Օրերս կարճատեւ ստեղծագործական այցով Նյու Յորք էր ժամանել կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանը: Պատեհ առիթ վերապահեց, շնորհիվ որդուՙ կինովավերագրող Զարեհ Ճգնավորյանի, զրուցելու իր հետ: Թեեւ ժամանակը չէր խնայել եւ ոչ մի սեւ մազ 75-ամյա մաեստրոյի փառահեղ գանգուրներում, ինքը գրեթե նույնն էՙ իր մշտազբաղ խառնվածքով, վարակիչ եռանդով ու նոր նախաձեռնություններով: Այժմ գրում է նոր օպերաՙ նվիրված միջնադարի պարսիկ բանաստեղծ Մոլավուն, որը հայտնի է եղել Պարսկաստանում Ռումի անունով: Մեծ ակնածանքով է սպասում Երեւանում կայանալիք իր հոբելյանական համերգին: Երեւանի տեսքը հաճելիորեն փոխվել է, ասաց, երեկոյան փողոցները լուսավոր են, ափսոսՙ արտագաղթն է շատ, առանձնապեսՙ Ռուսաստան: Հարցրեցի իրանահայության շրջանում տիրող տրամադրության մասին.- «Սիրիայում, առհասարակՙ Միջին Արեւելքում այսօր տիրող քաղաքական խառնակ իրավիճակը ինչպե՞ս է անդրադառնում Իրանում ապրող հայկական համայնքի կենսակերպի վրա»: Մաեստրոն հակիրճ պատասխանեց, որ հայկական համայնքը ապրում է իր առօրյա կյանքով, որեւէ խուճապ, տագնապ չկա: Գործում են եկեղեցին, դպրոցները, կյանքը նորմալ հունի մեջ է: Ասաց, որ քաղաքականությունից շատ խոսել չի սիրում, քանի որ ինքն այս ասպարեզում մասնագետ չէ:
«Մտադի՞ր է արդյոք ընտանիքով Հայաստան տեղափոխվել», ասաց. «Ոչ, ես ծնվել եմ Պարսկաստանում, այնտեղ ամեն անկյուն ինձ հարազատ է, ունեմ հին ընկերներ, որոնց հաճախակի հանդիպում եմ, ես ինձ լավ եմ զգում այնտեղ»:
Խնդրեցի պատմել իր նախնիների մասին, ի՞նչ արմատներից է ակունքվել Ճգնավորյանների տոհմը: Մայրըՙ Ադրինե Կարագաշյանը, ցեղասպանության հետեւանքով Էրզրումից գաղթել է Պարսկաստան եւ ընտանիքով հաստատվել պարսկական Բորուժերդ քաղաքում: Հայրըՙ Հայկազ Ավետիսյանը, ծնվել է Հայաստանի Արտաշատ քաղաքում: Նա 10-11 տարեկան հասակում մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին: Արել է այն, ինչ ուժը պատել է, հիմնականում ջուր է մատակարարել կռվող զինվորներին: Մաեստրոյի հայրը եղել է երդվյալ հակաբոլշեւիկ: Հայաստանի խորհդայնացումից հետո նա անցել է Պարսկաստան, Բորուժերդում բուժվել է Ադրինեի հոր մոտ, որը հայտնի բժիշկ է եղել այդ քաղաքում: Այնտեղ էլ Հայկազն ու Ադրինեն ամուսնացել են, ունեցել երեք զավակ: 1937 թվականին պարսկական քաղաք Բորուժերդում է ծնվել Լորիս Ճգնավորյանը: Հայրը հետագայում փոխել է իր ազգանունը եւ դարձել Ճգնավորյան: Այս ազգանունը հետաքրքրական նախապատմություն է ունեցել: Մաեստրոյի հայրական պապըՙ Հովհաննես Ավետիսյանը, Ուրմիայից 1870 թվականին եկել է Հայաստան, ապրել Արտաշատում: Մեծ տպավորություն ստանալով Գեղարդից ու շրջակա բնությունիցՙ նա որոշել է հեռանալ աշխարհիկ կյանքից եւ ճգնել Գեղարդի վանքում:
Ճգնավորի կյանքը տեւել է մի քանի տասնամյակ: Հետո Հովհաննեսը վերադարձել է Արտաշատ եւ արդեն հասուն տարիքում որոշել է ամուսնանալ: Իր ընտանիք կազմելու առաջարկությունը ընդունել է միայն այն ժամանակվա չափանիշներով տանը մնացած մի օրիորդ: Նրանք ամուսնացել եւ ունեցել են հինգ երեխա: Այսպես մի աղքատ, անխնամ ճգնավորի եւ տանը մնացած մի օրիորդի հետ ստեղծված ընտանիքից է սկսվել Ճգնավորյանների տոհմի պատմությունը:
Նախնիներից ժառանգած հայրենապաշտության զգացումը նրան մեծ, ապահով երկրներից մի օր բերեց երկրաշարժով ու արցախյան պատերազմով կաթվածահար եղած Հայաստան: Ով ապրել է 90-ականների երեւանան մղձավանջը, երբեք չի մոռանա Լորիս Ճգնավորյանի կազմակերպած ուրբաթօրյա դասական երաժշտության անվճար համերգները: Միջոցառում, որ հոգեւորից բացի հոգեբուժական թերապիայի ազդեցություն ուներ այն տարիներին խոր դեպեսիայի մեջ գտնվող մարդկանց համար: Հիշենք Հայաստանի անկախությանը նվիրված իր համերգները: Հիշենք Երեւան-Գյումրի իր կազմակերպած դրամահավաք-քայլարշավը երկրաշարժից ավերված քաղաքում արվեստի ակադեմիա ստեղծելու նպատակով: Հիշենք ու այնպես անենք, որ ծանր սրտով ահա տասը տարի Հայաստանից հեռացած մեր սիրելի մաեստրոն գա ու մնա հայրենիքում:
Շնորհավո՛ր 75-ամյա Ձեր հոբելյանը, մաեստրո՛ Ճգնավորյան:
ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք