Երեկվա օրըՙ Թեքեյան մշակութային միության, մրցանակաբաշխությանը նվիրվեցՙ այս անգամ «Հայկաշեն Ուզունյան» 2010-2012 գեղարվեստական-գիտական գրականության մրցանակին, որի հիմնադիրը Սփյուռքում եւ Հայաստանում հայտնի ազգային-հասարակական գործիչ Հայկաշեն Ուզունյանն է, որի կամքով 1966 թվականից այս մրցանակը շնորհվում է հայ գիր ու գրականության լավագույն մշակներին. վերջին 10 տարիներին այդ ընտրությունը եւ հանձնման արարողությունը տեղի է ունենում Հայաստանում: Եվ կարեւորը, որ նրաՙ կյանքից հեռանալուց հետո դուստրերը շարունակեցին հոր ազգանպաստ գործըՙ հավատարիմ այն սկզբունքներին ու գաղափարներին, որոնցով ապրում եւ առաջնորդվում էր ՀԲԸՄիության, Ռամկավար ազատական կուսակցության, Թեքեյան մշակութային միության հեղինակավոր ղեկավար այրերից մեկը: Այսպիսի ուղղվածությամբ էր մրցանակաշնորհման արարողությանՙ ԹՄՄ նախագահ Ռուբեն Միրզախանյանի բացման խոսքը, երախտիքՙ մրցանակի հիմնադրին առ նրա հավատարմությանը ազգային գաղափարներին եւ հարգանք` հիշատակին:
Տերունական աղոթքից եւ օրհնության խոսքից հետո Ռ. Միրզախանյանը հայտարարեց այս տարվա երեք մրցանակակիրների անուններըՙ պատմ. գիտ. դոկտոր Լավրենտի Բարսեղյանը ՙ «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայումՙ 1915-1918 թթ. օտարերկրյա պետությունների վկայություններ» հատորի, պատմական գիտությունների թեկնածու Քնարիկ Պետրոսյանը ՙ «Հայաստան-Սփյուռք հարաբերությունները 1988-2010 թթ.» ուսումնասիրության եւ Բեյրութից Պեպո Սիմոնյանը ՙ «Ակնթարթներ մարդու եւ կեանքի առօրեայէն» գրքի համար, համապատասխանաբար այդ անձինք եւ նրանց մրցանակակիր աշխատանքները ներկայացրին պատմական գիտ. դոկտոր, պրոֆ Մհեր Կարապետյանը , ԵՊՀ դոցենտ Էդիկ Զոհրաբյանը եւ բան. գիտ. դոկտոր. «Սփիւռք-գիտակրթական կենտրոնի» տնօրեն Սուրեն Դանիելյանը :
Լ. Բարսեղյանը ներկայացրեց իր «փոքր»ՙ ընդամենը 650 էջից բաղկացած աշխատությունը, փոքր, որովհետեւ նյութիՙ ընդլայնվելու հեռանկարը բավականին մեծ է: Իսկ նյութը առավել քան հետաքրքրական եւ անհրաժեշտ է. դա 7 տարբեր երկրների արխիվներում պահվող 1915-ին վերաբերող դիվանագիտական փաստաթղթերի լավագույն վկայությունների ծաղկաքաղն էՙ մի քանի օտար լեզուներով նախապես լույս տեսած: Հեղինակը առավել ուշադրություն է դարձրել գերմանական, ավստրո-հունգարական, ամերիկյան զեկուցագրերին, փաստաթղթերինՙ նկատի առնելով հատկապես թուրքական կողմի այն պնդումները, թեՙ պետք չէ հավատ ընծայել պատերազմին (Առաջին համաշխարհային) մասնակից դաշնակից երկրների (Ռուսաստան, Բրիտանիա, Ֆրանսիա եւ այլն) արխիվներին:
Գրքի կարեւորությանն անդրադառնալովՙ Մհեր Կարապետյանն ասաց, թե առանց նման փաստաթղթերի ուշադիր զննության, ամենօրյա մանրակրկիտ աշխատանքի, հնարավոր չէ քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության բնագավառում լուրջ ուսումնասիրության: Բանախոսը լավագույնս բնութագրեց Լավրենտի Բարսեղյանինՙ իբրեւ բազմաշնորհ, բազմաչարչար, եռանդուն գիտական աշխատողի, որին չաշխատելիս պարզապես հնարավոր չէ տեսնել: Գնահատվեց նրա ծանրակշիռ ավանդը մեզ համար մեծ կարեւորության ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրման, մասնագիտական աշխատակազմի ձեւավորման, ցեղասպանագիտության համակարգված ուսումնասիրության սկզբնավորման, այս ոլորտում գիտնականներ պատրաստելու, ներկայում թանգարանագիտության եւ այլ ուղղությամբ:
Հաջորդ մրցանակակրինՙ Քնարիկ Պետրոսյանին եւ նրա աշխատությունը ներկայացնող Էդիկ Զոհրաբյանը ուշադրություն դարձրեց գրքի մի շարք արժանիքներինՙ հատկապես Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամբողջական, բազմաբովանդակ, համակողմանի ներկայացմանը եւ ժամանակագրային առանձնահատկությանը, նկատելով, որ հին պատմության շարադրանքըՙ հիմնված արխիվային նյութի վրա, շատ ավելի տարբեր է ժամանակակից պատմության թեմատիկ մշակումից, որովհետեւ վերջինիս պարագայում գործող նուրբ հանգամանքները ավելի զգուշավորություն եւ անաչառություն են պահանջում, ինչը եւ հաջողվել է սույն գրքի հեղինակին: Իսկ ուսումնասիրողի եզրակացությունըՙ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների առումով, որքան աներկբա, նույնքան դասական ձեւակերպում կարելի է համարել. Հայաստանի անվտանգ զարգացումն է միայն, որ կարող է պահպանել Սփյուռքը ձուլման վտանգից:
Հաջորդ մրցանակակիրըՙ Պեպո Սիմոնյանը հիվանդ էր եւ ներկա չէր արարողությանը: Նրա գրական վաստակն ըստ արժանվույն ներկայացրեց Սուրեն Դանիելյանը: «Ակնթարթներ մարդու եւ կյանքի առօրեայէն» հեղինակային խորագիրը ավելի քան ընդգրկուն է. մեր ապրած կյանքն է սա, երկար ու ձիգ ճանապարհըՙ երբեմն այսպես, ակնթարթ թվացող:
Ս. Դանիելյանի անդրադարձըՙ բավական ամբողջական ներկայացրեց բանաստեղծինՙ գրական առաջին քայլերից, անդրանիկ ժողովածուից սկսածՙ նրա բանաստեղծական-գրողական ըմբռնումներն ու դավանանքը, որին բնորոշ է քնարական-հուզական-թեքեյանական շունչը, նախ եւ առաջ: Սակայն ինչ է բանաստեղծը սփյուռքում. նա ե՛ւ հրապարակագիր է, ե՛ւ խոհագիր, ե՛ւ ուսուցիչ, այդպես եւՙ Պեպո Սիմոնյանի պարագայում: Այս նոր ժողովածուն, ըստ բանախոսի, յուրատեսակ պատուհան էՙ բացված աշխարհինՙ սեփական կենսափորձով վավերական, բանաստեղծական իր ընկալումները խորապես ենթակայական են, միաժամանակՙ հոգեւոր վերապրումներ. այդպիսին է Բեյրութին նվիրված շարքը, ուր բնակավայրը զուտ միջավայր չէ, այլ հոգու միջավայրն է:
Հետաքրքրական էր Ռոմեն Կոզմոյանի հուշըՙ Պեպո Սիմոնյանի թունդ կուսակցականությունը (հնչակյան) բնորոշող:
Ավարտին Թալին Ավագյանըՙ Հայկաշեն Ուզունյանի ավագ դուստրըՙ շնորհավորելով հանձնախմբին եւ մրցանակակիրներին, մտահոգված էր սփյուռքից ստացված սակավաթիվ գրքերով: «Գրողները պակսեր են եւ մեր դպրոցները կփակվին սփիւռքի մեջ, կարդացող պիտի չըլլա: Միայն Հայաստանո՞վ պիտի բավարարվինք» հարցը հրապարակային հնչեց:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Նկար 1. Լավրենտի Բարսեղյանը ելույթի պահին:
Նկար 2. Թալին Ավագյանը մրցանակներ է հանձնում Քնարիկ Պետրոսյանին (ձախից):