ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Յունիսեֆ» կազմակերպության հայաստանյան գրասենյակը հետազոտել է Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներն ու պարզել, որ հինգ երեխաներից միայն մեկն է հաճախում հանրակրթական դպրոց: Վերոնշյալ զեկույցը վերջին տասնամյակում իրականացված հետազոտություններից ամենախոշորն է եւ բացահայտում է մեր երկրում հաշմանդամություն ունեցող երեխաների վիճակը: Նման երեխաների համար կան բազմաթիվ անհարմարություններ եւ անհավասար պայմաններ:
«Խոսքը ներառման մասին է» զեկույցում «Յունիսեֆ»-ի մասնագետները շեշտում են, որ մեր երկրում հաշմանդամություն ունեցող երեխաները շարունակում են մնալ բնակչության առավել խոցելի եւ մեկուսացված խմբերից մեկն ու բախվում են անհավասարություններիՙ կրթության, ընտանեկան խնամքի, ներառման եւ մասնակցության հարցում: Համաձայն նախորդ տարի կատարված «Սոցիալական պատկերը Հայաստանում» զեկույցիՙ հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքիների աղքատության մակարդակը 54 տոկոս է:
Հաստատված է, որ մեր երկրում հաշմանդամություն ունեցող երեխաները կազմում են հայ մանուկների մեկ տոկոսըՙ 8000 հոգի: Վերոնշյալ հետազոտությունն անցկացվել է 5707 երեխաների ընտանիքների ու խնամք տրամադրողների հետ: Ըստ այդմ, 5322 երեխա գտնվում է ընտանեկան խնամքի ներքո, 385-ըՙ մանկատներում: Մտավոր հաշմանդամություն ունեցող չորս երեխաներից մեկը չի հաճախում դպրոց: Հաստատություններում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաները գրեթե դուրս են կրթական գործընթացից. նրանց 72 տոկոսը դպրոց չի հաճախում:
Հաշմանդամություն ունեցող երեխաներիՙ հաստատությունում հայտնվելու ռիսկն ավելի մեծ է, քան այլ երեխաների: Համաձայն զեկույցիՙ հետազոտությանը մասնակցած հաշմանդամություն ունեցող 6000 երեխաներից 13 տոկոսը տեղավորվել է հաստատությունումՙ մանկատուն կամ հատուկ դպրոց, մինչդեռ հաշմանդամություն ունեցող երեխաների 23 տոկոսը երբեք դուրս չի եկել տվյալ հաստատության տարածքից, բացառություն են կազմել բժշկին այցելելու դեպքերը:
Հետազոտությունը պարզել է, որ հաշամանդամություն ունեցող աղջիկներն ավելի հաճախ են ընկնում հաստատություններում հայտնվելու ռիսկի տակ, քան տղաները: Հավանականությունն էլ, որ նրանք դուրս կմնան դպրոցից, ավելի մեծ է եւ իրատեսական, քան տղաների պարագայում:
Նշանակալից անհավասարություններ կան քաղաքային եւ գյուղական համայնքներում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների միջեւ: Մասնավորապես, քաղաքային համայնքներում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների 23 տոկոսը չի հաճախում դպրոց: Նմանատիպ տարբերություն է նկատվում նաեւ նախադպրոցականների հաճախելիության եւ մանկաբուժական խնամքի հարցում: Պարզվել է որ հաշմանդամություն ունեցող երեխաների 12 տոկոսն ընկերներ չունի, իսկ 33 տոկոսը չի մասնակցում համայնքներում կամ բակերում տեղի ունեցող միջոցառումներին: Մտավոր եւ համակցված հաշմանդամություն ունեցող երեխաները համայնքային, մշակութային կյանքում եւ սպորտում մասնակցության ամենացածր ցուցանիշներն ունեն:
«Յունսիեֆ»-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը շեշտում է, որ վերջին տարիներին Հայաստանում մտածելակերպի փոփոխություն է տեղի ունեցել. ավելի շատ մարդիկ են գիտակցում, որ լավագույնն այն հասարակությունն է, որ ներառում է հաշմանդամություն ունեցող երեխաներին, սակայն ասել, որ այդ հարցում հասել ենք լուրջ հաջողությունների, շատ վաղ է:
Զեկույցին ներկա գտնվող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը համամիտ է, որ պետք է ձեւավորվի ներառական հասարակություն: Դրան հասնելու համար նախարարությունը պատրաստ է համագործակցել ոչ միայն միջազգային հանրության, այլեւ քաղաքացիական հասարակության հետ: Նա հիշեցնում է, որ Հայաստանը ստորագրել է ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան եւ այդ կերպ պարտավորություն ստանձնել աջակցելու, պաշտպանելու եւ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանցՙ լիարժեքորեն եւ հավասարապես օգտվելու մարդու իրավունքներից եւ հիմնարար ազատություններից: Նախարարի խոսքերովՙ հաշմանդամություն ունեցող անձանց անհրաժեշտ է աջակցություն ցուցաբերել վաղ մանկությունից, որպեսզի նրանք դառնան հասարակության լիիրավ անդամներ:
Զեկույցում ներկայացված խնդիրները կնպաստեն Հայաստանում սոցիալական ծառայությունների բարելավմանը եւ կօգտագործվեն այն ռազմավարություններում, որոնք նպատակ ունեն կանխել երեխայի հաստատությունում հայտնվելը եւ հաշմանդամություն ունեցող երեխաների բացառումը կրթական եւ մասնակցային գործընթացներում:
Զեկույցի շնորհանդեսին կհաջորդեն ԱԺ լսումները, որոնք տեղի կունենան այս տարվա դեկտեմբերի 3-ինՙ հաշմանդամ անձանց միջազգային օրվա կապակցությամբ: