«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2012-10-13 | #181, 2012-10-16 | #182, 2012-10-17


ՆԵՐՀԱԿ ԽՈՀԵՐ ԵՎ ՀԱՆԹՍՄԱՆԻ` ԱՄՊՐՈՊԻ ՆՄԱՆ ԽՈՍՔԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Ի՞նչ ասի Լեւոն Զուրաբյանը, որ ասելիք չունի, բայց կանչում են ասուլիսի: Բա որ չգիտենՙ նախագահական ընտրություններին ինչո՞վ եւ ումո՞վ է անելու ՀԱԿ-ը, ինչ ասեն: Ու դրա համար հանրահավաք չեն անում: Թե չէ կանեին, ու, էլ դու սուս, մի 200 հազար մարդ կգար: Բացի դրանից` պատասխանը հո մենակ ՀԱԿ-ի՞ց չի կախված, թե չէ նախագահացո՜ւ չունի՞ ՀԱԿ-ը, հրեն, որքան ուզեք. ինչ վատ թեկնածու է Բագրատյանը, կամ Խաչատուր Սուքիասյանը, լավ, լավ, դե գոնե Ջհանգիրյանը` որ Նիկոլին ատամներով կպած չեք ուզում, իսկ դե ՀԱԿ-ի շեֆն էլ չի կողմնորոշվում: Կամ հենց ի՞նչ պակաս նախագահի թեկնածու է Լեոն Զուրաբյանը:

Ընտրազանգված չկա` նախագահի թեկնածու որքան ուզես: Թարսի պես էլ մի պահ «Բարգավաճի» հասցեին ինչ կոմպլիմենտ ասես շռայլեցին, հիմա մեկ էլ տեսար «Բարգավաճը» վերցնի ու գործող նախագահի թեկնածությանը սատարի: Բա իզո՞ւր էին կոմպլիմենտ անում Ծառուկյանին ու դեռ լրիվ հույսը չեն կտրել ԲՀԿ-ից: Ախուրյանցի մի մանչուկ ազգական ունեի` չէր սիրում, որ իրեն համբուրում էին: Որ համբուրում էինք, ասում էր` «Պաչիկս հետ տուր»: Է, ինչպես հետ վերցնել համագործակցության հույսով շաղախված կոմպլիմենտները, մանավանդ` էդ հողի վրա ներՀԱԿ հակասություններ որքան ասես: Հակասությունները, եթե կուզեք, ՀԱԿ-ի առաջընթացի շարժիչ ուժն են, որոնք փայլեցնում են ներՀԱԿ-ը ու օգնում դառնալ մեկ-միասնական թիմ ըստ Զուրաբյանի, որը չի ուզում այբուբենը մոռանալ` քաղաքական, թիմային, չհասկանաք հանկարծ` հայոց:

Ու որպեսզի շուլերների հետ կարողանա փոքեր խաղալ ՀԱԿ-ը` ընտրական օրենսգիրքը փոխելու ներՀԱԿ փաթեթ է առաջարկում, մի խոսքով: Խեղճ ընտրական օրենսգիրք, ով հասնում` ուզում է փոխել այն: Կկվի մասին առածը ձեզ օրինակ, կկուն անընդհատ փոխում է բունը, թե հոտած է, ու չի ենթադրում անգամ, որ իրենից է փտահոտը: Փոխեք, ով չի ալարում` թող փաթեթ առաջարկի, մի փաթեթ ավել, մի փաթեթ պակաս, որ ՀՅԴ-ն ու «Ժառանգությունն» առաջարկում էին նույն տիպի փաթեթ, ՀԱԿ-ի ձայնը չլսվեց, ու կուզեք Աստվածաշունչը դարձրեք ընտրական օրենսգիրք, նույն ժողովուրդը, որ սոված է` 5-10 հազարն առնելու ու էն տեսակ նանոկարուսել մտածի, որ ներՀԱԿ ընտրական օրենսգրքի ոչ մի դրույթ չի էլ կարողանա ենթադրել:

Բայց դե փաթեթ է, էլի, չխանգարա, Ազգային ժողովում թող պտտվի ու քննարկվի, խոսելու բան կլինի, թե չէ հանրահավաք-բան են հիշեցնում, որ խմբակցությունն էլ չլիներ` ՀԱԿ-ին արդեն մոռացած կլինեին: Իսկ ժողովուրդը հուսախաբված եւ հուսահատված է բոլոր քաղաքական ուժերից, այդ թվում` նախ ՀԱԿ-ից:

Լավ, կատակը մի կողմ, ՀԱԿ-ն է, ինչպես ժամանակին ՀՅԴ-ն, իր կողմից է առաջարկում ամբողջովին համամասնական կարգի անցնել, քվեաթերթիկների վրա եղած վերահսկողությունը հանելով, ինչը ոչ մի կարուսել չի թույլատրի այլեւս, ու ամենաիշխող կուսակցությունն էլ, եթե չի ուզում խայտառակվի միջազգային հանրության մոտ, պետք է ՀԱԿ-ի հետ համաձայնի ու հրաժարվի մեծամասնական կարգից: Էդ ի՞նչ միջազգային հանրություն է, էն, որ ընտրովի մեկ այսպես, մեկ այնպես է խոսում` նայած շահի, թե՞ էն, որ հիմա Օսկանյանի թիկունքին է կանգնած, կամ թե էն, որ Ծառուկյանի «կոնյաչնին» է գնում:

Բայց ամենածանրը, որ էսքան նախագահի պոտենցիալ թեկնածու ունեցող ներՀԱԿ Լ. Զուրաբյանն ասում է, թե պահեստային խաղացող էլ չունեն` մեն-միակ Տեր-Պետրոսյանն է, որ դեռ չի կողմնորոշվում (բա Նիկոլը, Ջհանգիրյանը, նույն Զուրաբյանը վերջապես...): Բացի դրանից` որ Տեր-Պետրոսյանը լռում է ու խոսելիս բոլոր հարցերի պատասխանը տալիս է, էս անգամ կարող է չխոսել, ախր, ամեն ինչ էլ առաջին անգամ է լինում: Դե որ ընտրություններին երկու ամիս է մնացել, լավ երկուսուկես, ու ՀԱԿ-ում չեն կարողանում հասկանալ` ինչ ռեսուրսի տեր են (Ծառուկյա՞նը), բա էլ ո՞նց կիմանան, թե ի՞նչ խնդիրներ են ունենալու ընտրություններից հետո:

Հիմա դառնանք Հմայակին` Հովհաննիսյան, ով տեսնում է, որ Օսկանյանի շուրջը կատարվողը Օսկանյանին միասնական թեկնածու դարձնելու մոդելավորում է` ԲՀԿ լուսանցքից գաղափարական առաջնորդ դարձնելու շարժընթաց, Հայաստանը պետք է կարողանա Վրաստանին հասնել` ըստ դրա ճարտարապետ Արեւմուտքի, որը նաեւ նախագծել է պառակտումը «Ժառանգությունում», որ Րաֆֆուն գծից հանի: Օ՜ֆ: Բա Ծառուկյանը, նրան հարցրե՞լ են, թե նրա գլխից են թռել մոդելավորողները:

Դեռ Հանթսմանն էլ է խոսելու, Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց երեկ, ու խոսելու է ամպրոպի նման, բա: Իսկ դե նախաքննությունը... ըստ փաստաբանի, ոչ մի նախաքննություն էլ չկա, ընդամենը քողարկված քաղաքական հետապնդում է (տես վերեւի` Արեմուտքի մոդելավորման մասը) եւ Օսկանյանի ասածներն էլ հաստատվում են:

Մնանք խաղի մասնակից`

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4