«ԱՄՆ դեսպանը հո չի՞ ասումՙ մեղադրանքն անհիմն է»
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Իրադարձությունները ոչ միայն տարածաշրջանում են լույսի արագությամբ զարգանում, այլեւ, կարելի է ասել, հայոց քաղաքական դաշտում` ինչ-որ բան թաքուն սողում-սողոսկում, հայտնվում եւ անհայտանում է, ինչպես չճանաչված երեւույթ, իսկ վերլուծաբաններն ու քաղաքական շրջանակները կարծես չեն հասցնում բռնել եւ ճանաչել այդ ինչ-որ բանը: Թե ինչու Հայաստանում ԱՄՆ դեսպան Հեֆերնի կրկնական հայտարարությունը, որ մեկ օր առաջ տարածվեց, այս անգամ ջղագրգիռ ընդունվեց իշխող ուժի կողմից, իսկ ավելի վաղ նույն տեքստը ու նույն ոճը պահպանած համանման հայտարարությանը որեւէ վերաբերմունքի չէր արժանացել` մտածելու բան է: Բայց նախորդ օրը Հեֆերնի կրկնած հայտարարությունը Օսկանյանի գործի վերաբերյալ, թե «այս գործը կարծես ներկայանում է որպես Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում», եւ որ դա անհանգստացնող է, «քանի որ ընտրություններից առաջ է տեղի ունենում», այն ժամանակ չէր անհանգստացրել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին , հիմա անհանգստացրել է, ու նա հորդորել է ԱՄՆ դեսպանին` ձեռնպահ մնալ Հայաստանի իրավական խնդիրները քաղաքականացնելուց: «Մանավանդ` որեւէ իրավական գործընթաց ընտրությունների հետ կապելը իրականությունից հեռու եւ անթույլատրելի է», համարել ԱԺ փոխնախագահն ու ՀՀԿ մամուլի խոսնակը, ու դեռ ավելի առաջ է գնացել` ընդհանրապես դեսպաններին խորհուրդ տալով իրավական խնդիրները քաղաքականացնելուց եւ դրանք ընտրությունների հետ կապելուց հեռու մնալ: Ու ըստ նրա` Հայաստանի իշխանությունը պայքարում է ոչ թե անձերի, այլ երեւույթների դեմ, խնդիրը քաղաքականացնել կամ անձնավորել պետք չէ:
Իհարկե, լավ է, որ երկրիդ խորհրդարանի փոխնախագահը խորհուրդ է տալիս այլ երկրի դեսպանին` չխառնվել երկրի ներքին գործերին, սակայն չենք հիշում, որ դա այս կարգի այլ առիթով կամ ավելի վաղ արված հայտարարության առիթով արված լիներ: Միգուցե այս վերջին մի քանի օրը ինչ-որ բան է փոխվել, որոնք առաջացնում են ՀՀԿ-ական փոխխոսնակի անհանգստությունը: Հարցն այն է, թե ի՞նչ: Զանազան կրիտիկական պահերի միանգամից ի հայտ եկող Աշոտ Մանուչարյանը (որ անցել է ԱԱԾ բովով) երեկ զուգահեռ հասկացնում էր, թե ԱՄՆ-ը երբեք չի լուծում որեւէ անձի քրեական հետապնդման-չհետապնդման հարցը, ու Հեֆերնի հայտարարությունը տեղադրեց իր վերլուծության այն համատեքստում, թե Հայաստանին տիրանալու լծակներից մեկի` նախագահի պաշտոնի համար է պայքար գնում աշխրհաքաղաքական ուժերի միջեւ, հատկապես` Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի: Ու թափանցիկ ակնարկ էր արել, թե Օսկանյանի նախագահի թեկնածու լինել-չլինելու հավանականության հարցը պետք է ուղղել այդ երկու երկրների դեսպաններին:
Ընդ որում` որոշ շրջանակներից էլ դեռ երեկ մեկնաբանում էին, թե «ԱՄՆ դեսպանը հո չի՞ ասում` մեղադրանքն անհիմն է», ասում է` «ընտրողական վերաբերմունք է», այսինքն նման հանցագործություններ շատ են կատարվում, բայց ա՛յս մեկն է քննվում.«Դժվար է ասել` քանիսն է քննվում, քանիսը` ոչ, դրա մասին կարող են խոսել իրավապահները, բայց ըստ էության ընդունել, որ հանցակազմ կա ու դրան հետամուտ լինելը սխալ է, որովհետեւ ուրիշներն էլ են անում, մեղմ ասած` տրամաբանական չէ», նշել է մեր աղբյուրը:
Անձամբ ինձ այլ բան է անհանգստացնում` ինչո՞ւ մերոնք տարիներ շարունակ հանդուրժել են մորմոնական փողերի շարժը Հայաստանում, բարեգործության համար շնորհակալ եղել, հիմա հանկարծ Օսկանյանի առումով հիշելով այդ փողերի ծագումը: Հիմա էլ, այն ժամանակ էլ հետին միտքը պետք էր որոնել, սակայն անցյալում այդպես չվարվելը ներկայում քաղաքական ենթատեքստի կասկած է առաջացնում:
Շարունակենք փնտրել այս սողացող գործընթացի ակունքը. միգուցե մո՞տ է այն որոշումը, որին վաղուց սպասում են քաղաքական շրջանակները, այն է` ԲՀԿ-ն վերջապես կողմնորոշվել է` ումով ի՞նչ է անում, թեկնածու ունի մի խոսքով` նախագահի, սեփական: Հը՞: Էս կողմ է գնում, թե էն կողմ` չի հայտարարվել, բայց ներքին կարգով գուցե արդեն պարզ է: Ու հարցն այն է, թե այդ որոշումը Հեֆերնի հայտարարությունից հետո, թե նրա ու Ծառուկյանի հանդիպումից հետո, թե առաջ է եղել, այլապես ինչու պիտի անհանգստանան մեծամասնություն- ուժի ներկայացուցիչները, արդյոք ինչ որ բանի դեմն են առնում:
Մանավանդ` արտահոսք էր եղել, որ դրա նախորդ օրը հանդիպել էին Ծառուկյանն ու Օսկանյանը, ու Օսկանյանը մի լավ բողոքել էր ԲՀԿ-ի պահվածքից իր հանդեպ, չնայած` գուցե սա մի հերթական «բադիկ» է` այդպիսի հանդիպում հրահրող: Ու այդ դեպքում ո՞ւր է մնացել Քոչարյանը, արդյո՞ք վարագույրի հետեւում: Տեսնես Ծառուկյանն էլ բարկանալո՞ւ է Օսկանյանի դեմ, թե` ի՞նչ ես առաջ ընկնում ... Միգուցե սպասվածից տրամագծորեն հակառակ գործընթացներ են սկիզբ առնում եւ ճանապարհ ընկնում դեպի նախագահական ընտրություններ, միգուցե խաղը դուրս է գալիս այն սկսողի վերահսկողությունից եւ վտանգավոր նրբերանգներ է ձեռքբերում:
Իսկ միգուցե տարբեր միջամտությունները բեկո՞ւմ են մտցնում Օսկանյանի գործում` վատ վիճակի մեջ դնելով դրա հեղինակներին: Տեսեք` տարբեր ու այլազան մտահոգություններին, հայտնված Օսկանյանի գործի հետ կապված, երեկ գումարվել էր ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ակսել Ֆիշերինը, որը «վիճահարույց» էր համարել Օսկանյանին առաջադրված քրեական մեղադրանքը եւ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը: Դե Հայաստանը հզոր Ռուսաստանը չէ, որ ընդհանրապես արհամարհի հայտնի կառույցների հայտնի ներկայացուցիչների մտահոգությունները, մեկ անգամ կշրջանցենք, մեկ անգամ բանի տեղ չենք դնի, բայց բոլորը միասին բանի տեղ չդնել չի լինի: Այնպես որ` ամեն ինչ կարող է պատահել:
Մի ուրիշ սողացող գործընթաց էլ, էլի ստվերային դերակատարներով, վերջին շրջանում «Ժառանգության» ու «Ազատ դեմոկրատների» հետ է կատարվում, որոնց միջեւ սեւ կատու էր անցել` մանդատները վայր դնել-չդնելու հետ կապված: Ու երեկ հայտնի դարձավ, որ մեկ օր առաջ այս երկու կուսակցությունների ղեկավարները` Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը, հանդիպել են եւ ստեղծված վիճակը քննարկել: Չնայած հանդիպման արդյունքները չեն բարձրաձայնվում, բայց դրանք կքննարկվեն «Ժառանգության» վարչության եւ խմբակցության նիստում, հոկտեմբերի 21-ին: Հայտնի է միայն, որ Քոքոբելյանը մանդատը վայր չի դնելու, ինչպես որ, ըստ «Ժառանգության» պնդումների, նախապես պայմանավորված են եղել Հովհաննիսյանն ու Քոքոբելյանը: Բայց ժառանագականները նաեւ ասում են, թե դա կարող է թյուրըմբռնման արդյունքում լինել: Համենայն դեպս` երեկ «ժառանգության» գրասենյակից վստահեցնում էին, որ այս երկու կուսակցությունների միջեւ հակասություն չկա, որ միասին են գնալու նախագահական ընտրությունների, եւ եթե Ր. Հովհաննիսյանը որոշի առաջադրվել` միասին էլ պաշտպանելու են նրա թեկնածությունը: Է, ցանկություններն ու իրականությունը երբեմն այլ են լինում` դիտարկելով խորհրդարանական խմբակցության աշխատանքը, բոլորովին այլ եզրակացության ես հանգում: Կապրենք, կտեսնենք: