«Փրկեք հայկական թաղամասը» (ՓՀԹ) կազմակերպությունը (ArQ) Երուսաղեմի Սրբոց թարգմանչաց հայկական վարժարանին է նվիրել քիմիայի, կենսաբանության եւ ֆիզիկայի լաբորատորիաների սարքավորումներՙ խրախուսելու կրթական մակարդակը բարձրացնելու կրթօջախի ջանքերը:
Ըստ ստացված հաղորդագրությանՙ ոչ շահութաբեր կազմակերպության նպատակն է վերակենդանացնել հայկական թաղամասը սուրբ քաղաքում եւ բարձրացնել մարդկանց իրազեկությունը Երուսաղեմի հայերի պատմական, մշակութային եւ կրոնական անցյալի մասին: Նաեւ նախատեսվում է ստեղծել այնպիսի պայմաններ, որ արտասահմանից ուսուցիչներ հրավիրվեն եւ դասավանդեն այնտեղ:
Սրբոց թարգմանչաց վարժարանի տնօրեն հայր Նորայր Գազազյանը երախտագիտություն է հայտնել կազմակերպությանը նման առատաձեռն նվիրատվության համար: Իսկ կազմակերպության նախագահ Մարի Ղուկասյանը նշել է, որ դա ընդամենը ավելի մեծ ծրագրի մի մասնիկն է, եւ որ օժանդակությունը վարժարանին կշարունակվի հետագայում եւս, որովհետեւ նպատակը վերակենդանացնելն է ամբողջ հայկական թաղամասը:
«Ուրախ ենք, որ կարողացանք որոշակի գումար հավաքել հին սարքավորումները նորերով փոխարինելու համար: Մենք ամեն ինչ անելու ենք, որ աշակերտները լիարժեք ուսում ստանան այս վարժարանում», ասել է Ղուկասյանը:
Մոտ ապագայում սպասվում են նաեւ այլ ծրագրերի իրագործումներ: «Ուսուցանիր դրսում» (արտասահմանում) ծրագիրը, օրինակ, նախատեսում է այլ երկրներում դասավանդող ուսուցիչներ հրավիրել Երուսաղեմՙ մեկ տարով այնտեղ ապրելու եւ աշխատելու: Հաշվի առնելով, որ այլ երկրներում աշխատող ուսուցիչները երբեմն չեն կարողանալու մեկ տարով բացակայել իրենց հիմնական կրթօջախից, ստեղծվելու են նաեւ «վեբ-դասարաններ», որոնց միջոցով աշակերտներըՙ կապ հաստատելով այդ ուսուցիչների հետ, ստանալու են համապատասխան կրթություն:
«ՓՀԹ»-ն առաջիկա ամիսներին տարբեր միջոցառումներ է կազմակերպելու, որպեսզի դրամահավաքների շնորհիվ կարողանա իրականացնել իր նոր ծրագրերը: Կազմակերպությանը օժանդակելու համար կարելի է այցելել www.savethearq.org կայքը:
Հ. Ծ.