«Ֆլորիդա թայմս-Յունիոն» պարբերականում, որտեղից Բոստոնի «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթը արտատպել է լրատվությունը, լրագրող Թերրի Դիկսոնը նոր սկանդալային բացահայտման մասին է գրելՙ կապված առողջապահության ասպարեզում «Մեդիքերի» պետական ծառայության հետ: Դժբախտաբար, այդ մեքենայությունների մեջ ներգրավված են նաեւ հայեր:
Ըստ լրատվության, դրանցից մեկը 29-ամյա Խորեն Գասպարյանն է, որը Մ. Նահանգների շրջանային գլխավոր դատավոր Լիզա Գոդբի Վուդին խոստովանել է իր մեղսակցությունը Նյու Յորքից Լոս Անջելես ծավալվող «Մեդիքերի» հակաօրինական մեքենայություններում: Նա այդ գործում օգնել է իր համախոհներին Բրանզվիկում եւ Սավաննայում, ինչպես նաեւ Նյու Մեքսիկոյում հիմնելու կեղծ կլինիկաներ, բժշկական սարքեր մատակարարող «օբյեկտներ», եւ հաշիվներ բացել բանկերումՙ օգտագործելով գողացված «Մեդիքերի» պրովայդերներին ինքնության քարտերը:
Երբ կառավարությունը, խարդախության հետքի վրա ընկնելով, սկսել է ձերբակալություններ կատարել անցյալ տարի, Գասպարյանը Մոսկվայում է եղել եւ լսել է հեռուստատեսությամբ, թե ինչպես է ՀԴԲ-ի հատուկ խուզարկուն խոսում լսումները հետաձգելու իր դիմում-խնդրանքի մասին: Նա անմիջապես Մոսկվայում Մ. Նահանգների դեսպանատան իրավաբանական հարցերի կցորդին ներկայանալով, առաջարկել է համագործակցել եւ պատմել իր դերակատարման մասինՙ պայմանով, որ իրեն վերաբերվեն արդար եւ առանց բռնությունների: Նա ԱՄՆ է վերադարձել 2011-ի հուլիսի 7-ին եւ անմիջապես ձերբակալվել:
Գործի բացահայտումը սկսել է այն ժամանակ, երբ «Մեդիքերից» օրինավոր օգտվողներ հայտ են ներկայացրել գնելու հենակներ, հաշմանդամների սայլակներ եւ այլ սարքեր, որոնց համար արդեն «Մեդիքերը» վճարած է եղել կեղծ պահանջագրերի հիման վրա: Սկզբում «Մեդիքերի» աշխատակիցները, զգալով, որ ինչ-որ բան այնպես չէ, շարունակել են «հավատ ընծայել» կեղծ պահանջատերերին, որպեսզի կարողանան գործը ամբողջովին բացահայտել: Եվ դա նրանց հաջողվել է, նաեւ պարզվել է, որ ընդհանուր առմամբ ավելի քանի 200 միլիոն դոլարի անօրինական լրավճար ստանալու պահանջ է ներկայացված եղել պետությանը:
Ծրագրի ղեկավարը Լոս Անջելեսում ապրող 49-ամյա Արթուր Մանսարյանն է եղել, որը նույնպես խոստովանել է 7,4 միլիոն դոլարի կեղծ պահանջ ներկայացնելու իր մեղքը: Այժմ 14 տարվա բանտարկությամբ կրում է իր պատիժը, նաեւ կառավարությանը պարտավոր է փոխհատուցել 1,8 մլն դոլար: Վերոնշյալ Գասպարյանը հետաքննությանը օժանդակելու համար երեք տարվա բանտարկության եւ 250 հազար դոլարի տուգանքի է դատապարտվել:
Գործի մյուս մեղսակիցը 44-ամյա Սահակ Թումանյանն է, որը նույնպես խոստովանել է փողերի լվացման մեջ իր մեղքը: 309 հազար դոլարի փոխհատուցում վճարելուց հետո նա այժմ կրում է 5 տարի բանտարկության իր պատիժը, որից հետո պետք է երկրից արտաքսվի, որովհետեւ նրա կեցությունը ԱՄՆ-ում անօրինական է:
Սրանից առաջ նույն ոլորտում դարձյալ սկանդալ էր բարձրացել: Թվում է, թե մեր հայրենակիցները դաս քաղել չգիտեն կամ չեն ուզում սովորել:
Հ. Ծ.