ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեւի խորհրդանշական է այն, որ Համաշխարհային հայկական կոնգրեսը դառնում է հայաստանակենտրոն կառույց, որովհետեւ Սփյուռքի մեր բոլոր կազմակերպությունների ամենակարեւոր երեք խնդիրներից մեկը` Հայաստան-սփյուռք համագործակցությունը ուրիշ որտեղի՞ց կարելի է ավելի լավ ծավալել, եթե ոչ Հայաստանից, ինչպես, ի դեպ, եւ մյուս երկու խնդիրները` ԼՂՀ հարցի կարգավորմանն ու Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը: Ահա եւ Կոնգրեսն ու նրա ղեկավար Արա Աբրահամյանը ընդունել են այդ կարեւոր որոշումըՙ կազմակերպությունը դարձնել հայաստանակենտրոն կառույց:
Իսկ որ Կոնգրեսի կենտրոնակայանը այսուհետեւ կլինի Երեւանում, իսկ Մոսկվայի գրասենյակը կլինի միայն Կոնգրեսի մասնաճյուղի գրասենյակ, այդ մասին երեկ հայտնեց Կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը , Կոնգրեսի` Գիտությունների ազգային ակադեմիայում երեկ տեղի ունեցած երկրորդ հերթական համագումարում, եւ «Ազգի» հետ զրույցում (գրասենյակը գտնվելու է Հյուսիսային պողոտայում):
Կոնգրեսի 147 պատվիրակ տարբեր երկրներից ժամանել էր Հայաստան, նախագահությունում էին Հայաստանի նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոսը, սփյուռքի նախարարը, Ռուսաստանի թեմի առաջնորդը, Կոնգրեսի փոխնախագահները, ԳԱԱ նախագահը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունենալով` Կոնգրեսի պատվիրակների հետ մեկտեղ իր խոսքն ուղղեց նաեւ սփյուռքին: Նշելով, թե ուրախ է դահլիճում տեսնել հին ու նոր դեմքերի, որոնք հայրենիք են ժամանել աշխարհի տարբեր ծայրերից` համահայկական խնդիրների օրակարգ ճշտելու եւ բաց քննարկելու, նախագահը նկատեց, թե սփյուռքը համախմբելու յուրաքանչյուր նախաձեռնություն պետք է խրախուսել եւ փայփայել. «Մենք սակավաթիվ ենք, ուստի եւ պետք է պայքարենք յուրաքանչյուր հայի համար: Պայքարենք հային հայ պահելու համար, որպեսզի դիմագրավենք ուծացման վտանգը:
Հենց դրա համար էլ մենք պետք է խրախուսենք ազգային ինքնակազմակերպման եւ փոխադարձ օգնության բոլոր հնարավոր մեխանիզմները», ասաց նախագահը` նշելով, որ այդ առումով որպես ժողովուրդ կարողացել ենք հաջողություններ արձանագրել եւ աշխարհի չորս կողմում գոյություն ունեցող բազմաթիվ ու բազմաբնույթ հայկական հասարակական կազմակերպությունների շնորհիվ կարող ենք խոսել հայկական համաշխարհային քաղաքացիական հասարակության մասին, որոնց հաջողություններով (բարեգործական, մշակութային, մասնագիտական) կարելի է միայն հպարտանալ. «Համոզված եմ, որ ո՛չ պետությունն է կարող փոխարինել քաղաքացիական հասարակությանը, ո՛չ էլ քաղաքացիական հասարակությունըՙ պետությանը: Պետությունը եւ քաղաքացիական հասարակությունը ուժեղ են փոխադարձաբար իրար լրացնելով, իրար ամրապնդելով, իրար զորակցելով... Այժմ ժամանակն է հաստատելու արդարությունը դիվանագիտության դաշտում: Այստեղ եւս մենք աշխատում ենք ձեռք ձեռքի տված: Այսօր Սիրիայի մեր եղբայրները եւ քույրերը հայտնվել են ծայրահեղ դժվար կացության մեջ: Մենք զորակից ենք մեր հայրենակիցերին եւ հնարավոր բոլոր միջոցներով աջակցում եւ աջակցելու ենք նրանց»` նշելով, որ համանման շատ խնդիրներ կան համազգային օրակարգում. «Վստահ եմՙ անելո՛ւ ենք: Եվ մեզնից յուրաքանչյուրն անձամբ ասելիք եւ անելիք ունի», արգասաբեր աշխատանք մաղթեց նախագահը համագումարին:
Արժե ընթերցողին հասանելի դարձնել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը, որը ներկայացրեց Արթուր Չիլինգարովը : Նկատի առնելով, որ դա ուղղված է Համաշխարհային հայկական կոնգրեսին, որի ղեկավարը նաեւ ամենամեծ հայկական համայնքի` Ռուսաստանի հայերի միության ղեկավարն է, այս իմաստով մի քանի հետաքրքրական պահ կար ուղերձում: Նշելով, որ հայ եւ ռուս ժողովուրդներին դարերով կապել են բարեկամությունը, փոխադարձ հարգանքը եւ հոգեւոր մերձությունը` Պուտինը նշել էր, թե այդ բարի ավանդույթներով զույգ պետությունների հարաբերությունները վերածվել են ռազմավարական գործընկերության, եւ Հայաստանը եղել եւ մնում է Ռուսաստանի հուսալի գործընկերը: Պուտինն ասել է, թե այժմ թափ է հավաքում փոխշահավետ գործակցությունը տարածաշրջանային եւ միջազգային գործերում, իսկ աշխարհի հայկական համայնքներից ամենախոշորներից մեկի` Ռուսաստանի հայերի ներկայացուցիչները կարեւոր դերակատարում ունեն Ռուսաստանի կյանքի ամենատարբեր ոլորտներում. «Այդ կազմակերպությունը ակտիվորեն նպաստում է միջկրոնական եւ ազգամիջյան համաձայնությանը` իրավամբ հեղինակություն վայելելով ոչ միայն Ռուսաստանում, այլեւ արտերկրում: Եվ հենց նա է դարձել Համաշխարհային հայերի կոնգրեսի նախաձեռնողը», նշել է Պուտինը` փաստորեն հայտնի դարձնելով, որ լավ գիտե այս երկու կազմակերպությունների գործունեության շրջանակը:
Կոնգրեսի աշխատանքը ողջունեց եւ օրհնեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը :
Կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը , իր հաշվետվությունը ներկայացնելով, նշեց, որ արդեն 9 տարի գործող կազմակերպությունը 640 քաղաքում մասնաճյուղ ունի, բավական գործեր է արել, ստեղծել է Հայոց ցեղասպանության իրավական խնդիրները բարձրացնող Միջազգային իրավունքի ինստիտուտ, որի ներքո պրոֆեսոր Յուրի Բարսեղովի գլխավորությամբ բազմաթիվ իրավական փաստաթղթեր են հրատարակվել գրքերի տեսքով, նույն տիպի աշխատանք է տարվել Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ: Հիշվեց ե՛ւ դպրոցների կառուցման, ե՛ւ Արցախի ե՛ւ Հայաստանի հարյուրավոր դպրոցների համակարգչավորման մասին: Ա. Աբրահամյանն ասում էր, որ Սփյուռքի նախարարության ստեղծումից հետո 3 տարի աշխատել են միասին, նախարարությունը տուն է դարձել. «Գալիս ենք սփյուռքից, գիտենք ուր ենք գալիս»: Չմանրամասնենք` արված գործերի մասին «Ազգը» հաճախ է գրել:
Բայց եւ խոստովանեց Ա. Աբրահամյանը` ոչ լրիվ է օգտագործվել սփյուռքի ներուժը, ու միտք կա աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու: Եվ միանգամից խոսեց նոր գաղափարի մասին` Կոնգրեսի մասնաճյուղեր բացել ողջ սփյուռքում, հատկապես այն երեք հայտնի խնդիրները լուծելու համար, որոնց նախանձախնդիր է ողջ սփյուռքը (վերը նշել ենք), մտադրություն կա Կոնգրեսում 7 մշտական հանձնաժողով ստեղծել, որը ոլորտ առ ոլորտ կզբաղվի խնդիրներով, սփյուռքի նախարարության հետ համատեղ շարունակվելու են բոլոր մրցույթները, եւ այս ուղղությամբ միայն ֆոնդը լինելու է 200 մլն դրամ: Նա սիրով խոսեց այժմ Հայաստանի 400 դպրոցներում անցկացվող ռուսաց լեզվի փառատոնի վերաբերյալ: Նշեց, որ աշխատում են, ծրագրեր են իրականացնում կառավարության եւ իշխանության մյուս կառույցների ու հատկապես սփյուռքի նախարարության հետ, գործելու դաշտ կա ե՛ւ կրթության, ե՛ւ պաշտպանության, ե՛ւ մշակույթի ոլորտներում, ինչպես նաեւ ԱԳՆ-ի հետ: Խոստացավ` այսուհետեւ էլ կիրագործվեն ծրագրեր, որոնք կնպաստեն ողջ հայության հայրենիք Հայաստանի բարգավաճմանն ու հզորացմանը, որպեսզի Հայաստանի եւ սփյուռքի հարաբերությունները բարձր մակարդակի լինեն, որ աշխարհի ամեն մի հայ տարին մեկ գոնե այցելի Հայաստան, յուրաքանչյուր ձեռնարկատեր գոնե մեկ ներկայացուցիչ ունենա Հայաստանում:
Հենց համագումարի դահլիճում Կոնգրեսի փոխնախագահ Արամ Սարգսյանն առաջարկեցՙ Արա Աբրահամյանին վերընտրել Կոնգրեսի նախագահ, որին միաձայն համաձայնեց ողջ դահլիճը:
Ավելի ուշ Ակադեմիայի կլոր դահլիճում ստեղծագործական միությունների ներկայացուցիչ կոնգրեսականների խոսքը ավելի տեսանելի դարձրեց այն աշխատանքը, որ արել է այս կազմակերպությունը` ներդնելով բավական միջոցներ եւ խրախուսելով մշակույթի գործիչների, գրականության եւ արվեստի ներկայացուցիչների, գիտնականների, եւ այդ ուղղությամբ ծրագրերը ոչ միայն շարունակական են լինելու, այլեւ ընդլայնվելու են:
Համաշխարհային հայկական կոնգրեսը 61 հոգանոց խորհուրդ ընտրեց տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, ապա եւ` 23 հոգանոց նախագահություն, ինչպես նաեւ 4 փոխնախագահ` Գեորգի Տեր-Ղազարյանց, Մհեր Շահգելդյան, Արամ Սարգսյան եւ Վլադիմիր Աղայան: Ընդունվեց զորակցության ուղերձ սիրիահայությանը, որը կհրապարակվի:
Առաջարկներ արեց նաեւ ՌԱԿ-ի նախագահ Հակոբ Ավետիքյանը , նշելով մի կարեւոր հանգամանք` Համաշխարհային հայկական կոնգրեսի ՀՀԿ հապավումը օրենսդրությանը հակառակ է, պիտի փոխվի: Բացի դրանից` Կոնգրեսի լավ նախաձեռնությունը` 1,5 մլն ծառի ծառատունկի ծրագիրը, ուղղված Ցեղասպանության զոհերի 100-րդ տարելիցին, համահայկական եւ միջազգային ջանքեր է պահանջում, թե չէ չի կայանա:
«Ազգը» Ա. Աբրահամյանից փորձեց հետաքրքրվել, թե ո՞ր ուղղությամբ է հատկապես Կոնգրեսը ավելի արդյունավետ աշխատելու եւ սփյուռքի ներուժը նորովի ծավալելու: Աբրահամյանը պատասխանեց օրինակով. «Սփյուռքի ամեն գործարար մի ներկայացուցիչ եթե պահի այստեղ... օրինակ` ես պահում եմ Ղարաբաղում եւ Հայաստանում: Եթե գործ էլ չկա` ես զանգահարում-տեսնում եմ Ղարաբաղի վիճակը ո՞նց է, ինչ կարելի է անել, ինչո՞վ մենք կարող ենք մասնակցել: Դե պատկերացրեք` որքան գործարար մարդիկ կան, մեկ մարդուն` եթե 500-1000 դոլար աշխատավարձ տրվի, տեսեք որքան աշխատատեղեր կստեղծվեն Հայաստանում եւ Ղարաբաղում»:
Իսկ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցին պատասխանելով Ա. Աբրահամյանը նշել էր, թե նախորդ օրը տեղի ունեցած Կոնգրեսի խորհրդի նիստում որոշում է կայացվել սատարել Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանին նաեւ առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելիս:
Արա Աբրահամյանը նաեւ նշեց, թե պետականությունն ու իշխանությանը պետք է հարգել եւ սիրել. «Օբամային դուք գիտեք բոլորը սիրում-հարգո՞ւմ են, սիրում են իր պաշտոնը, որովհետեւ պետականության եւ պետության խորհրդանիշն է: Մայրիկս ասում էր` խելոք եղեք, սերով, Աստված իր պահապան հրեշտակներին ուղարկում է այնտեղ, որտեղ խաղաղություն, սեր, համերաշխություն կան, ու այնտեղ նրանք թողնում են իրենց օրհնությունն ու հաջողությունը: Մի քիչ իրար նկատմամբ սիրով լինենք: Բոլորը բոլորի դեմ են, անհասկանալի է, բոլորս հայ ենք, չէ՞, ու մի նպատակ ունենք, որ բարելավենք մեր կյանքը. եկեք դա համերաշխ անենք: Մեր ուժը, եռանդը ներդնենք կառուցողականի մեջ, ոչ թե եղածն էլ քանդելու»: