ԱՄՆ նախագահական ընտրություններից ընդամենը 2 օր առաջՙ նոյեմբերի 4-ին National Geographic հեռուստաալիքը նախատեսում է առաջին անգամ ցուցադրել «Seal Team Six: The Raid on Osama Bin Laden» գեղարվեստական ֆիլմը, որը պատմում է «Ալ Ղաիդայի» առաջնորդի սպանության գործողության մասին:
Նոյեմբերի 5-ից այդ ֆիլմը հնարավոր կլինի դիտել Netflix-ի միջոցով:
Նախագահական ընտրությունների նախօրեին բեն Լադենի սպանության մասին պատմող ֆիլմի հեռուստապրեմիերայի բուն փաստը ԱՄՆ-ում շատերն ընկալում են որպես National Geographic-ի օգտագործում դեմոկրատների թեկնածու Բարաք Օբամայի հաջողության ապահովման նպատակով: Հայտնի է, որ Օբաման իր վաստակն է համարում Պակիստանում 2011-ի մայիսին «Ալ Ղաիդայի» առաջնորդի դեմ հատուկ գործողություն ձեռնարկելու որոշումը:
National Geographic-ի ղեկավարությունը հայտարարում է, թե նախագահական ընտրությունների եւ ֆիլմի ցուցադրության ժամկետների միջեւ որեւէ կապ գոյություն չունի: Ըստ որում ընդգծվում է, որ տվյալ ֆիլմը նվիրված է նախ եւ առաջ այն մարդկանց, որոնք անմիջականորեն մասնակցել են Պակիստանի Աբբոթաբադ քաղաքում Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործողությանը:
Օգոստոսին ԱՄՆ-ում բուռն քննարկում էր ծավալվել նույն թեմային նվիրված մեկ ուրիշ ֆիլմիՙ «Zero Dark Thirty»-ի շուրջը: Այն ժամանակ հանրապետական սենատոր Պիտեր Թ. Քինգը հայտարարեց, որ ֆիլմի հեղինակ Քեթրին Բիգելոուն (Իրաքի պատերազմի մասին պատմող «Փոթորկի տիրակալը» ֆիլմի հեղինակը, «Օսկարի» արժանացած առաջին կին բեմադրիչը) կարողացել է օգտվել տվյալ գործողությանն առնչվող հույժ գաղտնի նյութերից: Ընդսմին սենատոր Քինգն ասաց, որ բեն Լադենի սպանության մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը նախագահական ընտրությունների նախօրեին ձեռնտու կլինի Օբամային: Այդ հայտարարություններից հետո ֆիլմի պրեմիերան հոկտեմբերի 12-ից տեղափոխվեց դեկտեմբերի 19:
«Seal Team Six: The Raid on Osama Bin Laden» գեղարվեստական ֆիլմի ցուցադրության ժամկետը հայտարարվեց միայն հոկտեմբերի 4-ին: Հայտնի չէ, հանրապետականները կկարողանա՞ն արդյոք բողոքարկել դրա պրեմիերայի ժամկետը:
Պ. Ք.