«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2012-10-13 | #181, 2012-10-16 | #182, 2012-10-17


«ՔԱՋ ՆԱԶԱՐ» ԵՌԱՄՍՅԱՆ 40 ՏԱՐԵԿԱՆ Է

Գլենդեյլի ավագ դպրոցի դահլիճում նշվել է «Քաջ Նազար» պարբերականի լույս ընծայման 40-րդ տարեդարձը, տեղեկացնում է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթը:

Եռամսյայի հրատարակիչ եւ գլխավոր խմբագիր Հովհաննես Բալայանի անխոնջ ջանքերի եւ թերթի շուրջը հավաքված լրագրողների, երգիծանկարիչների եւ մտավորականների ներդրումների շնորհիվ հանդեսը մեծ հաջողություններ է արձանագրել եւ դարձել ամենասիրելի ու ամենափնտրված հումորիստական-սատիրական պարբերականը սփյուռքում:

Հրատարակման նպատակը չի եղել սոսկ զվարճացնելը, այլեւ հումորով քողարկված կառուցողական քննադատության միջոցով հասնել հասարակության մեջ տիրող հոռի բարքերի վերացմանը:

Բացի խմբագրի իր պաշտոնից, Բալայանը նաեւ վարում է մեծ ձեռներեցությամբ Kach Nazar Live հեռուստատեսային ուղիղ եթերի շաբաթօրյա թողարկումները Գլենդեյլի AMGA տեղական կաբելային կայանում եւ հակառակ իր տարիքին (նա 80 տարեկան է) հոբելյանական տարեթվի առթիվ վճռականություն է հայտնել եւս 40 տարի շարունակելու իր գործը:

Մեզ մնում է շնորհավորել եւ առողջության հետ բեղմնավոր գործունեություն մաղթել նրան:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4