«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2012-10-11 | #179, 2012-10-12 | #180, 2012-10-13


ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ ՆԱԵՎ ԲԱԼԵՏՈՒՄ

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբն այսուհետեւ չի կարող փորձերը շարունակել թատրոնի շենքում, քանի որ Օպերայի ու բալետի ակադեմիական թատրոնի շենքը նորոգվում է, եւ թատրոնի տնօրենի ու փոխտնօրենի կարծիքով` փորձերը ներսում շարունակելը վտանգավոր է: Սակայն թատրոնի գլխավոր բալետմեյստեր Ռուդոլֆ Խառատյանը կարծում է, որ ներսում շինարարական այնպիսի վիճակ չէ, որ խանգարի փորձերին կամ լինի վտանգավոր:

Բալետային խումբն արդեն այսօր պետք է ազատի թատրոնի շենքը, իսկ մշակույթի նախարարությունը փորձերը շարունակելու համար այլ տեղ չի առաջարկում: Երեկ «Նոյյան Տապան» մամուլի կենտրոնում Ռուդոլֆ Խառատյանը տեղեկացրեց, որ հանդիպել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, սակայն հարցը մնացել է անորոշ: Ու այսօր փաստացի բալետային խումբը փորձեր անելու համար տեղ չունի: Իհարկե, սա ժամանակավոր է լինելու. եկող տարվա հունվարի 31-ից նրանք կարող են վերադառնալ թատրոն, սակայն Ռուդոլֆ Խառատյանն ասում է, որ ընդմիջումը կազդի խմբի պատրաստավածության վրա, քանի որ բալետի պարողը պարզապես իրավունք չունի ամիսներով չպարելու: «Առանց այն էլ մեր պարողները տարեկան ընդամենը 30-40 անգամ են կարողանում բեմ դուրս գալ, այնինչ բալետի պարողը իր արտիստիկ ու ֆիզիկական կեցվածքը պահպանելու համար պետք է բեմ դուրս գա տարեկան 150 անգամ», նշում է Ռուդոլֆ Խառատյանը:

Նույնիսկ մտավախություն կա, որ կարող է կադրերի ու աշխատավարձերի կրճատումներ լինեն: Դեռ հստակ որոշված չէ, թե առաջիկա ամիսներին ի վերջո որտեղ կլինեն խմբի փորձերը, կլինե՞ն, թե՞ ոչ: Տրամադրվող դահլիճների քննարկվող տարբերակներից մեկը մշակույթի քոլեջի դահլիճն է, բայց այնտեղ հնարավոր կլինի պարապել միայն երեկոյան ժամերին` ժամը 18.00-ից հետո, ինչը խմբին հարմար չէ, քանի որ պարողներից շատերը երեկոյան ժամերին աշխատում են ուրիշ տեղերում:

«Պարողներ կան, որ ամիսներով աշխատանքի չեն գալիս, սակայն նրանց աշխատանքից հեռացնել չեմ կարող», ասում է պարոն Խառատյանը: Երբ պարողների` աշխատանքի չգալու հարցը հասնում է տնօրենին, այդ ժամանակ պարողները տնօրենին բողոքում են գլխավոր բալետմեյստերից, թե վերջինս իրենցից պահանջներ ունի: Իսկ պահանջները, ըստ Ռուդոլֆ Խառատյանի, վերաբերում են լավ աշխատելուն ու մարզվելուն, առանց որոնց պրոֆեսիոնալիզմն ապահովելն անհնար է: Պարողներն իրենց թերացումները պայմանավորում են ցածր աշխատավարձով, որը կազմում է միջինը 90 հազար դրամ: «Բայց անգամ, եթե շատ գումար տան, մարդկանց մեջ ձեւավորված է Հայաստանից գնալու հոգեբանությունը: Կան դեպքեր, որ խմբից պարողները մեկնել են Իսրայել, որտեղ նրանց ամսական վճարում են 1000 դոլար: Այստեղ բոլորը կարծես Հայաստանից գնալու, ինչ-որ փակ տարածքից դուրս գալու տագնապի մեջ են», հավելում է բալետմեյստերը ու ցավով նշում, որ կոնկրետ բալետի մեջ մեր երիտասարդությունը թեեւ ունի շատ լավ ներուժ, բայց դա մնում է ընդամենը որպես չմշակված ու չհղկված նյութ: «Եվ երբեք որպես բալետային երկիր մենք ներկայանալ չենք կարողացել», ասում է բալետմեյստերը: Այնուամենայնիվ պարողների ցածր աշխատավարձի մասին 3 անգամ բարձրաձայնվել է, սակայն աշխատավարձը մնացել է նույնը:

Ներկայումս Օպերայի ու բալետի թատրոնի բալետային խումբն ունի 86 անդամ, որոնց թատրոն բերելու ու մարզելու համար Ռուդոլֆ Խառատյանն ասում է, որ ամեն օր պայքար է մղում: Բալետմեյստերը դժգոհում է, որ չեն կարողանում հստակ կազմել նաեւ իրենց ներկայացումների օրակարգը, որը մի անգամ պլանավորել են նույնիսկ մշակույթի նախարարի հետ, սակայն օրակարգը հետո էլի խափանվել է: Գումարած այդ ամենին` այսօր չկա նաեւ դահլիճ փորձերի համար: Ռուդոլֆ Խառատյանն իր աշխատանքը խանգարելուն ուղղված միտում տեսնում է, սակայն դրան ուշադրություն չի դարձնում: Պատմում է, երբ ցանկացել է հովանավորների միջոցով կարգի բերել դահլիճը, փոխտնօրենը թույլ չի տվել:

Չնայած բալետի հանդեպ պետական ոչ բավարար հոգածությանը` վերջին տարիներին, ըստ Ռուդոլֆ Խառատյանի, կարողացել են վերադարձնել բալետի հանդիսատեսին, սակայն առաջիկա ամիսներին առանց դահլիճի մնալը խմբի համար ծանր կլինի:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4