ԱԳՆ. «Կալանված օդանավում ռուսական զենք չի եղել»
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը երեկ հայտարարել է, որ Մոսկվան Անկարայից բացատրություններ կպահանջի հոկտեմբերի 10-ի երեկոյան Մոսկվա-Դամասկոս չվերթի սիրիական A-320 օդանավի կալանման եւ օդանավի ռուսաստանցի ուղեւորների իրավունքների խախտման կապակցությամբ:
Գերատեսչության կայքէջում հրապարակվել է Լուկաշեւիչի մեկնաբանությունը, որտեղ նշվում է, որ Անկարայում սիրիական օդանավի կալանման ժամանակամիջոցում, ի խախտումն ռուս-թուրքական Հյուպատոսական պայմանագրի, ռուսաստանցի ուղեւորներին չեն թույլատրել հանդիպում ունենալ ՌԴ հյուպատոսի հետ, ինչպես նաեւ դուրս գալ օդանավակայանի տարածք:
Լուկաշեւիչը նաեւ մտահոգություն է արտահայտել, որ սիրիական օդանավի հարկադիր վայրէջքը վտանգել է ուղեւորների կյանքը եւ ապահովությունը:
Թուրքիայում ՌԴ հյուպատոսությունը երեկ հայտարարել է, որ սիրիական օդանավից թուրքական իշխանությունների առգրաված բեռները ռուսական ծագում չունեն:
Թուրք սահմանապահներն օդանավում հայտնաբերել էին ռադիոընդունիչներ, հեռահաղորդակցության սարքավորումներ եւ ռադիոալիքների ակտիվ խլացման կայաններ: Տեղական մամուլը հաղորդում է, որ այդ բեռների առգրավումից հետո օդաչուներին թույլատրել են շարունակել թռիչքը դեպի Դամասկոս: Օդանավը ընդհանուր առմամբ 9 ժամ մնացել է Անկարայի օդանավակայանում հենց ինքնաթիռում:
Անկարայում կալանված սիրիական օդանավում «ռուսական որեւէ զենք չի եղել»: Այդ մասին Ինտերֆաքս գործակալությանը տված հարցազրույցում ասել է սպառազինությունների արտահանմամբ զբաղվող ՌԴ կառույցի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը:
Նրա խոսքերով, եթե Ռուսաստանն ուզենար զենք առաքել Սիրիա, ապա «դա կաներ սահմանված ձեւով, եւ ոչ թե անօրինական ճանապարհով, առավել եւսՙ քաղաքացիական օդանավով»: Պաշտոնյան հիշեցրել է, որ Դամասկոս-Մոսկվա ռազմատեխնիկական համագործակցությունը չի կասեցվել:
Syrian Air ավիաընկերության A-320 աերոբուսը հոկտեմբերի 10-ի երեկոյան թուրքական կործանիչների ուղեկցությամբ հարկադիր վայրէջք էր կատարել Անկարայի օդանավակայանում: Թուրքական իշխանությունները տեղեկություններ էին ստացել, թե իբր օդանավում կան բեռներ, որոնք «չեն համապատասխանում քաղաքացիական ավիացիայի պահանջներին»: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: «Հյուրիեթ» թերթը պնդում է, թե հայտնաբերված հաղորդակցության սարքավորումները կարող են օգտագործվել ռազմական նպատակներով:
Տարբեր տեղեկությունների համաձայն, օդանավում եղել է 25-35 ուղեւոր, այդ թվում 17 ռուսաստանցի:
Պ. Ք.