«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2012-10-06 | #176, 2012-10-09 | #177, 2012-10-10


ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԶԵՆՔ ՍԻՐԻԱՑԻ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԻ ՁԵՌՔԻՆ

Հուժկու պայթյուններ սիրիական օդուժի հետախուզության շենքի մոտ

Հալեպի մզկիթներից մեկում, որը սիրիացի ապստամբների համար իբրեւ ռազմակայան է ծառայում, BBC-ի լրագրողները հայտնաբերել են սաուդցիներին առաքված ուկրաինական զենքի 3 արկղեր: Դրանց պարունակությունը լրագրողներին չեն ցուցադրել, սակայն հայտնի է, որ ուկրաինացիները զենքն առաքել են սաուդյան բանակին, բայց ի վերջո հայտնվել է սիրիացի ապստամբների մոտ: Զենքն առաքել է ուկրաինական «Դաստան» ընկերությունը, որը մասնագիտացած է ծովային հրանոթների եւ հրթիռային համալիրների արտադրության մեջ: Սաուդյան Արաբիայի իշխանությունները առայժմ որեւէ ձեւով չեն մեկնաբանել իրավիճակը:

Սիրիական ընդդիմության անանուն աղբյուրները BBC-ին տված հարցազրույցում հաստատել են Սաուդյան Արաբիայից, ինչպես նաեւ Քաթարից օգնություն ստանալու փաստը: «Նյու Յորք թայմս» թերթի տվյալներով, այդ երկու երկրները իրոք զենք են մատակարարում սիրիացի ապստամբներին, բայց սահմանափակվում են փոքր տրամաչափի հրազենով: Ենթադրվում է, որ ընդդիմությունը Քաթարից եւ Սաուդյան Արաբիայից ստանում է նաեւ ֆինանսական օգնություն:

Ենթադրվում է նաեւ, որ նախագահ Բաշար Ասադին հավատարիմ կառավարական զորքերը իրենց հերթին օգնություն են ստանում Իրանից:

Ասադի պաշտոնաթողությունը պահանջող Արեւմուտքի պետությունները, որպես կանոն, օգնում են ապստամբներինՙ նրանց մատակարարելով զանազան ռազմական սարքավորումներ: Չի բացառվում նաեւ տեղեկատվական օգնությունը: Այսպես, օգոստոսին լրատվամիջոցները հաղորդեցին, որ ԿՀՎ-ն սիրիացի ապստամբներին հավանաբար տեղեկություններ է հայտնում կառավարական զորքերի տեղաշարժերի վերաբերյալ:

Ֆրանսպրեսը հաղորդում է, որ «Ալ Ղաիդայի» հետ կապված սիրիացի ընդդիմադիրների «Ան Նուսրա ճակատը» երկու հուժկու պայթյուն է իրականացրել Սիրիայի օդուժի հետախուզության շենքի մոտ: Գործակալության տվյալներովՙ սպանվել են տասնյակ մարդիկ: Սիրիայի պաշտոնական հեռուստաալիքը հաղորդել է պայթյունների մասին, չնշելով այլ մանրամասնություններ: Երեկ առավոտյան տեղի ունեցած պայթյունները իրականացվել են ականված ավտոմեքենաներով, որոնք պայթեցրել են մահապարտ ահաբեկիչները:

Մարդու իրավունքների սիրիական դատարանի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը Ֆրանսպրեսի թղթակցին հայտարարել է, թե թիրախ դարձած շենքը իրականում Դամասկոսի նահանգի խոշորագույն կալանավայրն է: Նշվում է, որ ականված ավտոմեքենաներում մի քանի տոննա պայթուցիկ է եղել:

Պայթյուններից հետո երեկ առավոտյան սիրիական բանակը ռմբակոծել է Դամասկոսից 10 կմ հյուսիս-արեւելք գտնվող Հարաստա բնակավայրը, որը ապստամբների հենակետերից մեկն է: Պաշտոնական լրատվամիջոցները հաղորդում են, որ Հալեպում ռմբակոծվել են քաղաքի հարավային թաղամասերը, ինչպես նաեւ կենտրոնի որոշ թաղամասեր: Հալեպում զինված հակամարտությունը շարունակվում է այս տարվա հուլիսից:

Թուրքական սահմանից ոչ հեռու գտնվող Իդլիբի շրջանում կատաղի մարտեր են ծավալվել Արկուշ գյուղում: Ընդդիմության աղբյուրները հայտնում են, որ Մահարեթ ալ Նոոմանում բախումների ժամանակ սպանվել են չորս ապստամբ եւ մեկ երեխա:

Որոշ ընդհատումից հետո նախորդ օրը վերսկսվել են Հոմսի ռմբակոծումները: Կառավարական ուժերը նոր հարձակում են սկսել ապստամբների «մայրաքաղաքը» համարվող այդ բնակավայրի վրա, ինչպես նաեւ հարեւան Քուսեյրի ուղղությամբ, փորձելով ջախջախել դիմադրության այդ վերջին օջախները:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4