«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2012-10-12 | #180, 2012-10-13 | #181, 2012-10-16


«ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՕՐ» ԴՍԵՂՈՒՄ

Հոկտեմբերի 13-ին Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայր Դսեղում կայացավ «Թումանյանական օր» ավանդական հանդիսությունը, որին մասնակցում էին Երեւանից ժամանած լոռեցի գրողներ, հյուրեր Գերմանիայից, Լեհաստանից, Լիտվայից, Լատվիայից, Լիբանանից, Ռուսաստանից, Բելառուսից, Արցախից, Վրաստանից, մտավորականներ, Թումանյանի պոեզիայի հարյուրավոր սիրահարներ:

Մինչ միջոցառումն սկսելը հնչում էին հատվածներ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից, որի հնչյունների ներքո հյուրերը ծաղիկներ դրեցին այն հուշակոթողին, ուր ամփոփված է բանաստեղծի սիրտը: Մեծ գրողի տուն-թանգարանի բակում կազմակերպված հանդիսությունը, որը վարում էր դերասան, ասմունքող Իվան Անտոնյանը, սկսվեց Հովհ. Թումանյանին կերպավորող դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մայիս Սարգսյանի ասմունքով:

Օրվա խորհուրդը ներկայացրեց «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը , որը վերջին տարիներին բարձր մակարդակով կազմակերպում է «Թումանյանական օրը», որին աջակցում է նաեւ Լոռու մարզպետարանը:

Միջոցառման գեղարվեստական մասի պատասխանատուն էր Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Արամ Ռեւազյանը , որը հոգացել էր, որ հանդիսությունն անցնի պատշաճ մակարդակով:

Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանն իր ողջույնի խոսքում կարեւորեց Մեծ լոռեցուն մշտապես մեծարելու անհրաժեշտությունը, հայ դասական եւ ժամանակակից գրականության նկատմամբ մշտական ուշադրությունը:

Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը ներկայացրեց Թումանյանին առնչվող այն նախաձեռնությունները, որոնք կյանքի են կոչվելու մոտ ապագայում: Նա հիշեցրեց, որ մեծ բանաստեղծի տունը Թբիլիսիում գնվել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ֆինանսավորմամբ եւ վերանորոգումից հետո այս տարվա դեկտեմբերին կբացի իր դռներըՙ վերակենդանացնելով Վերնատան խորհուրդը:

ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի կողմից տողերիս հեղինակը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց լոռու գրողների ընտանիքը, Հայաստանի գրողների միության ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակվող թարգմանական անթոլոգիաները եւ առանձին գրքերը, որոնք հնարավորություն կտան աշխարհի տարբեր երկրների ընթերցողներինՙ ծանոթանալ հայ գրողների ստեղծած արժեքներին:

- Ամենից կարեւորն այն է, որ պահպանենք թումանյանական մաքրությունն ու ազնվությունը, որպեսզի նրա պայծառ հոգին երբեք չխռովվի երկնքում,- ասաց նա:

Երգերի կատարումներով հանդես եկան ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանը, վաստակավոր արտիստներ Ստեփան Դալլաքյանը, Ռուբեն Սահակյանը, Գերմանիայից ժամանած երգիչ Աչիկ Պողոսյանը եւ ուրիշներ:

Սրտի խոսք ասացին Լիբանանից ժամանած հյուրերըՙ արաբ անվանի բանաստեղծ Ապտո Լապաքին եւ բանաստեղծ, գրականագետ Սարգիս Կիրակոսյանը : Ա. Լապաքին կարեւորեց հայ եւ արաբ գրողների դարավոր բարեկամությունը, որը Լ. Անանյանի շնորհիվ հատկապես ավելի է ջերմացել վերջին տասնամյակում:

Ողջույնի խոսք ասացին, Թումանյանի եւ իրենց գործերից կարդացին բանաստեղծներ Լիպարիտ Սարգսյանը, Սուրեն Մուրադյանը, Ռազմիկ Պողոսյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչյա Սարուխանը եւ ուրիշներ:

Սրտառուչ էր Թումանյանի թոռնուհուՙ գրականագետ Իրմա Սաֆրազբեկյանի խոսքը: Նա համառոտ անդրադարձավ Թումանյանների գերդաստանի պատմությանը, ապա բանաստեղծի անձնական իրերից եւս մեկ մասունքՙ ապակյա կուլա, նվիրեց տուն-թանգարանին:

Թումանյանի եւ հայ մշակույթի մասին ջերմ խոսքեր ասացին «Հայկական ներկապնակ» 2-րդ միջազգային փառատոնի ռուս մասնակից, գեղանկարիչ Վլադիմիր Օբեդկովը , Լեհաստանից ժամանած հայագետ Զբիգնեւ Շմուռլոն եւ Հայ եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող Լեւոն Չիդիլյանը :

Սրտի խոսք ասաց եւ տուն-թանգարանին ու գյուղի դպրոցին իր հեղինակած «Թումանյանական աշխարհ» գիրքը նվիրեց ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, գործիչ Գառնիկ Շախկյանը :

Ներկաներին ողջունեց նաեւ Դսեղի նորընտիր գյուղապետ Նորիկ Քոչարյանը : Երգերի կատարումներով հանդես եկավ գրող, երգահան Արսեն Համբարյանը: Ելույթ ունեցան նաեւ ՀՀ հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլի քամանչահար Հակոբ Խալաթյանը, Դսեղի մշակույթի տան ազգագրական պարային համույթը եւ ուրիշներ:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս տուն-թանգարանի բակում կազմակերպվել էր Հովհ. Թումանյանի մի քանի տասնյակ անուն գրքերի ցուցահանդես-վաճառք:

Ասմունքը, երգն ու երաժշտությունը, հանդիսության հարյուրավոր մասնակիցների սրտում մեկ անգամ եւս բորբոքեցին սերը ոչ միայն մեծն Թումանյանի, այլեւ ընդհանրապես գիր ու գրականության, մշակույթի հանդեպ:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4