«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2012-10-17 | #183, 2012-10-18 | #184, 2012-10-19


ՖՈՏՈԼՐԱԳՐՈՂԻ ՎԱՎԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Նրա ստեղծագործական աշխատանքի ու կարիերայի ամենաբեղուն տարիքը համընկավ Հայաստանում սկիզբ առած անկախության շարժման, Սպիտակի երկրաշարժի, Ղարաբաղյան պատերազմի ու սոցիալ-տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ժամանակաշրջանի հետ: Այս ընթացքում նա կազմեց հայ ժողովրդի նորագույն պատմության բացառիկ մի արխիվ, որն այսօր մեր պատմության կարեւոր վավերագրերից է` ավելի խոսուն, ավելի փաստացի, քան բազմաթիվ տեքստերն ու գրությունները: Եվ նման վավերագրություն ստեղծելու համար միայն լուսանկարչական ապարատն ու իրադարձությունների կիզակետում լինելը բավարար չէին, հարկավոր էր ֆոտոլրագրողի սուր աչք, պրոֆեսիոնալիզմ, համարձակություն ու այլ որակներ, որոնք բնորոշ էին Ռուբեն Մանգասարյանին , ով հեղինակն է լուսանկարների, որոնք 21 տարի անց ցույց են տալիս անկախության ճանապարհին հայ ժողովրդի հաղթահարած դժվարությունները:

«Անկախության ճանապարհին», սա հենց իր` հեղինակի ընտրած խորագիրն է: «Ցուցահանդեսի լուսանկարներն էլ ինքն է ընտրել, գաղափարը նրանն է, մենք պարզապես իրականացնում ենք այն», պատմում է Ռուբեն Մանգասարյանի ավագ եղբայրը` նկարիչ Տիգրան Մանգասարյանը :

Ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանի վաղաժամ մահվանից հետո` 3,5 տարվա ընթացքում, արդեն կազմակերպվել են նրա անհատական 3 ցուցահանդեսները, իսկ չորրորդը կբացվի հոկտեմբերի 25-ին Արցախում` Շուշի քաղաքում, որի պատմությունն ու ազատագրումը կարեւոր մասն են կազմում մեր նորագույն պատմության:

Ցուցահանդեսը, որը կբացվի Շուշիի մշակույթի տանը, կազմակերպում է «Շուշվա» ՍՊ տուրիստական ընկերությունը, որը թեեւ նորաստեղծ է, բայց ակտիվ գործում է, ընկերությունն ունի նաեւ իր էլեկտրոնային կայքը` shushva.com:

Նույն ցուցահանդեսն անցյալ տարի ներկայացվել է նաեւ Երեւանում` նախաձեռնությամբ «Ռուբեն Մանգասարյան հիշատակի հիմնադրամի», որը բացել են նրա սաները Ռուբեն Մանգասարյանի (1960-2009) մահվանից հետո:

Բացի բարձրակարգ մասնագետ լինելուց` Ռուբեն Մանգասարյանը նաեւ փոխանցում էր իր վարպետությունն ուսանողներին: «Շատ նախաձեռնող էր, նրա նախաձեռնությամբ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում բացվեց ֆոտոլրագրության բաժինը: Եվ ուներ շատ ծրագրեր, որոնք, սակայն, չհասցրեց իրագործել», պատմում է զրուցակիցս` ուրախությամբ հայտնելով, որ Ռուբենի սաների ստեղծած հիմնադրամը դարձավ մի տեղ, որտեղ նրա սաները համախմբվեցին:

Ռուբեն Մանգասարյանի իրականացրած վերջին ծրագրերից մեկը 2006-ին Հայ-թուրքական մերձեցման նախագիծն էր, սրա մտահղացումը դարձյալ Ռուբենինն էր: Ծրագրի առաջին փուլում եղավ փոխանակություն հայ եւ թուրք հինգական ֆոտոլրագրողների, որոնք լուսանկարեցին Ստամբուլում ու Երեւանում: Ապա հայ եւ թուրք ֆոտոլրագրողները լուսանկարեցին Գյումրիում ու Կարսում (Ղարս), որոնք իրար մոտ ու նման մշակույթով քաղաքներ են, իսկ երրորդ փուլի ժամանակ Ռուբեն Մանգասարյանն ու մի թուրք ֆոտոլրագրող անցան հայ-թուրքական սահմանն ամբողջությամբ ու լուսանկարեցին այդ ընթացքում:

«Ռուբենն իսկական լրագրող էր, լուսանկարչության գեղարվեստական մասը նրան չէր հետաքրքրում այնպես, ինչպես ֆոտոլրագրությունը, որը կարծում եմ ավելի բարդ է», նշում է Ռուբենի ավագ եղբայրը, որի կարծիքով` գեղարվեստական լուսանկարչությունը հիմա Հայաստանում բավականին մեծ շուկա ունի` ի տարբերություն ֆոտոլրագրության. «Բայց եթե լիներ լավ վճարում, լինեին պատվիրատուներ, ապա ֆոտոլրագրության դաշտը կսկսեր արթնանալ»:

Գեղարվեստական լուսանկարչության դեպքում լուսանկարիչն ինքն է կառուցում կադրը, իսկ ֆոտոլրագրողը ֆիքսում է արդեն եղածը, եւ հաճախ դա պետք է արվի արագ, քանի որ նույն կադրը վերականգնել այլեւս հնարավոր չի լինում:

Ֆոտոլրագրության մեջ նաեւ հետաքրքրական է, երբ լրագրողն աշխատում է որեւէ ֆոտոթեմայի շուրջը, ու նույնիսկ մի թեման ամբողջացնելու համար տարիներ են պահանջվում: Զրուցակիցս հիշում է, որ Ռուբենն ուներ թեմաներ, որոնց վրա տարիներով աշխատում էր` մի թեմայի շուրջը` 7 տարի, մյուսի շուրջը` 5 տարի: Առաջինը կոչվում էր «Սեւ կյանք», որը Հայաստանից դուրս դարձավ բավականին հայտնի ֆոտոշարք, սրա հերոսները փախստական մի ընտանիքի անդամներն էին: Ռուբենը նրանց նկարում էր Բագրատաշենում: Նրա այս աշխատանքը նաեւ ցույց տվեց, թե ֆոտոլրագրությունը ինչպես կարող է օգնել մարդկանց, որովհետեւ երբ լուսանկարները ցուցադրվեցին BBC-ով, սկսեցին օգնություն ուղարկել այս ընտանիքին: «Ու ամեն անգամ Ռուբենն օգնությունը տանում էր Բագրատաշեն, հասցնում ընտանիքին, լուսանկարում նրանց ու հետ գալիս», պատմում է Տիգրանը:

Իսկ թեման, որի վրա աշխատեց 5 տարի, մի կնոջ մասին էր: Նրա ամուսինը պատերազմի ժամանակ պատրաստում էր պայթուցիկ նյութեր, ու մի անգամ տանը դրանք պայթել էին, ինչի հետեւանքով կինը զրկվել էր 2 ոտքից ու մի ձեռքից: Դրանից հետո ամուսինը լքել էր նրան ու երեխաներին, ու կինը ստիպված ինքն էր սկսել հոգ տանել ընտանիքին: Ռուբենի ֆոտոխցիկը տարիներով հետեւում էր, թե ինչպես է անդամալույծ կինը պահում ընտանիքը, նա մի ձեռքով հագուստ էր գործում ու վաճառում, իսկ ստացված գումարով պահում երեխաներին ու նույնիսկ օգնում հարեւաններին:

Ռուբեն Մանգասարյանը մի այսպիսի թեմա էլ ուներ` նկարում էր, թե Արցախում պատերազմի ժամանակ ինչպե՞ս էին օգտագործում ռազմական ականների արկղերը` պատրաստելով դրանցից խրճիթներ, դագաղներ եւ այլն:

Տիգրանը պատմում է, որ պատերազմի ժամանակ Ռուբենը Երեւան գրեթե չէր գալիս. «Գալիս էր միայն լուսանկարների ժապավենները երեւակելու, իսկ հետո նորից վերադառնում էր Ղարաբաղ: Շատ տեղերում նա զինվորների հետ ռազմաճակատի առաջին գծում էր»: Ու նկարում էր տարբեր թեմաներով, որոնք պատերազմի թեմայի մեջ դառնում էին առանձին թեմաներ:

Ընդհանրապես, ֆոտոպատմությունների թեմաները բազմաթիվ են, սակայն պետք է լինեն իրենց աշխատանքին նվիրված պրոֆեսիոնալներ, որոնք կֆիքսեն այդ պատմությունները` դարձնելով դրանք վկայություններ սերունդների համար: Նման մարդիկ, իհարկե, կան, սակայն փոքրաթիվ են, նրանցից մեկն էլ Ռուբեն Մանգասարյանն էր, որի առաջիկա` ամսի 25-ի անհատական ցուցահանդեսի լուսանկարները վերցված են հեղինակի ֆոտոլրատվական արխիվից: Կցուցադրվեն 62 լուսանկար, որոնք չափսերով բավականին մեծ են: Տիգրան Մանգասարյանը նշում է. «Մեզանում թեեւ մեծ չափսերի լուսանկարներն անսովոր են, բայց երբ Ռուբենի մահվանից հետո նրա անհատական ցուցահանդեսները սկսեցինք մեծ չափսերի լուսանկարներով, ցուցահանդեսների փորձի մեջ դա մի տեսակ թարմություն ու ոճ բերեց»:

Մեր զրույցի վերջում Տիգրանը հավելում է, որ Շուշիի ցուցադրությունից հետո մտադիր են նույն ցուցահանդեսը ներկայացնել նաեւ Մոսկվայում, ապա Եվրոպայում:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Նկար 1. Ռուբեն Մանգասարյան

Նկար 2. «Անկախության ճանապարհին»

Նկար 3. Տիգրան Մանգասարյան

Նկար 4. Ռուբեն Մանգասարյան «Անկախության ճանապարհին»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4