Երեկ հոգեկան առողջության համաշխարհային օրն էր: Առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ ամբողջ աշխարհում հոգեկան խանգարումներ ունեցողների թիվը կազմում է շուրջ 450 միլիոն, իսկ դեպրեսիա ունեն 350 միլիոն մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուսումնասիրության համաձայն` 2020 թվականին հաշմանդամություն առաջացնող հիվանդությունների ցանկում դեպրեսիան լինելու է երկրորդ տեղում: Նույն կազամակերպության 2008 թվականի տվյալներով` 2030-ին դեպրեսիան կլինի առողջական ամենատարածված խանգարումը: 17 երկրներում հոգեկան առողջության վերաբերյալ կատարված հարցումները ցույց են տվել, որ 20 մարդուց մեկի կյանքում մի տարվա ընթացքում լինում է դեպրեսիվ իրավիճակ: Հետեւաբար պատահական չէ, որ Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնությունը այս տարվա համար կարգախոս է ընտրել «դեպրեսիա` գլոբալ ճգնաժամ» արտահայտությունը:
Դեպրեսիան հոգեկան խանգարում է, որն արտահայտվում է ընկճված տրամադրությամբ, հետաքրքրությունների կամ հաճույքի զգացողության կորստով, եռանդի նվազմամբ, ցածր ինքնագնահատականով, քնի խանգարումներով եւ այլ ախտանշաններով: Ոչ միայն դեպրեսիան, այլեւ ընդհանրապես հոգեկան խանգարումները կարող են արտահայտվել անկախ մարդու տարիքից, սեռից, սոցիալ-տնտեսական պայմաններից: Հետեւաբար կարեւոր է, որ մարդիկ հնարավորինս լավ իրազեկ լինեն հոգեկան խնդիրների ու հիվանդությունների մասին: Հենց այդ նպատակով էլ Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության նախաձեռնությամբ 1992 թվականից հոկտեմբերի 10 նշվում է որպես հոգեկան առողջության համաշխարհային օր, որը նաեւ նպատակ ունի հասարակության ուշադրությունը հրավիրելու հոգեկան առողջության խնդիրների վրա:
Ի. Պ.