Փաստորեն Հայաստանում կոռուպցիոն պայքարը նոր մակարդակի է դուրս գալիս: Նախկին պաշտոնյաներ են ձերբակալվում, գործողներն են անձեռնմխելիությունից զրկվում, իսկ գործողներից ոմանք թաքնվում են, ոմանք իրենց այնպես են պահում, կարծես այս ամենն իրենց չի վերաբերում: Այլ հարց է, թե ինչո՞ւ է ամեն անգամ կոռուպցիոն պայքարը նոր մակարդակի դուրս գալիս, երբ առաջիկայում համապետական ընտրություններ են լինում, մանավանդ նախագահական, ու մի՞թե նաեւ սա կոռուպցիոն գործելակերպի դրսեւորում չէ, չէ՞ որ կոռուպցիան, ի վերջո կաշառքը նշանակում է ծառայություն ծառայության դիմաց, ավելի պարզ ասած` ես քեզ տալիս եմ մի բան, որպեսզի դու ինձ տաս քո ունեցած ինչ-որ բանը: Տվյալ պարագայում իշխանությունը մեզ տալիս է կոռուպցիայի դեմ պայքար` համեմված որոշ գործողություններով, իսկ առավելաբար` խիստ ու կոշտ ելույթ-հայտարարությունների շքերթով, քանի որ ակնկալում է մեր ձայնը: Ընդհանուր առմամբ, կոռուպցիայի դեմ պայքարը անգամ ծիծաղելի է. ուրիշ մարդկանց մոտ միշտ գտնվում են այնպիսի բաներ, որոնց կարիքը մենք զգում ենք, հետեւաբար ձգտում ենք ձեռք բերել դրանք, իսկ կոռուպցիան, այսինքն` կաշառքը, այդ ձեռքբերման ամենատարածված ձեւերից մեկը: Իհարկե, հնարավոր է մեղմել սրա մասշտաբներն ու ծավալները, մշակել մեթոդներ դրան հասնելու համար: Դրանցից մեկն, օրինակ, առաջարկում է բարձրացնել աշխատավարձերը: Օրինակՙ դատավորը ստանում է ամսական 500 հազար դրամ աշխատավարձ, որը, սակայն, դատավորին, իսկ ավելի ճիշտ նրա որդուն չի բավականացնում, ու դատավորը որոշում է այլ ճանապարհներով գումար աշխատել, մանավանդ որ հենց հիմա իր նախագահությամբ դատարանը քննում է մի շատ հարուստ ամբաստանյալի գործ: Եթե պետությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում որոշում է բարձրացնել այս դատավորի աշխատավարձը, ասենք, դարձնելով 500 հազար դրամից 750 հազար դրամ, մի՞թե սա ապահովագրում է տվյալ դատավորին կոռուպցիոն ռիսկերից: Նման մոտեցման կողմնակիցները պնդում են, որ այո, սակայն պատկերացնենք, որ մի մարդ ամսական ստանում է հազար ամերիկյան դոլար աշխատավարձ ու հերթականը գրպանում, վերադառնում է տուն: Հանկարծ նկատում է, որ փողոցում նետված է հարյուր ամերիկյան դոլարանոց, այս հազար դոլարը գրպանում մարդը կալարի՞, թե՞ ամոթ կզգա, կռանալ ու վերցնել հարյուր դոլարը եւս, մանավանդ որ իր այդ արարքի համար որեւէ մեկը նրան չի պատժի: Իհարկեՙ ոչ: Հետեւաբար վերոհիշյալ դատավորը եւս, անգամ 750 հազար դրամ աշխատավարձով, «կկռանա ու կվերցնի այն, ինչ նետված է փողոցում», քանի որ գաղտնիք չէ, որքան բարձր է մարդու աշխատավարձը, այնքան ավելիին է ձգտում: Ստացվեց, որ կոռուպցիան, ըստ էության, մեծ հաշվով առավելաբար մարդկային բնույթի հարց է, ուրեմն լուծումը հենց մարդկային բնույթի մեջ պետք է փնտրել: Օրինակ, կաշառք վերցրած մարդուն հրապարակավ ամոթանք տալ, խայտառակել, նրա հետագա կարիերան փլուզել: Մեզանում մի 50-60 հոգու (առավելագույնը) նման կերպ պատժելուց հետո կոռուպցիան հանկարծ ծավալները շեշտակիորեն կնվազեցնի: Իհարկե, սա գոնե այսօրվա Հայաստանում անհնարին է, թեկուզ այն պատճառով, որ այս 50-60 մարդիկ հիմնականում հենց այն ոլորտներում են, որոնք պետք է որոշումներ ընդունեն պատժելու այս 50-60 հոգուն... Այնպես որ, համոզեք ձեր մեքենատեր հարեւանին, որ նա ձեզ ընտանիքով տանի քաղաքից դուրս, քանի եղանակը տաք է, ու մի լավ հանգստացեք: Չմոռանաք լիցքավորել մեքենայի բենզաբաքը, եւ հետո կամ նախապես մի կարգին լավություն անել հարեւանին...:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ