Ադրբեջանցի մեր գործընկերներին հանդիպելու առիթներ եղել են: Դրանցից մեկի ժամանակ նրանցից մեկը գործընկեր վրացուն «ներկայացնում էր» «հայ-ադրբեջանական հակամարտությունը»: Վրացի լրագրողին ցույց տալով Հարավային Կովկասի քարտեզը` Ռաշադը (այսպես է ադրբեջանցու անունը) ասաց. «Տեսեք, Նախիջեւանը ադրբեջանական տարածք է, Ղարաբաղն, ինչպես գիտեք, եւս, ու նրանց արանքում գտնվող Զանգեզուրը, տրամաբանորեն, եւս ադրբեջանական տարածք է»: Հասկանալի է, չէ՞, օրինակՙ ամերիկացիներն ասում են` ԱՄՆ-ը բնականաբար ամերիկյան տարածք է, Ալյասկան եւս, ու տրամաբանորեն Կանադան եւս ամերիկյան տարածք է... Այս միջադեպը այդպես էլ կթողնեինք մասնագիտական զվարճալի հուշերի շարքում, եթե Թուրքիայից չհնչեր մի հայտարարություն, եւ եթե Իլհամ Ալիեւը երեկ Թարթառի շրջանում, մասնակցելով Երիտասարդական կենտրոնի բացմանը, ելույթ չունենար:
Նախՙ Թուրքիայի վերաբերյալ: Այս երկրից հայտարարեցին, թե եթե շահագործվի Ստեփանակերտի օդանավակայանը, ապա «Թուրքիան կփակի իր օդային տարածքը Հայաստան մեկնող ու ժամանող ինքնաթիռների համար»: Թե ի՞նչ կապ ունի Հայաստան մեկնող ու ժամանող ինքնաթիռը, մանավանդ դրանով տեղափոխվող խաղաղ բնակիչը այլ պետություն` ԼՂՀ-ի մայրաքաղաքում շահագործման պատրաստվող օդանավակայանի հետ, թողնենք ու նկատենք, որ Թուրքիայից այս հայտարարությունն արել է Մեջլիսի պատգամավոր, այն էլ ընդդիմադիր կուսակցությունից... ընդամենը:
Անկեղծ ասած, չենք ցանկանում հավատալ, որ «մեզ հետ զրո խնդիր ունեցող» հարեւան Թուրքիայի ղեկավարությունն այդքան միամտություն կդրսեւորի` նույնը հայտարարելու կամ ավելինՙ այս հայտարարության տրամաբանությամբ գործողություններ ձեռնարկելու, քանի որ Թուրքիան չէ այն երկիրը, որը իրավունք ունի խոսելու այս մասին: Փաստացի օկուպացնելով այսօր ԵՄ-ում նախագահող Կիպրոսի Հանրապետության հյուսիսային հատվածը ու այն անվանելով «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն», որի բնակիչները, սակայն, իրենց ապագայի հետ կապված բոլորովին այլ պատկերացումներ ունեն Անկարայի համեմատությամբ, թուրքական ինքնաթիռները քաղաքացիական չվերթեր իրականացնում են դեպի Կիպրոսի օկուպացված մաս եւ հակառակը: Ընդ որումՙ միջազգային հանրությունն այս փաստին հանգիստ է վերաբերվում, քանի որ հասկանում է` «խաղաղ բնակիչներն ունեն իրավունք, այդ թվումՙ ինքնաթիռով տեղաշարժվելու»:
Բայց այս հայտարարության մեջ ամենեւին էլ սա չէ ուշագրավը, այլ այն, թե ի՞նչ մտավախություն ունի ադրբեջանական ու նաեւ թուրքական կողմը, եթե Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումից հետո թուրք-ադրբեջանական հանրապետություններից որեւէ մեկը կամ երկուսն էլ միասին որեւէ քայլ ձեռնարկեն: Բանն այն է, որ ինչպես գործընկերս` Ռաշադն էր ասում վրացի գործընկերոջս, Ադրբեջանի ու իր մաս կազմող Նախիջեւանի միջեւ ընկած են հայկական հողեր, Ռաշադի «թույլտվությամբ» Զանգեզուրին հավելենք նաեւ Արցախը: Հետեւաբար Ադրբեջանից Նախիջեւան օդային ճանապարհով հասնելու համար պետք է հատել եւ անցնել Արցախի ու ՀՀ օդային տարածքը, ինչն անելու հնարավորություն հայկական պետությունները Ադրբեջանին, բարի կամք դրսեւորելով, ի դեպ, տվել են, հետեւաբարար, կարող են եւ զրկել: Ի՞նչ ճանապարհ պետք է ընտրեն ադրբեջանական ինքնաթիռները Նախիջեւան հասնելու համար... Ի դեպ, Ռաշադի համար նշենք նաեւ, որ Նախիջեւանը եւս հայկական տարածք է, ճիշտ է, այնտեղ այլեւս հայկական խաչքարեր չկան...
Այժմՙ Ալիեւի ելույթի հետ կապված: Նախ նշենք, որ ադրբեջանցի լրագրող Ռաշադը բավական երիտասարդ է ու բուհն ավարտել է` ուսանելով Իլհամ Ալիեւի «գրած» պատմության դասագրքերը, հետեւաբար նրա վերոհիշյալ տրամաբանությունը եւս ալիեւյան դաստիարակության հետեւանքն է: Ինչեւէ, Թարթառում Իլհամ Հեյդարի Ալիեւը հանդես է եկել ելույթով, որից հատկապես ուշագրավ համարեցինք հետեւյալ մտքերը. «Ադրբեջանցի երիտասարդությունը կապված է իր հայրենիքի հետ եւ ապրում է հայրենիքի հանդեպ սեր տածելով: Շատ կարեւոր է, որ երիտասարդությունը հասունանա հայրենասիրական ոգով, ինչը փոխանցվում է մեզ սերնդեսերունդ»:
Այստեղ փոքր-ինչ կանգ առնենք: Ինչ վերաբերում է հայրենասիրությանը ու հայրենիքի հանդեպ տածած սիրուն, ոչ ոք դրան չի առարկում, սակայն այլ հարց է, որ որպես հայրենիքի հանդեպ տածած սիրո դրսեւորում` Ալիեւը ներկայացնում է մարդասպանների, դիվերսանտների... «Սերնդեսերունդ» փոխանցելու առումով, մեջբերենք նաեւ Ալիեւի հետեւյալ միտքը` կրկին Թարթառում. «Չնայած մենք երկար տարիներ, հարյուրամյակներ ապրել ենք այլ պետությունների կազմում եւ այլ կայսրությունների ենթակայության տակ, մենք պահպանել ենք մեր ազգային ինքնությունը առաջին հերթին ազգային արժեհամակարգի շնորհիվ»:
«Այլ պետություններն» ու «կայսրությունները», ինչպես նաեւ «հարյուրամյակները» դեռ ճշտման կարիք ունեն, անշուշտ, դա չէ այս պարագայում էականը, այլ այն, որ Իլհամ Ալիեւի ելույթից կարող ենք եզրակացնել, որ «ազգային արժեհամակարգը ու հայրենիքի հանդեպ տածած սերը ադրբեջանցի ժողովուրդը փոխանցում է սերնդեսերունդ` արդեն հարյուրամյակներ»: Այստեղ, սակայն, մեկ այլ մեջբերման կարիք կա` Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիեւից: Վերջինս հարցազրույց է տվել Vesti.az-ին, որում մասնավորաբար ասել է, թե երբ անկախության առաջին տարիներին Ադրբեջանը ռազմական շքերթ էր անում (հետաքրքրական է, ճակատում պատերազմում էր, թիկունքում` շքե՞րթ անում - Հ. Ա.), դրանցից մեկին ներկա էր նախագահ Էլչիբեյից բացի նաեւ Գյանջայում (Գանձա) տեղակայված ռուսական օդադեսանտային 104-րդ դիվիզիայի հրամանատար, գեներալ Շերբեկը (ի դեպ, ղարաբաղյան պատերազմի ընթացքում ի՞նչ էր անում Ադրբեջանում ռազմական շքերթի ժամանակ ռուսական զինված ուժերի գեներալը - Հ. Ա.): Գազիեւը հիշում է, որ շքերթի ժամանակ ռուս գեներալն իրեն ասաց. «Ես տեսածիս չեմ հավատում, Ռահիմ, մի՞թե սրանք այն նույն ահմեդներն ու մահմուդներն են, որոնք ծառայում էին սովետական զորքերի շինարարական գումարտակներում եւ «կապտյորկաներում»...»:
Հիմա ինչպե՞ս կարող էր շինարարական գումարտակում ծառայող Մահմուդը ազգային արժեհամակարգ փոխանցել այսօրվա «քաջարի ադրբեջանցի մարտիկներին»... Կարծում ենք, սա հրաշալի թեմա կլինի պատմական գիտությունների թեկնածու Իլհամ Ալիեւի համարՙ արդեն դոկտորական պաշտպանելու համար:
Իսկ իմ գործընկեր Ռաշադի հետ սեմինարի ավարտից հետո էլ չեմ շփվել, միայն մեկ անգամ ֆեյսբուքում ստեղծած մեր խմբում նա Youtube-ից քաշված նյութ տեղադրեց այն մասին, որ «Հայերը Հարավային Կովկասի բնիկներից չեն»: Այո, միեւնույն պետության երկու հատվածների միջեւ ընկած մեկ այլ պետության հողակտորն էլ, «տրամաբանորեն», պատկանում է առաջին պետությանը: Ու առհասարակ` ասա ո՞վ է ուսուցիչդ, ասեմ` ինչ կսովորես դու:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ