«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2012-10-16 | #182, 2012-10-17 | #183, 2012-10-18


«ԵՎՐՈՊԱ ԵՎ ԱՐԵՎԵԼՔ»

Փարիզում լույս է տեսնում «Եվրոպա եւ Արեւելք» (LEurope et LOrient) հանդեսը, որը հրատարակում է Փարիզի «Չոպանյան ինստիտուտը»: Հանդեսի տնօրեն եւ «Չոպանյան ինստիտուտի» ատենապետ Վարուժան Սիրապյանի խոսքով` հանդեսն իր երկրորդը չունի աշխարհում այն իմաստով, որ հայ հովանավորների ֆինանսավորմամբ այս պարբերականը գրում է ոչ միայն հայկական, այլեւ Եվրոպայի եւ մեր տարածաշրջանի տարբեր կնճռոտ խնդիրների մասին` հրապարակ բերելով ամենահեղինակավոր մասնագետների կարծիքներ: Հանդեսն ընտրել է 4 գլխավոր ուղղություն, որոնք բոլոր համարներում ներկայացված են. առաջին գլուխը Եվրոպայի եւ Եվրոպական միության խնդիրներին է նվիրված, երկրորդը` Թուրքիայի, երրորդը` Կովկասի, չորրորդը` Միջին Արեւելքի, որոնց հրատապ թեմաների վերաբերյալ վերլուծականներ են ներառվում ամեն անգամ: Մի հինգերորդ` ազատ բաժին էլ կա, որը այս թեմաներից դուրս տաք խնդիրներն է վերլուծում:

Հանդեսի` հունիսին լույս տեսած 14-րդ համարը շատ մեծ արձագանք ունեցավ, եւ ահա թե ինչու: Փետրվարին Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ձախողումը եղավ ֆրանսիական խորհրդարանում, ու հանդեսն առաջինն էր, որ համարձակություն ունեցավ նկարներով, անուններով, կենսագրականներով եւ անհերքելի փաստերով ներկայացնել, թե ովքեր են ֆրանսիական խորհրդարանականներից եւ քաղաքական գործիչներից թուրքական եւ ադրբեջանական լոբբիի հետ աշխատողները: Բացահայտվեց նաեւ ֆրանկմասոնների, հրեական սիոնիստների հետ նրանց կապը, քանի որ հատկապես այս երկու խումբն է թուրքական պառլամենտի հետ աշխատում: Թուրքական լոբբին Փարիզում իրականացնում է «Բոսֆոր» ինստիտուտը, որն ավելի ուշ հիմնադրվելով 190 հոգի հեղինակային ակտիվով, սկսեց հենց «Չոպանյան ինստիտուտի» մեթոդով աշխատել, ներգրավելով ավելի շատ ֆրանսիացի մասնագետների, սակայն թուրքական լոբբիինգի փողերը մի 200 տոկոսով ավելի են, քան «Չոպանյան ինստիտուտինը»: Մի խոսքով` հունիսին լույս տեսած «Եվրոպա եւ Արեւելք» հանդեսի համարը քողազերծեց թուրքական լոբբիինգով զբաղված ֆրանսիացի գործիչներին, եւ դա ռումբի պայթյունի երեւույթն ունեցավ: Վարուժան Սիրապյանն ասում է, որ այդ քողազերծվածներից ոչ մեկը հանդեսին դատի չի տվել, քանի որ դատի ընթացքում ճշմարտությունը մի լրացուցիչ անգամ ջրի երես պիտի ելներ, եւ ոչ էլ որեւէ մեկը հերքել է հրապարակումները: Բացի այդ` դատը լրացուցիչ գովազդ կարող է լինել «Եվրոպա եւ Արեւելքի» համար` գրավելով նոր ընթերցողներ հենց տվյալ համարի առումով, իսկ հանդեսի ներկայացուցիչները մեկ առիթ եւս կստանային` ներկայացնելու Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի բուն իրողությունը:

«Չոպանյան հիմնադրամը» ստեղծվել է 2004-ին, երբ Արշակ Չոպանյանի մահվան 50-ամյակն էր: Հիմնադրամը հիմնվեց հոկտեմբերին, այդ տարին Թուրքիա-Եվրոպա երկխոսության վերաբերյալ խոսակցությունների սկզբի տարին էր նաեւ: Վարուժան Սիրապյանի խոսքով` միանգամից տեսանելի եղավ, որ թուրքական լոբբին «մեծ գործեր սկսած էր»` ջանալով ցույց տալ Եվրոպային, որ Թուրքիան հանրապետություն է, Թուրքիան ազատ երկիր է եւ այլն. «Մենք գիտեինք, որ այդպես չէ, եւ ինչպես Արշակ Չոպանյանն էր արել հարյուր տարի առաջ, իրականությունը մեջտեղ բերելու համար առաջին գիրքը հանեցինք` անունը դնելով «Եվրոպա-Թուրքիա` շատ կարեւոր հարց մը», եւ ադոր շնորհանդեսը, որ ըրինք ֆրանսիական պառլամենտում, շատ մեծ արձագանք ունեցավ»:

Այդ գիրքն այժմ քաղաքական դպրոցներում գործածվող խորհրդատվական գրքերից է, թեեւ հարցերի համառոտ բնութագրականներ է պարունակում, բայց` «Պետք եղած իրականությունները տվինք, սա մեկ, երկրորդ` ցույց տվինք, որ Թուրքիան չի փոխվել Օսմանյան կայսրությունից դեպի քեմալիզմ, այլ շարունակությունն է»: Դա տպվել էր որպես գիրք, եւ դեռեւս հանդես տպելու միտք չկար, սակայն արձագանքը գերազանցեց սպասելիքը` այն փնտրվում էր եւ ի վերջո 2500 տպաքանակ ունեցավ` անվճար տրամադրվելով նաեւ ֆրանսիացի եւ եվրոպական պառլամենտականներին ու քաղաքական գործիչներին:

Գուցե գրքի պահանջարկը առիթ տվեց նախաձեռնողներին 2005-ին ծնունդ տալ արդեն պարբերականի` «Եվրոպա եւ Արեւելք» անվամբ, 500-1500 օրինակով` նայած թեմաներին: Սկզբում տպագրվում է 500 օրինակ, եւ եթե այս կամ այն թեման մեծ հետաքրքություն է առաջացնում, նորից անհրաժեշտ տպաքանակը տպագրվում է: Հանդեսի տնօրեն Վարուժան Սիրապյանն ասում է, որ երկամսյա հանդեսը նույն փիլիսոփայությամբ է շարժվում, ինչ «Չոպանյան ինստիտուտը». «Մեր «հաճախորդները» հայերը չեն, խոսակցությունն ավելի շատ ֆրանսիացիների եւ եվրոպացիների հետ է, դրա համար անգլերեն եւ ֆրանսերեն է լույս տեսնում գիրք-հանդեսը, եւ մեր նպատակը այդ լսարանին իրազեկելն է այն նյութի մասին, որը նրանք չգիտեն: Նրանք, ովքեր նյութը չգիտեն, այս հանդեսով են սովորում, իսկ ովքեր գիտեն ու գիտենալով են ստում, էլի իրենց պատասխանը տրվում է այդ հանդեսում: Երկրորդ` առաջին հայկական կազմակերպությունը եղանք, որ բացինք կազմակերպություն ոչ հայերով` «Չոպանյան ինստիտուտի» կազմած կոմիտեի մեջ յոթ հոգուց երկուսը ոչ հայ են (լիբանանցի եւ ֆրանսիացի)»: «Եվրոպա-Արեւելքի» հեղինակները, որոնք բարձրակարգ պրոֆեսորներ են, նույնպես ֆրանսիացի, ռուս, թուրք, հրեա, իտալացի գիտնականներ են, որոնք իրենց նյութը գիտեն: Նկատի ունեցեք` հեղինակները չեն վարձատրվում, բայց հանդեսն արդեն այնքան մեծ հեղինակություն ունի, որ այստեղ տպագրվելը գովազդ է համարվում տվյալ հեղինակի, մանավանդ երիտասարդ հեղնակների համար: Սա փաստորեն հանդես չէ լայն զանգվածների համար, այլ` մասնագետներին, քաղաքական շրջանակներին, Եվրոպայի եւ Արեւելքի խնդիրներով հետաքրքրվողներին է ուղղված: Տարբեր շրջանակներ եւ կառույցներ կարեւոր են համարում հանդեսին բաժանորդագրվելը, օրինակ` 4 նախարարություն Ֆրանսիայում բաժանորդագրվում են հանդեսին: Հանդեսի եւ «Չոպանյան» հիմնադրամի կազմակերպած սեմինար-ժողովներին եւս այն վաճառվում է: Հայտնի վեբ-կայքերը նույնես գովազդում են հանդեսը` որպես հեղինակավոր հրատարակություն, որոնց միջոցով եւս վաճառք է կազմակերպվում:

Ինչպես ասվեց, թուրքերը «Բոսֆոր» ինստիտուտը տասը տարի առաջ ստեղծել են Փարիզում ու միլիոններ են դրել, որովհետեւ 10 տարի առաջ մտածել են, որ 10 տարի հետո մտնելու են Եվրոպա: Մեծ փողով, շատ մարդկանցով` մեկ նպատակ են դրել: Մեր հայկական կազմակերպությունը, ընդհակառակը, դրամ չկա, մարդ չկա եւ բազմաթիվ նպատակներ կան` Հայաստանին օգնելու, Արցախը ճանաչեցնելու, Ցեղասպանությունը ճանաչելու: Ի՞նչ է անում «Բոսֆորը»` դրամով է գործ տեսնում կամ ձրի ճամփորդության տանում: Բայց եւ` Ֆրանսիայի մեջ ամենալավ Թուրքիայի մասնագետները մենք ենք, քանի որ ինձ նման Թուրքիո մեջ ծնած-մեծացած տղաներ են, որ առօրյա կապ ունեն այդ երկրի հետ դեռ` հոտը շուտ մը կառնենք, եթե մի բան ըլլա: Ադանկ ըլլալով` այս տարվա սկիզբը «Բոսֆորը» գլուխ բերավ ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ձախողումը: Ես գրեցի, թե ինչպես մշուշի միջից անսպասելի մեծ շոգենավ մը մեկեն դիմացդ կելլա` այդ տպավորությունը տվավ մեզի: «Բոսֆորի» մեջը կան Ալեն Ժյուպեից (իրենց կոմիտեի մեջ է) մինչեւ հիմակվա ֆինանսների նախարարը, շատ լրագրողներ: Ինչպես որ մեղուն կերթա ամեն ծաղիկե կհավաքե` հավաքել են 190 հոգի` կեսը ֆրանսիացի, կեսը թուրք` դիվանագետներ, նախկին եւ ներկա պաշտոնյաներ, ու գործ են տեսնում: Մի խոսքով` հունիսին լույս տեսած «Եվրոպա եւ Արեւելքի» համարում այդ անունները մեջտեղ ելան, մինչեւ այսօր մեկը չի հերքել իր վերաբերյալ, որովհետեւ մենք սուտ չենք գրեր:

Եթե անգամ դատի տար մեկը, այդ դատի մեջ մեզի համար գովազդ կըլլար, որովհետեւ այդ դատի մեջ պիտի բացատրեինք, թե ինչու այդ բոլորը գրած ենք եւ ճշմարտությունը նորից ջրի երես կելլե», ասում է հանդեսի տնօրենը, որը նաեւ «Չոպանյան ինստիտուտի» հովանու ներքո գործող «Սիժեստ» հրատարակչության տնօրենն է: Վերջինս տպագրել է նաեւ թուրք հեղինակի ֆրանսերեն գրված գիրքը (այդ գիրքը նաեւ հայերեն է տպագրվել), ու այդ գիրքը նրա մասին է, թե ինչպես թուրքական բանակն այսօր ղեկավարում է Թուրքիան, ինչպես այդ երկրում մշտական զինվորական հեղափոխություն է: Հրատարակչությունը գործունեությունն սկսել է Արշակ Չոպանյանի գործերը տպագրելով. «Բայց հետո ունեցանք նաեւ մշակութային գրքեր, օրինակ` վերջերս Հայաստանի «Արեգ» հրատարակչության` Սամվել Գասպարյանի տպագրած «Հայաստանի հրաշալիքները» հանրագիտարանը ֆրանսերեն հրատարակեցինք: Այսինքն` հրատարակչության գործունեությունը նորեն սփյուռքի լոբբիինգի մեջ կմտնե, բայց ավելի շատ մշակութային, ոչ թե պոլիտիկ դաշտի վրա է»:

Մինչդեռ «Եվրոպա եւ Արեւելք» հանդեսը քաղաքական երեւույթ է փաստորեն ու մյուս հայկական հրատարակչություններից կամ ծրագիրներից տարբերվում է հենց նրանով, որ միայն հայկական դատը չի պաշտպանում, մյուս երկրների եւ ժողովուրդների դատերով եւ կնճիռներով եւս զբաղվում է. «Կնայինք, թե ուրիշների դատերը ինչպես կրնան մեզ հետ համաշխատիլ: Օրինակ` Սիրիայի հարցը ինձի համար գեոպոլիտիկ հարց մըն է, թե ինչու այսօր Իսրայելը կուզե Սիրիայի վերջը բերել. ինձ համար կարեւոր միտք է` եթե Սիրիան տակ տա, կրնա Իրանը տակ տա, եթե Իրանը տակ տա` կրնա Հայաստանի համար դժվարություն մեջտեղ բերել` չենք կարող միայն հայկական հարցը հանել եւ ասել, որ մենք աշխարհի կենտրոնն ենք»:

Հետաքրքրվեցինք` արդյոք Հայաստանի իշխանական կառույցները բաժանորդագրվել են հանդեսին.Հայաստանի սփյուռքի, մշակույթի եւ արտգործնախարարություններին եւս ուղարկվում է միշտ, մշակույթի եւ սփյուռքի նախարարությյուններից արձագանք կա, սակայն մինչեւ այժմ ԱԳՆ-ն չի արձագանքել: Նախագահի ապարատ էլ մեկ-երկու անգամ հանդեսն ուղարկվել է նամակով, բայց պատասխան չստացվեց: Մինչդեռ երբ խոսվում է սփյուռքի հայկական լոբբիի աշխատանքի արդյունավետությունից, զարմանալի է, ահավասիկ` պատրաստի մի գործիք, որը չի օգտագործվում:

Հանդեսը հայաստանցի հեղինակներ եւս ունի, օրինակՙ «Նորավանքի» ղեկավար Գագիկ Հարությունյանի հետ ծրագրեր կան, մտադրություն կա «Եվրոպա եւ Արեւելքում» ռուսերեն եւ հայերեն էջեր եւս ունենալու: Հանդեսի հեղինակներից են Արմեն Այվազյանը, Ռուբեն Մելքոնյանը, Ռուբեն Սաֆրաստյանը (անգլերենով). «Կովկաս բաժին որ ասվում է` Հայաստանը մեջն է, եւ Հայաստանի պրոբլեմներին երկու ձեւով ենք մոտենում. Հայաստանի ռազմավարական անվտանգությունը շատ կարեւոր մի բան է, քան, օրինակ, գենոցիդի ճանաչման խնդիրը, որը սովորաբար առաջին հերթին դրած են, բայց ինձ համար դա առաջինը չէ այսօրվա պայմաններում, քանի որ եթե գենոցիդը ճանաչեն ու Հայաստանի մեջ մարդ չմնա` ինչի՞ պետք է: Երկրորդ` եթե ընդունենք, որ Թուրքիան վաղը-մյուս օր ճանաչի, երկու հարց կմնա` ի՞նչ պիտի ուզենք, եւ ո՞վ պիտի ուզե, ադոնք պետք է մտածվին»:

Խոսքը եկավ-հասավ սփյուռքում հայկական կառույցների աշխատանքը համակարգելուն: Վ. Սիրապյանը նշեց, որ Հայաստանի անկախությունից հետո ֆրանսահայոց մեջ մի պահ քով-քովի եկան երեք ավանդական կուսակցությունները. «Որովհետեւ ադկե առաջ քսանչորս ապրիլի միջոցառումները երկու զատ-զատ խումբերով էին նշում, մեկ կողմեն` Դաշնակցությունը, մյուս կողմումՙ ոչ դաշնակցականները, այսինքնՙ երկու տեսակ արարողություն էր արվում: Համագործակցության առաջարկը ռամկավարներինն է, երեք կուսակցությունների համագործակցություն սկսվեց, անունը դրվեցավ COPA (հայկական կազմակերպությունների համագործակցության ձեւաչափ), երբ տեսան, որ դա արդյունավետ է, եկեղեցին էլ ընդգրկվեց` «Ապրիլ քսանչորս կոմիտեն» մեջտեղ եկավ: Սա առաջին փորձն էր Սփյուռքում հայկական կազմակերպությունների միասին աշխատակցության: Բայց ես հիմա դուրս եմ եկել այդ կառույցից, որովհետեւ մակարդակը շատ իջավ. տեղ մը եկած էինք, որ բարձր մակարդակով, Ելիսեյան պալատի հետ, ինչ գիտնամ` վարչապետի ու արտգործնախարարության հետ կապեր ունեինք, եւ մերին աշխատանքային ձեւն ու մեթոդները փողոց կանգնել-գոռալ ու դրոշակ այրելը չէ, եթե կարճ նկարագրեմ` մերինը երթալ, մարդիկը տեսնալ եւ իրենց բացատրելն է: Ասենք, Սաֆարովի դեպքով` գացինք դեսպանատան առջեւ պոռացինք-կանչեցինք` գործն ադ չէ: Գործը առաջ պետք է տանել», ասում է Վ. Սիրապյանը` հավելելով, որ դժբախտաբար հայկական արձագանքը ոչ թե զուգահեռ է ընթանում իրողություններին անգամ` առաջ անցնելու փոխարեն, այլ միշտ ուշանում է: Օրինակ` Ռամիլ Սաֆարովի արտահանձնման փաստից առաջ շատ մեծ աղմուկ կարող էր բարձրացնել Հայաստանը` նաեւ Սփյուռքի կառույցների օժանդակությունն այդ հարցում ակնկալելով. «Չըրավ: Անցած տարի Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ն Հայաստանի, Արցախի խաչքարերի էքսպոզիցիա կազմակերպեց, բացումից մեկ ժամ առաջ Ադրբեջանի ճնշումով նկարների տակի մակագրությունները հանվեցին: Ադիկա մեծ սկանդալ էր, մենք չընդունեցինք դա, բայց դեսպանը հոն էր` Վիգեն Չիտեչյանը, մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը հոն էր, շատ հուզված էին, լավ, բայց Հայաստանը պետք է ձայնը բարձրացներ, որովհետեւ այստեղ որեւէ բացի խնդիր չկա, Ադրբեջանը այդ մասով առել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Այստեղ պոլիտիկ չկար, մշակույթների խնդիր էր, չէ՞: Գրվեց այդ մասին, առաջինը ես գրեցի, հետո Արա Թորանյանը, բայց առաջին գործը Հայաստանի կառավարության գործն էր, չէ՞ որ իր հովանավորության տակ էր»:

Երկու տարի առաջ Ղարաբաղից ցանկություն եղավ, որ Ադրբեջանի գլոբալ դեզինֆորմացիայի դիմաց բան մը ընե «Չոպանյան ինստիտուտը» (քանի որ «Ալիեւ» հիմնադրամը ԼՂ հարցի վերաբերյալ ադրբեջանական տեսակետով գիրք էր հրատարակել), եւ ադիկա ուզեցինք պատրաստել, որովհետեւ երբ պատվիրում են` ուղղորդելով, թե ո՞ր նյութի վերաբերյալ ի՞նչ են ցանկանում, մենք արագ արձագանքում ենք», իրենց ստեղծած ենթակառուցվածքը Հայաստանից եւ Արցախից ճիշտ օգտագործելու հարցին այսպես պատասխանեց Վարուժան Սիրապյանը:

Վերադառնալով սփյուռքում համագործակցության թեմային` Սիրապյանն ասում է, որ, պետք է «գլոբալ կառույց մը մեջտեղ բերենք` երկու բանի համար. տարիների գաղափաներն ի մի բերելու եւ վիճակի դիագնոստիկան անելու համար. հինգ տարի ռամկավարների գլուխն էի` Ֆրանսայի մեջ, հանդիպեցա զանազան մարդոց հետ, բայց խոսքի մակարդակում էլ մնաց ամեն ինչ: Հրեաները ունին իրենց համաշխարհային կոնգրեսը, հրեաների համար կարեւոր հարցերի վերաբերմամբ համաշխարհային կառույցի միջոցով են որոշում կայացնում, ադ չունենք մենք այսօր», ասում է Սիրապյանը` նշելով, որ հայաստանյան եւ դաշնակցական շրջանակները չեն ցանկանում այդ կառույցի ստեղծումը, եւ այդ գաղափարը թղթի վրա է մնացել:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4