Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած «Հարսնաքար»-ի գործով հերթական դատական նիստն ուղեկցվեց ընդմիջումներով: Նախ, գործով մեղադրյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինա Թովմասյանն էր ուշացել, այնուհետեւ ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը դատարանից ժամանակ խնդրեց գործի երկրորդ մասին ծանթանալու համար: Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը հայտարարեց 20, այնուհետեւ 5 րոպե ընդմիջում:
«Դատարանն անաչառ դատաքննություն չի իրականացնում, մենք նրան չենք վստահում եւ այդ պատճառով դատավոր Դավիթ Հարությունյանին բացարկ հայտնելու մասին միջնորդություն ենք ներկայացնում», ընդմիջումից հետո հայտարարեց Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը : Խորհրդակցական սենյակում որոշակի ժամանակ անցկացնելուց հետո դատավորը մերժեց պաշտպանի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ «Հարսնաքար»-ի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին ու Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ռազմական բժիշկներ Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին ծեծելու համար: Համաձայն մեղադրական եզրակացության, ծեծի հետեւանքով Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշորեն առաջացրել է մահ: Գործով անցնող տուժողներից երկուսինՙ Արտակ Բայադյանին եւ Գարիկ Սողոմանյանին, պատճառվել է միջին ծանրության վնասՙ առողջության տեւական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:
«Հարսնաքար»-ի գործը բաղկացած է 3 հատորից, նրանցից յուրաքանչյուրը կազմում է 400 էջ:
Հ. Հ.