ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Դեռեւս անցյալ տարի Կազանում նախագահ Մեդվեդեւի նախաձեռնությամբ կայացած նախագահներ Սարգսյանի, Մեդվեդեւի եւ Ալիեւի բավական «խոստումնալից» հանդիպումից հետո, որի ավարտին փաստորեն ԼՂ հիմնահարցի շուտափույթ կարգավորմամբ շահագրգռվածները հուսախաբ եղան, նկատվեց, որ Մոսկվան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եւ հակամարտ կողմերի միջեւ պարբերական հանդիպումներ կազմակերպող հիմնական միջնորդ, որոշակի հիասթափություն ապրեց: Ավելին, ռուսական մամուլում հայտնվեցին հրապարակումներ «նախագահ Մեդվեդեւի անձնական հիասթափության մասին», եւ որ ՌԴ նախագահը հետայսու նման եռակողմ հանդիպումներ կնախաձեռնի միայն այն պարագայում, երբ կողմերը երաշխավորեն դրանց արդյունավետ ելքը:
Այդ ժամանակ նշեցինք, որ Մոսկվայի այս հիասթափության համապատկերում չի բացառվում, որ Մինսկի խմբի համանախագահներից մեկը շուտով վերցնի «հիմնական միջնորդի» ոչ պաշտոնական կոչումը: ԼՂ հակամարտության բանակցային ողջ պատմության ընթացքում հենց այդպես էլ եղել է: Օրինակ, ժամանակ կար, երբ այս առումով բավական ակտիվություն էր ցուցաբերում ԱՄՆ-ը, այդ ընթացքում տեղի ունեցավ, օրինակ, Քի Վեսթի հայտնի հանդիպումը, եւ կամ Փարիզը, երբ նախագահ Շիրակի միջնորդությամբ Ելիսեյան պալատում հանդիպեցին նախագահներ Քոչարյանն ու Ալիեւը:
Հիմա մանավանդ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրարշավ է, իսկ նախագահ Պուտինին, տպավորություն կա, որ անձնապես այդքան էլ չի հետաքրքրում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը, հերթը կարծես թե Ֆրանսիայինն է: Թերեւս նաեւ այս հանգամանքը հաշվի առնելովՙ վերջերս Փարիզում էր Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան` մասնակցելու Լուվրում, որտեղ Մեհրիբան խանումն, ի դեպ, բավական ներդրումներ ունի, մահմեդական մշակույթի կենտրոնի բացման արարողությանը: Իսկ հայտնի է, որ այն վայրերում, որտեղ հաճախակի է հայտնվում Մեհրիբան Ալիեւան, Բաքուն առավել կարիք ունի «իրեն ճանաչել տալու» ակտիվ PR-ի:
Սա ընդամենը ենթադրություն է, սակայն Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Միություն հանուն ժողովրդավարական շարժման» կուսակցության անդամ, ֆրանսիական տարածքում Ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող հայտնի օրինագծի հեղինակ Վալերի Բուայեիՙ Ֆրանսիայի ԱԳՆ-ի հղած նամակից ու հատկապես այդ նամակի պատասխանից պարզորոշ երեւում է, որ Փարիզը մոտ ժամանակներս ակտիվացնելու է իր միջնորդական ջանքերը ԼՂ հիմնահարցում հակամարտ կողմերի միջեւ:
Այսպես, Ֆրանսիայում հրատարակվող «Նուվել դը’ Արմենի» պարբերականի տեղեկացմամբ, պատգամավորը մեկ ամիս առաջ նամակ է հղել երկրի ԱԳՆ-ին հետեւյալ բովանդակությամբ. «Արտգործնախարարի ուշադրությունն եմ հրավիրում Ֆրանսիայի եւ Ադրբեջանի դիվանագիտական հարաբերություններին: 2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիայից Ադրբեջան էր արտահանձնվել հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովը, որին Ադրբեջանում ընդունել էին որպես հերոսի: Նախագահը նրան ներում էր շնորհել, արժանացրել մայորի կոչման, ինչպես նաեւ բնակարան եւ աշխատավարձ հատկացրել: Իրականում հանցագործին Ադրբեջանը շնորհակալություն էր հայտնել հայի սպանության համար: Ցանկանում եմ տեղեկություն ստանալ Ադրբեջանի հետ դիվանագիտական հետագա հարաբերությունների վերաբերյալ, նաեւ մեր տարածքում ադրբեջանցի պաշտոնյաների ընդունելության, օրինակՙ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, որը ֆրանսիական հյուպատոսության կողմից հրավիրվել էր 2012 թվականի սեպտեմբերի 3-ինՙ Ռամիլ Սաֆարովի փառահեղ տունդարձից հետո»: Ֆրանսիական արտաքին քաղաքական գերատեսչությունից պատգամավորին պատասխանել են. «Ֆրանսիան սեպտեմբերի 3-ին արձագանքել է Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ Ադրբեջանի որոշմանը»:
Նախարարության մամուլի քարտուղարը հրապարակավ մտահոգություն եւ անհանգստություն է հայտնել այդ կապակցությամբ: ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները եւս` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի, սեպտեմբերի 3-ին հանդես եկան համատեղ հայտարարությամբ` խոր մտահոգություն եւ ափսոսանք հայտնելով Ադրբեջանի որոշման կապակցությամբ: Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների լարվածության սրման պայմաններում կարեւոր է, որ բանակցային գործընթացը չընդհատվի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին սեպտեմբերի 2-ին եւ 3-ին Փարիզ հրավիրելն օգտակար էր նրանով, որ համանախագահներին թույլ տվեց նախարարներից յուրաքանչյուրի հետ առանձին հանդիպել, ադրբեջանցի նախարարին մտահոգություն փոխանցել եւ կողմերին կոչ անել շարունակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Ֆրանսիան մտադիր է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղած ջանքերին: Այդ նպատակով առաջիկա օրերին բարձրագույն մակարդակով շփումներ կլինեն երկու երկրների հետ»:
«Բարձրագույն մակարդակով շփումներ» միջպետական հարաբերություններում համարվում են երկրների ղեկավարների շփումները, հետեւաբար Փարիզը խոսում է առաջիկա օրերին նախագահների՞ շփումների մասին: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում պատրաստվում են նախագահական ընտրությունների, որոնք երկու երկրներում էլ կկայանան հաջորդ տարի, եւ երկու երկրներում էլ գործող նախագահներն արդեն իսկ հայտնել են իրենց նոր ժամկետում առաջադրվելու ցանկության մասին: Այսինքն, հազիվ թե նախքան նախագահական ընտրությունները նախագահներ Սարգսյանն ու Ալիեւը, մանավանդ առկա լարվածության պարագայում, համաձայնեն հանդիպել, ուրեմն դժվար է հասկանալ Փարիզի վստահությունը` «մոտ օրերին բարձրագույն մակադակով շփումներ լինելու» առնչությամբ:
Ֆրանսիական ԱԳՆ-ի պատասխան նամակից պակաս ուշագրավ չէ նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Մինսկի խմբի համանախագահների` Փարիզում կայացած հանդիպումների մասին պատմող հատվածը: Խոսելով սեպտեմբերի 1-ին եւ 2-ին Փարիզում կայացած այդ հանդիպումների կարեւորության մասինՙ Ֆրանսիայի ԱԳՆ-ն շեշտում է, որ «ադրբեջանցի նախարարին մտահոգություն է փոխանցվել», իսկ ընդհանուր` «կողմերին կոչ է արվել շարունակել հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը»: Այսինքնՙ հայաստանցի նախարարին որեւէ հարցով մտահգություն փոխանցելու անհրաժեշտություն Մինսկի խմբի համանախագահները չեն ունեցել: Ավելորդ չենք համարում նշել, որ դրանից հետո Երեւանը հայտարարեց խաղաղ բանակցությունները շարունակելու իր պատրաստակամության մասին, մինչդեռ Բաքուն խոսեց Մինսկի խմբի ներկա կազմը փոխելու եւ բանակցությունների արդյունավետության պակասի մասին...
Ինչեւէ, մի բան միանշանակ է թվում, որ ԵՄ-ի` ԼՂ հիմնահարցի հանդեպ աճող հետաքրքրության համապատկերում Ֆրանսիան ակտիվացնում է իր միջնորդական ջանքերը, իսկ թե ո՞ւր կտանեն դրանք, կամ ե՞րբ կոնկրետ կկայանա հաջորդ «բարձրագույն մակարդակի» հանդիպումը կողմերի միջեւ ու թե որքանո՞վ արդյունավետ ավարտ կունենա, կերեւա այն բանից, թե որքանո՞վ ադրբեջանցի նախարարն ու պաշտոնական Բաքուն առհասարակ կհասկանան իրենց հայտնած` Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունները...