«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, հրապարակախոս Հարութ Սասունյանը երեկ Հայկական պետական մանկավարժական համալսարանում էրՙ ներկայացնելու «Ցեղասպանության ճանաչո՞ւմ, թե՞ արդարության հետապնդում» դասախոսությունը:
Սասունյանի գնահատմամբՙ միջազգային հարթակում կարեւոր դեր կատարող երկրները, որ այսօր չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ոչ թե այն պատճառով է, որ տեղյակ չեն, այլ պարզապես Թուրքիայի հետ տնտեսական եւ քաղաքական շահեր ունեն: «Սակայն մենք պետք չունենք համոզելու, որ 1915-1923 թթ. եղել է Ցեղասպանություն, դա պատմական ճշմարտություն է: Մեզ հպանցիկ ներողամտություն կամ պարզապես երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում հարկավոր չէ: Կատարվել է հայրենազրկում, մենք ունեցել ենք կորուստներ, եւ արդարությունը պետք է կատարվի, ահա հայ ժողովրդի պահանջը», ասում է նա:
Ցեղասպանության ճանաչում, կորուստների փոխհատուցում եւ տարածքների վերադարձ, ահա երեք պահանջ, որ պետք է կատարի Թուրքիան: Իհարկե, Թուրքիան հասկանում է այդ ամենը եւ գիտակցում է, որ միայն ճանաչմամբ խնդիրը չի ավարտվի, դրա համար էլ մերժողական քաղաքականություն է իրականացնում: Ըստ Սասունյանի, նախ թուրքական իշխանությունները պետք է Պոլսի Հայոց պատրիարքարանին վերադարձնեն Թուրքիայի տարածքում գտնվող բոլոր հայկական եկեղեցիներն ու կոթողները: Եթե Թուրքիան կամավոր չգնա այդ քայլին, ապա Հայաստանը պետք է դիմի արդարադատության եւ միջազգային դատարաններին, հասնի արդարությանը»:
Սասունյանը շեշտում է, որ Հայոց ցեղասպանությունը չի սկսվել ու ավարտվել մեկ փուլով: Նախ 1894-1896թթ տեղի ունեցան համիդյան ջարդերը, 300000 հայ զոհվեց, այնուհետեւ 1909թ տեղի ունեցավ Ադանայի կոտորածն ու մահացավ 30 000 հայ: Իսկ գագաթնակետըՙ 1915-1923 թթ.ՙ Հայոց ցեղասպանությունն էր, որի ժամանակ զոհվեց 1.5 միլիոն հայ, նույնքանն էլ դարձավ գաղթական:
Հարութ Սասունյանը հավելում է, որ միջազգային դատարանում որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ պետք է ներկայանա Թուրքիան, քանի որ Օսմանյան կայսրության փլուզումից հետո, երբ Թուրքիան դարձավ հանրապետություն, Հայոց ցեղասպանության մասնակից եւ կայսրությունում անվանի պաշտոնյաները տեղ զբաղեցրին Թուրքիայի կառավարությունում: Եթե Թուրքիան ժառանգել է Օսմանյան կայսրության բարիքներն ու հարստությունը, ապա պետք է ժառանգի նաեւ պարտավորություններն ու անցյալը:
Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններինՙ Սասունյանն ասաց, որ այդ թեմայով 43 հոդված է գրել: «43-ն էլ ջախջախիչ էր: Խիստ քննադատության եմ ենթարկել արձանագրությունները: Բախտավոր ենք, որ ազերիների ճնշմամբ Թուրքիան չվավերացրեց այդ արձանագրություններն ու, կարելի է ասել, Թուրքիայի շնորհիվ պաշտպանվեցին մեր շահերը»:
Հ. Հ.