«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2012-10-09 | #177, 2012-10-10 | #178, 2012-10-11


40 ՕՐ ԱՆՑ

Քառասուն օր առաջ փալթաջի Սաֆարովը արտահանձնվեց Հունգարիայից Ադրբեջան, որտեղ Իլհամ Ալիեւը անմիջապես ներում շնորհեց հունգարական դատարանի կողմից ցմահ դատապարտված, հետեւաբար «ոչ սովորական» մարդասպանին:

Իրադարձությունը բուռն արաձագանք ստացավ Հայաստանում, զգացողությունն այնպիսին էր, կարծես թե Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը կրկնվեց, հենց նոր եղավ...

Այս քառասուն օրվա ընթացքում Եվրոպայի խորհրդում քննարկվեց հարցն ու Խորհուրդը հայտարարություն ընդունեց, որով դատապարտեց մարդասպանին շնորհված ներումը: Ավելի ուշ Իլհամ Ալիեւը պետք է ընդգծի, որ սա «Եվրոպայի խորհրդի երկրորդ հակաադրբեջանական բանաձեւն է», ու ցինիկաբար պիտի հավելի. «Եթե հայը սպաներ ադրբեջանցուն, ապա այսպիսի աղմուկ չէր լինի»: Այնուհետեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը , ժամանելով Երեւան եւ Բաքու, շեշտեց, որ անթույլատրելի է մարդասպանի հերոսացումը: Հիշեցնենք, որ Գուրգեն Մարգարյանը սպանվեց հենց ՆԱՏՕ-ի կազմակերպած սեմինարի ընթացքում, հետեւաբար ՆԱՏՕ-ն չկարողացավ լիարժեք հոգալ իր իսկ կազմակերպած սեմինարի մասնակիցների անվտանգությունը: Ճիշտ է, ֆոգ Ռասմուսենն այս մասին գերադասեց լռել: ԱՄՆ նախագահն անձամբ, ինչպես նաեւ պետքարտուղարությունը անմիջապես դատապարտեցին մարդասպանին ներման արժանացնելու Ալիեւի որոշումը, իսկ նախագահ Օբաման առհասարակ հարցի առնչությամբ պարզաբանումներ պահանջեց նաեւ Հունգարիայից: Բուդապեշտը «պարզաբանեց»` վարչապետ Վիկտոր Օրբանի մակարդակով: Եվրոպայում հայտնի «վիկտատորը», որի իշխանության օրոք հունգարական թերթերը, որպես ազատ խոսքի հանդեպ պետական ոտնձգության դեմ բողոք, լույս տեսան մաքուր էջերով, իր ներկայացրած «պարզաբանման» մեջ նշեց, թե «Բուդապեշտը գործել է համաձայն 1983-ի Ստրասբուրգյան կոնվենցիայի` դատապարտված անձանց արտահանձնման վերաբերյալ»: Օրբանն ակնարկեց, այնուհետեւ հունգարական արդարադատության նախարարությունն ու այլ պաշտոնյաներ հստակեցրին, թե «մենք գործել ենք բացառապես կոնվենցիայի համաձայն, այդ Ադրբեջանն է, որ խախտել է մեր պայմանավորվածությունները»: Այս մասին նույն ձեւակերպումներով նշեցին ԵԽԽՎ-ում օրերս ավարտված նստաշրջանի մասնակից հունգարական պատվիրակության անդամները, իսկ Եվրոպայի խորհրդի նախագահ Յագլանդը տարակուսանք հայտնեց, թե ինչպե՞ս կարելի է մարդասպանին հերոսացնել. այսպես պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է ինքը վերաբերվում Սաֆարովի հերոսացմանը, ասել էր. «Ի՞նչ, հերո՞ս... դա պարզապես անթույլատրելի է...»:

Մարդասպանին ներում շնորհելու Ալիեւի քայլը խիստ դատապարտվեց նաեւ ՀԱՊԿ-ից, այս կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան թերեւս ամենակոպիտ քննադատությամբ հանդես եկավ գործընթացի առնչությամբ:

Սփյուռքի տարբեր գաղթօջախներում հայերը բողոքի ցույցեր, պիկետներ կազմակերպեցին, որոնց մասնակցում էին նաեւ տվյալ երկրների առանձին գործիչներ, մտավորականներ... Հունգար պատմաբանը, Հայաստանում հայերից ներողություն խնդրեց իր երկրի կատարած քայլի համար, հետեւաբար ընդունելով գործընթացում Բուդապեշտի մեղավորության չափը:

Ժամանակակից աշխարհում, որտեղ միայն ասում են, թե հաղթել են ֆաշիզմին, Ալիեւի քայլի վերաբերյալ կամ լռեցին, կամ մեղադրեցին... Եվ միայն Ալիեւն ինքը հայտարարեց, թե իրեն չի մտահոգում ադրբեջանական բանակի սպա Սաֆարովին հայրենիք վերադարձնելու, այնուհետեւ ներման արժանացնելու իր որոշման շուրջը աղմուկն ու «հայերի քննադատությունը»... Անշուշտ, այս գործընթացը դեռ իր մասին բազմիցս հիշեցնելու է, քանի որ «հային սպանելու համար հերոսական ընդունելության արժանանալով»` բալթաջի Սաֆարովը նոր էջ բացեց ԼՂ հակամարտության խաղաղ բանակցությունների տարեգրքում, թվում է, թե բեկումնային էջ...

Երեկ, երբ արտահանձնումից անցել էր ուղիղ 40 օր, մարդասպան Սաֆարովն ամուսնացավ: Ադրբեջանական Vesti.azը տեղեկացնում է, որ մարդասպանի ընտրյալը` Շեբնեմ Գյուլմամեդովան է եւ որ «հարսանեկան արարողության ժամանակ դեռ վաղ առավոտվանից ձեռնարկվել են պետական անվտանգության խիստ ուժեղ միջոցառումներ» (հավանաբար վախեցել են Բաքվում ապրող շուրջ 30 հազար հայերի՞ց, կամ գուցե Բաքվի 30 հազար հայե՞րն են վախեցել Սաֆարովի հարսանիքին մասնակցելուց - Հ. Ա.): «Արարողությունը բացել է մուղամի վարպետ Արիֆ Բաբաեւը, հանդես են եկել երգիչներ Վասիֆ Մահերամլին, Սեւդա Յաղեւաեւան, Մանաֆ Աղաեւը...», իհարկե մարդասպանի հարսանեկան արարողության ժամանակ չեն մոռացվել ռազմական երգեր կատարելՙ այդ պատվին արժանացել է Շեմիստան Ալիզամանլին...

Այս բոլորը Ադրբեջանում հայտնի արտիստներ են, ադրբեջանցի մտավորականներ, նրանք հասարակ ադրբեջանցու հարսանիքին չեն երգում, հետեւաբար փալթաջի Սաֆարովը ազգային արժեք է... Կամ ազգին պարտադրված արժեք. ուզում ենք հավատալ, որ ճիշտ տարբերակը երկրորդն է... Ու ուզում ենք հավատալ, որ Սաֆարովի որդին այլ Ադրբեջանում կապրի:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4