«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2012-10-11 | #179, 2012-10-12 | #180, 2012-10-13


ՓԱՐԻԶԻ «ԵՎՐՈՊԱ ԵՎ ԱՐԵՎԵԼՔ» ՀԱՆԴԵՍԻ ՔՈՂԱԶԵՐԾՈՒՄՆԵՐԸ

Փարիզում լույս է տեսնում «Եվրոպա եւ Արեւելք» (LEurope et LOrient) հանդեսը, որը հրատարակում է Փարիզի Չոպանյան ինստիտուտը: Հանդեսի տնօրեն եւ Չոպանյանի ինստիտուտի ատենապետ Վարուժան Սիրապյանի խոսքով` հանդեսն իր երկրորդը չունի աշխարհում այն իմաստով, որ հայ հովանավորների ֆինանսավորմամբ այս պարբերականը գրում է ոչ միայն հայկական, այլեւ Եվրոպայի, Կովկասի, ընդհանրապես Արեւելքի տարբեր կնճռոտ խնդիրների մասին` հրապարակ բերելով ամենահեղինակավոր մասնագետների կարծիքներ: Հանդեսն ընտրել է 4 գլխավոր ուղղություն, որոնք բոլոր համարներում ներկայացված են. առաջին գլուխը նվիրված է Եվրոպայի եւ Եվրոպական միության խնդիրներին, երկրորդը` Թուրքիայի, երրորդը` Կովկասի, չորրորդը` Միջին Արեւելքի, որոնց հրատապ թեմաների վերաբերյալ վերլուծականներ են ներառվում ամեն անգամ: Մի հինգերորդ` ազատ բաժին էլ կա, որը այս թեմաներից դուրս տաք խնդիրներն է վերլուծում: Հանդեսի` հունիսին լույս տեսած 14-րդ համարը շատ մեծ արձագանք ունեցավ, եւ ահա թե ինչու: Փետրվարին Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ձախողումը եղավ Ֆրանսիայում, ու հանդեսն առաջինն էր, որ համարձակություն ունեցավ նկարներով եւ անուններով գրելու, թե ովքեր են ֆրանսիական խորհրդարանականներից եւ քաղաքական գործիչներից թուրքական եւ ադրբեջանական լոբբիի հետ աշխատողները` նրանց ներկայացնելով նկարներով, կենսագրականներով ու անհերքելի փաստերով: Բացահայտվեց նաեւ ֆրանկմասոնների, հրեական սիոնիստների հետ նրանց կապը, քանի որ հատկապես այս երկու խումբն է թուրքական պառլամենտի հետ աշխատում:

Թուրքական լոբբին Փարիզում իրականացնում է «Բոսֆոր» ինստիտուտը, 190 հոգի հեղինակային ակտիվով, հենց Չոպանյան ինստիտուտի մեթոդով աշխատելով, այսինքն` ներգրավելով ավելի շատ ֆրանսիացի մասնագետների, սակայն թուրքական լոբբիինգի փողերը մի 200 անգամ ավելի են, քան Չոպանյան ինստիտուտինը: Մի խոսքով` հունիսին լույս տեսած «Եվրոպա եւ Արեւելք» հանդեսի համարը քողազերծեց թուրքական լոբբիինգով զբաղված ֆրանսիացի գործիչներին, եւ դա ռումբի պայթյունի երեւույթն ունեցավ: Վարուժան Սիրապյանն ասում է, որ այդ քողազերծվածներից ոչ մեկը հանդեսին դատի չի տվել, քանի որ դատի ընթացքում ճշմարտությունը մի լրացուցիչ անգամ ջրի երես պիտի ելներ, եւ ոչ էլ որեւէ մեկը հերքել է հրապարակումները: Հանդեսի, սփյուռքյան իրողությունների եւ մի շարք այլ հարցերի մասին Վարուժան Սիրապյանի հետ զրույցից ծնված մանրամասն հրապարակումը` հաջորդ շաբաթ «Ազգում»:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4