«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2012-10-12 | #180, 2012-10-13 | #181, 2012-10-16


ՑՈՒՑԱՍՐԱՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԸ

Մաշտոցի տեսիլքը Սուքիաս Թորոսյանի նկարաշարում

Թարգմանչաց տոնը այս անգամ նշվեց նաեւ Նկարիչների տան սրահում, գուցեՙ առաջին անգամ. ներկայացվեց հայոց այբուբենըՙ Սուքիաս Թորոսյանի գեղանկարչական ընկալմամբ:

Ինչպես ինքըՙ նկարիչն է ասում, մեսրոպյան տառաձեւերի դիզայներական հնարավորությունները այդքան էլ մեծ չեն. նրանց բնորոշ կորությունները սահմանափակ են դարձնում արտահայտության եղանակները, ի տարբերություն, օրինակ, լատինատառ այբուբենի: Ուստի ինքը փորձել է մտահղացումն իրականացնել նախ տառի սուբյեկտիվ իմաստային նշանակությունից ելնելով, ապա դրա հնչյունային ասոցիացիային տրվելով եւ փորձել դժվարագույնըՙ թափանցել նրանց ձեւաստեղծման նախնական գաղտնիքի մեջ, որից էլ ծնվել է մեսրոպյան այբուբենի գունապատկերային սեփական արտահայտությունը: Հենց գունավորման, ֆոնավորման մեջ պետք է փնտրել այն մտածումները, որով փորձել է արվեստագետը հաղորդակցվել նկարչական նյութի հետ, որից գեղարվեստական «պատում» հյուսել, խոստովանենք, այդքան էլ հեշտ չէ:

Տառակերպավորմանը իմաստային առումով օգնել է հին եւ միջնադարյան մեր մի քանի գրիչների խորհրդանշային ներկայությունըՙ Մաշտոցը, Եղիշեն, Խորենացին, Նարեկացին, Դավիթ Անհաղթը: Որպես պատմական կարեւորագույն անձ, կենտրոնական դեր տրված է Վռամշապուհ արքային, որն իմաստնություն ունեցավ հասկանալու սեփական գրի, գրավոր խոսքի ժամանակի անհրաժեշտությունն ու հրամայականը եւ դրանք հայտնաբերելու ճիշտ հասցեատիրոջը: Այս միտքն իր ելույթում ընդգծեց «Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը . «Վերջին շրջանում արվեստագետ Սուքիաս Թորոսյանի մեջ տեղի է ունենում հետաքրքրական սեւեռում դեպի հոգեւորը. դա սկսվեց մեր եկեղեցուց: Այս նկարաշարը ի տրիտուր այն մեծագույն երեւույթի է, որ կատարվեց 1600 եւ ավելի տարիներ առաջ: Պետության ղեկավարիՙ Վռամշապուհի ներկայությունն այստեղ այն կարեւորագույն հանգամանքն է շեշտում, որ առաջին հերթին ազգային պետականությունն էր կանգնած գրերի գյուտի եւ ողջ թարգմանչաց գործունեության հետեւում, եւ երկրորդՙ թե որքան մեծ նշանակություն կարող է ունենալ պատվիրատուի ով լինելը եւ ճիշտ անձին պատվեր տալը»:

Ցուցահանդեսի բացման խոսքում Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը այս գեղեցիկ իրագործումը գնահատեց որպես ազգային գերարժեքիՙ մեսրոպյան գրի հանդեպ արվեստագետի հարգանքի տուրք:

Այբուբենի մի քանի տառեր ոսկեփայլի օգտագործումով հիրավի տոնական շուք ունեն եւ այդպիսի տրամադրություն են ստեղծում, որոշները ավելի պատկերային են, ինչպես Լ-նՙ խորհրդավոր կապույտի մեջ, լիալուսնին շատ մոտ, իմաստային առումով հետաքրքրական են Չ-ի, Ա-ի, Է-ի կերպավորումները, վիզուալ առումով տպավորիչ են գրչագիր հին մատյանանման ֆոնավորումները:

Այսպիսի վերաբերմունքը հայոց այբուբենին շատ կարեւորվում էՙ չնայած քաղաքականապես անկախ պետականության գոյությանՙ մեր հոգեւոր ու մշակութային ինքնության ներկայի ակնհայտ կորուստների այս շրջանում, հատկապես սա վերաբերում է լեզվական իրողությանը, երբ հայկական հեռուստատեսության միջոցով գրական հայերենը փոխարինվում է հաղորդակցման անմշակ, բարբառա-ժարգոնային փողոցի լեզվով: Լեզվի նման արժեզրկման պայմաններում այս ցուցահանդեսը կարելի է դիտել որպես հրապարակային ելույթ-վերաբերմունք, մտավորական կեցվածք, մերժողական արտահայտությունՙ առկա այն երեւույթներին, որոնք զրկում են մեր գոյությունը ազգային արժանապատվությունից:

Այս մտքերը զուգորդվեցին ճիշտ այն պահին, երբ ցուցասրահ անսպասելիորեն ներս մտավ մանուկների մի աշխույժ խումբ: Եթե նախապես կազմակերպված լիներ, վստահաբար նման տպավորություն չէր գործելու: Զարմանալիորեն, եկող խումբը Չարենցավանից էրՙ տեղի 4-րդ դպրոցի 2ա դասարանի փոքրիկները: Երիտասարդ ուսուցչուհինՙ Լիանա Բարսեղյանը, գտել է երեխային կրթելու ճիշտ ճանապարհը. փոքր հասակից գեղագիտական հայացք դաստիարակելու եւ ճաշակ ներարկելու միջոցով, արվեստի, գրականության, գեղեցիկի հետ հաղորդակցվելով, պատկերասրահներ այցելելով, հանդիպումներով հետաքրքրական, օրինակելի մարդկանց հետ: Այս փոքրիկները շատ արագ փոխեցին մթնոլորտը, թիթեռների պես տառից տառ թռչկոտելով, սրահի գույներին նոր երանգ ու հնչյուն էին հաղորդում:

Անկեղծ ասած, եւ կարծես բոլորին այդպես թվաց, սրահի ամենաթանկ այցելուն եւ նվերն օրվա այս երեխաներն էին, որոնց արժանապատիվ դաստիարակությունն ու որակյալ կրթությունն են ապահովելու մեր վաղվա օրը: Եվ գիրն այս, տառերը մեսրոպյան նրանց միջոցով են միայն շարունակություն ունենալու:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4