ԵԽԽՎ-ում Հայատանի պատվիրակության կազմից ԲՀԿ-ականներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Հովհաննիսյանը երեկ տարածած հայտարարության մեջ նշում են, որ ԵԽԽՎ շատ պատգամավորներ եւ ղեկավար անդամներ մտահոգված են Վարդան Օսկանյանի գործով: Նրանք հայտարարության մեջ վերստին խոսում են այն մասին, ինչ հայտնվել է լրատվամիջոցներով` բոլոր քաղաքական խմբերին եւ երկրների ազգային պատվիրակություններին փոխանցվել է փաթեթ, որտեղ իրազեկում կա Օսկանյանի գործի մանրամասներին. «Մենք ստացել ենք լրջագույն երաշխիքներ առ այն, որ այս գործը լինելու է ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում», ասված է հայտարարության մեջ: Եվրոպացի պատգամավորները ցանկություն են հայտնել իրազեկվել գործի հետագա ընթացքի վերաբերյալ եւ օպերատիվ արձագանքին անհրաժեշտության դեպքում խոստացել են արձագանքել: Երկու ԲՀԿ-ականները նաեւ հետաքրքրական առաջարկ են անում. քննարկելով ԵԽԽՎ պաշտոնյաների հետ` ամեն պահի իրենց տեղը Հայաստանի պատվիրակության կազմում զիջել Վ. Օսկանյանին, քանի որ ԵԽԽՎ պատգամավոր լինելը նրան կարող է օժտել լրացուցիչ որոշ անձեռնմխելիությամբ:
Երեկ ասուլիս տված ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը , անդրադառնալով վերջին առաջարկին, նշեց, թե Վ. Օսկանյանը դժվար թե իր գործընկերներից այս օգնությունն ընդունի, եւ` քաղաքական ամեն ուժ ինքն է որոշում, թե ո՞վ ներկայացնի այդ ուժին ԵԽԽՎ-ում: Չնայած` դա լավագույն ուղին չհամարեց, իսկ Օսկանյանի գործին իրավական գնահատական դեռ չտվեց:
Վերադառնալով վերջին օրերի մշտատաք թեմա Օսկանյանին, նշենք, որ վերջինս իր ֆեյսբուքի էջում արտահայտած կարծիքում արդեն իրեն պահել է որպես նախագահի թեկնածու, նշելով, որ Հայաստանում «քաղաքական» բանավեճը միշտ եղել է ոչ թե քաղաքական բովանդակության, այլ անձերի շուրջը, ու քանի որ նախագահական ընտրությունները սարերի հետեւում չեն` այսօրվանից պետք է սկսել քննարկել եւ բանավիճել մեր երկրի ու ժողովրդի համար ամենաճակատագրական խնդիրների շուրջը: Ըստ նրա` պետք է այլընտրանքներ որոնել բոլոր ուղղություններով` նպատակ դնելով ամենակարճ ժամկետում փոփոխություն բերել Հայաստանի քաղաքացու կյանքում 5 ուղղությամբ հատկապես. բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխության, քաղաքական դաշտի առողջացման (խորհրդարանական համակարգի անցման խոսակցություն` զուգահեռ քաղաքական հակակշիռների ստեղծմամբ), տնտեսական քաղաքականության մեջ նոր մոտեցումների որդեգրում, մենաշնորհի վերացում, ազատ մրցակցություն, սեփականության անձեռնմխելիւթյան երաշխիք` խոշոր բիզնեսի հարկային շրջանցումները հարկային դաշտ բերելով եւ թեթեւացնելով փոքր եւ միջին բիզնեսի բեռը: Իսկ արտաքին քաղաքականության մեջ Օսկանյանը վերբեռնավորման անհրաժեշտություն է տեսնում` մի երկու թեզիսային կարգախոս հագցնելով այս վերաբեռնավորման (՞) իր գաղափարին: Եվ ամենահետաքրքրականը` Օսկանյանն առաջարկում է ճշտել, թե որ ինտեգրացիոն ուղղությամբ է ընթանում Հայաստանը` նշելով, որ նախագահի ընտրությունը Հայաստանի ապագայի ընտրություն է:
Բա չեն ասում տարբեր կառույցները` եվրոինտեգրման խորհրդարանական հանձնաժողով էլ ունենք: Իսկ Օսկանյանի եւ ողջ ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել էր ՌԴ նախագահի ծննդյան 60-ամյակը, ապա եւ` Իվանիշվիլուն, հը՞:
Դե, հասկանալի է, մեկ օր առաջ Օսկանյանը նշել էր, թե ԲՀԿ-ն միանշանակորեն պետք է նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցի, եւ դա պետք է լինի Գագիկ Ծառուկյանը, բայց եթե Ծառուկյանը հրաժարվի` ինքն է պատրաստ պատասխանատվությունը վերցնել: Հա, բայց Ծառուկյանը կարծես դեռ չի հրաժարվել, եւ այդ մասին էլ ԲՀԿ-ն էլ որոշում դեռ չի ընդունել, ուրեմն Օսկանյանը իրադարձություններից կա՛մ շատ առաջ է, կա՛մ իրեն հիմա շատ պետք է նախագահի թեկնածու լինելը, նրան հասկանալ կարելի է:
Մ. Խ.