջոց»` «Armenica» կայքը (Շվեդիա): Անցկացվել է նաեւ լուսանկարչական մրցույթ` մասնակցությամբ 23 լուսանկարիչների, որոնցիցՙ Նյու Յորքից Հակոբ Վարդիվառյանի հաստատած մրցանակին արժանացան երեքը` Անահիտ Հայրապետյանը, Վահրամ Բաղդասարյանն ու Հայկ Բադալյանը:
Ի. Պ.