Երեկ ավարտվեցին երկու` թիվ 1 (Ավանի), թիվ 35 (Գյումրիի) ընտրատարածքներում Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրվելու ժամկետները: Դեկտեմբերի 2-ին այդ ընտրատարածքներում լրացուցիչ ընտրություններ են նշանակվել այն բանից հետո, երբ Ավանում Ռուբեն Հայրապետյանը վայր դրեց մանդատը, իսկ Գյումրուց ընտրված Սամվել Բալասանյանը դարձավ Գյումրու քաղաքապետ: Թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրել է Երեւանի կադաստրի պետ Ռոբերտ Սարգսյանին (ինչպես որ Գալուստ Սահակյանն էր ասել վերջին ճեպազրույցին): «Ժառանգությունից» առաջադրվել է Ստյոպա Սաֆարյանը: Բացի երկու քաղաքական ուժերիցՙ այս ընտրատարածքում պայքարելու են եւս երկուսը` ՀԱԿ-ի կազմից Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը ու եւս մեկը` անկուսակցական, ինքնաառաջադրված Էդուարդ Պետրոսյանը:
Իսկ Գյումրիի թիվ 35-ում, ինչպես եւ ավելի վաղ ասվում էր, ՀՀԿ-ն առաջադրել է գործարար Արման Սահակյանին («Սովրանո» ՍՊԸ տնօրեն, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ), նաեւ ՀՀՇ-ական Մուրադ Գրիգորյանը եւ եւս մի Արման, բայց Խաչատրյան, որն ինչ-որ միջազգային ընկերության աշխատակից է:
Թե ովքեր այս մարդկանցից կգրանցվեն, պարզ կլինի մինչեւ հոկտեմբերի 28-ը, երբ թեկնածուների գրանցման ժամկետն ավարտվի:
Մ. Խ.