Երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բուխարեստում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին եւ հանդես եկել ելույթով, որի մի շարք հետաքրքրական պահեր ներկայացնում ենք. «Հայ ժողովուրդը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է իր անցյալով, մշակույթով, ի վերջոՙ իր ներկա նպատակադրումներով եւ իղձերով: Հայաստանյան կուսակցությունների անդամակցությունը ԵԺԿ-ին բխում է մեր ընդհանուր քրիստոնեական ժառանգությունից, ինչպես նաեւ հիմնարար ազատությունների, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների սկզբունքներին համատեղ հանձնառությունից: Եվրոպական ժողովրդական կուսակցությունը դարձել է եվրոպական ինքնության վերարժեւորման կարեւորագույն օղակներից մեկը: Հետեւաբար, մենք դիտարկում ենք մեր անդամակցությունը ԵԺԿ-ինՙ որպես Եվրոպայի հետ ասոցացման գործընթացի կարեւորագույն բաղադրիչ: Մեր քաղաքական ընտանիքը եվրոպական ինտեգրման շարժիչ ուժն է, ինչպես նաեւ բարեփոխումների ջատագովն ու իրականացնողը», ասել է նախագահը` ընդգծելով, որ հատկապես Արեւելյան գործընկերության մեկնարկից հետո Հայաստան-Եվրոմիություն համագործակցությունը զարգանում է վերընթաց ուղիովՙ որակական եւ բովանդակային լուրջ առաջընթաց արձանագրելով համագործակցության բոլոր բնագավառներում. «Հայաստանն այսօր Արեւելյան գործընկերության առաջատարներից է ե՛ւ Ասոցացման բանակցությունների, ե՛ւ նախաձեռնված լայնածավալ բարեփոխումների առումով: Մենք ողջունում ենք այս գագաթաժողովի հռչակագիրը Միասնական շուկայի վերաբերյալ: Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրն ապագայում Հայաստանին նույնպես թույլ կտա օգտվելու Միասնական շուկայի հնարավորություններից: Հայաստանի կառավարությունը վերացրել է մուտքի արտոնագրեր ստանալու պահանջը ԵՄ եւ Շենգենյան համաձայնագրի երկրների քաղաքացիների համար: Հուսով ենք, որ ներկաները եւ Ձեր երկրների այլ հազարավոր քաղաքացիներ կօգտվեն Հայաստան անխոչընդոտ այցելելու այս նոր հնարավորությունից»:
Հայաստանի նախագահը եվրոպական ընտանիքին հավաստիացրել է, որ Հայաստանում արդյունավետ կառավարման եւ բարեփոխումների համապարփակ ծրագիր է մշակվում, եւ այդ նպատակներն իրականացնելու համար Հայաստանը կարիք ունի շոշափելի ֆինանսական աջակցության. «Հենց այդ նպատակով ենք Եվրոպական հանձնաժողովի հետ համատեղ նախապատրաստում դոնորների համաժողով Հայաստանի համար»:
Խոսելով Ղարաբաղյան հիմնախնդրի մասին նախագահը նշել է, թե Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությունը եվրոպական անվտանգության անբաժանելի մասն է. «Մենք այլընտրանք չենք տեսնում փոխզիջումների հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին: Վերջերս Եվրոպական միության անդամ երկրի կողմից արտահանձնված մարդասպանին հերոսացնելով` Ադրբեջանը մարտահրավեր նետեց ողջ քաղաքակիրթ մարդկությանը, եւս մեկ անգամ ապացուցեց, որ այլատյացությունն այդ երկրի պաշտոնական քաղաքականությունն է եւ անմիջական սպառնալիք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության համար»:
Մ. Խ.