«Նավահանգստային քաղաքներ եւ տպագրիչներ: Հայկական գլոբալ տպագրության հինգ դարերը» վերնագրով միջազգային գիտաժողով է անցկացվելու Լոս Անջելեսի «Կալիֆոռնիա» համալսարանի (UCLA) «Ռոլֆ» դահլիճում նոյեմբերի 10-ին եւ 11-ին: Գիտաժողովը գումարվելու է համալսարանի արդի հայկական պատմության ամբիոնի վարիչ դոկտ. Սեպուհ Ասլանյանի նախաձեռնությամբ եւ համալսարանի պատմության ֆակուլտետի, Մերձավոր Արեւելքի ուսումնասիրության Գրյունբաում կենտրոնի, միջնադարյան եւ վերածննդի շրջանի ուսումնասիրության կենտրոնի, ինչպես նաեւ Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի (NAASR) համահովանավորությամբ: Մարկ Շենյանի առատաձեռն գրանտը հոգալու է բոլոր ծախսերը: Գիտաժողովը մեկնարկելու է համալսարանի «Ռոյս» դահլիճում, որտեղ դասախոսություն է կարդացվելու գրքի եւ ընթերցանության վաղ շրջանի պատմության մասին:
Ըստ ստացված հաղորդագրությանՙ հայկական գրքերի տպագրությունը մեծ մասամբ առնչվել է նավահանգստային քաղաքներին, բայց անհայտ պատճառներով այդ փաստը դուրս է մնացել գիտնականների ուշադրությունից: Գիտաժողովը փորձելու է պարզել նավահանգստային քաղաքների եւ տպագրության փոխադարձ կապը միջազգային ճանաչման արժանացած գիտնականների միջոցով: Գիտաժողովը կազմակերպվելու է ի պատիվ պրոֆ. Ռիչարդ Հովհաննիսյանի:
Հ. Ծ.