«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2012-10-18 | #184, 2012-10-19 | #185, 2012-10-20


ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՊԱՀ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՄԱՐ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Ապացուցված է, որ սուրբ վայրերը, որոնք միտված են լինելու խաղաղության երկրամասեր, մեծ մասամբ վերածված են աշխարհի ամենատառապյալ շրջանների: Եվ հայերը, որոնք ավանդաբար հակված են եղել բնակվելու տագնապալի տարածքներում, ավելի քան երկու հազարամյակ անմասն չեն մնացել Երուսաղեմի ճակատագրից: Ենթադրվում է, որ հայերը Երուսաղեմում հաստատվել են դեռեւս Տիգրան Մեծ օրոք, երբ վերջինս մ. թ. ա. 95-55 թվերի իր իշխանության որոշ ժամանակահատվածում Երուսաղեմը համարել է իր հսկայական կայսրության մի մասը: Բայց Երուսաղեմի հայ վանական դասի Սուրբ Հակոբյանց միաբանությունը 6-րդ դարից է սկսել իր գործունեությունը:

Երուսաղեմի վտանգներով հագեցած ճակատագիրը այլ կրոնական հավատի ներկայացուցիչների հետ կրելով, հայերը բախտավոր են եղել այն առումով, որ կարողացել են ժամանակի ընթացքում ձեռք բերել ինչպես անշարժ գույքի, այնպես էլ կրոնական, գիտական եւ մշակութային թանկարժեք գանձեր:

Թագավորներ, մտավորականներ եւ նույնիսկ հասարակ ուխտագնացներ անգնահատելի գանձերով հարստացրել են Սբ Հակոբավանքը, հավատ ընծայելով, որ միաբանությունը տեր կկանգնի այդ բոլորին: Մարդկային թուլությունը, սակայն, պատասխանատու անձանց մեջ երբեմն ավելի կարեւոր դեր է խաղացել, քան հավատը, եւ պատրիարքարանի ներքին խնդիրներին եկել են ավելանալու նաեւ արտաքին ուժերի հարուցած խնդիրները:

Սույն թվի հոկտեմբերի 12-ին ամենապատիվ Թորգոմ արք. Մանուկյանի վախճանմամբ միաբանությունն ու պատրիարքական աթոռը նոր մարտահրավերների առաջ են կանգնածՙ կապված նրան հաջորդող նոր պատրիարքի ընտրության գործընթացի հետ:

Մանուկյան արքեպիսկոպոսը ընտրվել էր 1990-ի մարտի 22-ին, այնպես որ, որպես պատրիարք, նա քսաներկու տարի է ծառայել: Արթուր Հակոբյանը իր հավուր պատշաճի սրտառուչ մահախոսականում մեծ գնահատանքով է խոսում պատրիարքի ձեռքբերումների մասին:

Դժբախտաբար, պետք է նշել, որ նշված լավ գործերը նսեմանում են պատրիարքարանից բխող խնդիրների պատճառով: Պատրիարքը միանշանակ հմուտ մտավորական էր, կայացած գիտնական, ինչպես իր անվանակից Թորգոմ պատրիարք Գուշակչյանը: Բայց նա ձեռնհաս կառավարիչ չէր: Ահա թե ինչու որոշ արժեքավոր ունեցվածքներ մենք կորցրինք իր կառավարման օրերին: Թե ո՞վ կհաջորդի նրան, մեզ միայն մնում է գուշակել:

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը վանական մի կառույց է, որ տեղի սուրբ վայրերը վերահսկում է Հույն ուղղափառ, Հռոմի կաթոլիկ, ինչպես նաեւ սիրիացիներին եւ ղպտիների պատկանող եկեղեցիների հետ միասին: Հայկական պատրիարքարանի տարածքը հին քաղաքի մեկ վեցերորդ մասն է զբաղեցնում: Դրան գումարած պատրիարքությունը ունի նաեւ կալվածքներ պատրիարքարանի տարածքից դուրս: Մինչեւ օրս արտաքին աշխարհը տեղեկացված չէ պատրիարքարանի անշարժ գույքի ունեցվածքի մասին եւ գուցե պատրիարքարանի ներսում էլ ոչ ոք ճշգրիտ տվյալներ չունի այդ մասին: Բայց համաշխարհային հայկական համայնքը միշտ էլ ստիպված է եղել օգնության ձեռք մեկնել պատրիարքարանից հնչող հուսահատ կոչերի առիթներով:

Երուսաղեմի պատրիարքությունը իր բոլոր հարստություններով եւ գանձերով շատերի ուշադրությունն է գրավել: Ամեն անգամ, որ Իսրայելն ու Պաղեստինը Երուսաղեմի ապագայի հարցով բանակցություններ են անցկացրել, հայկական պատրիարքարանը օրակարգի հարց է եղել իր զբաղեցրած պատմական անշարժ գույքի պատճառով:

Հրեաներից եւ պաղեստինցիներից բացիՙ թուրքերն էլ են շահագրգռված նրա ճակատագրով, հատկապես այն պատճառով, որ Հայոց ցեղասպանությանն առնչվող արխիվային հսկայական նյութեր կան այնտեղ: Հունական պատրիարքությունը հավիտենական «փուշ» է եղել իր հայկական գործընկերոջ կողքինՙ հետապնդելով ոտնձգության ագրեսիվ քաղաքականություն սրբազան վայրերի հանդեպ հայերի ունեցած իրավունքների նկատմամբ, հատկապես Ծննդյան եւ Զատկվա ծիսակատարությունների օրերին: Այս բոլոր կողմերը ուշիուշով հետեւում են, թե ով է հաջորդելու պատրիարքին եւ ինչքանով են իրենց շահերը Երուսաղեմում ներկայացվելու:

Մեկ ուրիշ շահագրգիռ կողմ էլ Անթիլիասի աթոռն է, որ դեռեւս իր իշխանության ներքո է պահում Իրանի թեմը, հակառակ որ սառը պատերազմը վաղուց վերացել է, պարզապես նսեմացնելու համար Մայր աթոռ Սբ Էջմիածնի իշխանությունը:

Բաժանումը շարունակվում է հայկական եկեղեցու ներսում, եւ անթիլիասականները հավատացած են, որ ամեն մի վրիպում Էջմիածնի կողմից նպաստելու է Կիլիկյան աթոռի ամրացմանը:

Թուրքիան իր հերթին սառեցրել է Ստամբուլի պատրիարքարանի կացությունը, թույլ տալով, որ իրենց հաճո անձը ստանձնի պատրիարքարանի կառավարումը, անտեսելով Էջմիածնի միջամտությունը:

Թորգոմ արքեպիսկոպոսի հիվանդությունից հետո միաբանությունը 2012 թվի հունվարի 30-ին Նուրհան արք. Մանուկյանին նշանակեց պատրիարքական փոխանորդ: Ներկա դրությամբ միաբանությունը դարձյալ պետք է ընտրի տեղապահ մինչեւ հաջորդ պատրիարքի ընտրությունը, որը պետք է կայանա նախորդի մահվանից 40 օր անց: Ով որ ընտրվի տեղապահ, իրավունք է ստանալու վերահսկելու զարգացումները եւ իր հայեցողությամբ անցկացնելու ընտրությունները:

Սրբազան վայրերը կառավարվում են դեռեւս օսմանյան կառավարիչ սուլթան Աբդել-Մեջիդի օրոք հրապարակված «ստատուս քվոյի» օրենքներով: Հայկական պատրիարքարանն ունի իր ներքին օրենքները, որով միայն միաբանության անդամները իրավունք ունեն մասնակցելու ընտրություններին:

Առաջին հայացքով ու տրամաբանական կարող է թվալ, քանի որ բացառում է արտաքին միջամտությունը, բայց պատմականորեն միշտ էլ հաջորդական կառավարությունները իրենց մասնակցությունը բերել են այս կամ այն ձեւով ուղղակի կամ անուղղակի միջոցներով: Եվ դա, անշուշտ, ընտրությունների արդյունքի վրա թողել էր իր ազդեցությունը: Մեր հիշողության մեջ թարմ է օրինակը ընտրված պատրիարք Տիրան արք. Ներսոյանի, որին հորդանանյան իշխանությունները վտարելովՙ փոխարենը գահին նստեցրին Եղիշե արք. Տերտերյանին:

Չնայած կատարված քայլը անօրինական էր, այդուհանդերձ արքեպիսկոպոս Տերտերյանը ապացուցեց, որ հիանալի դիվանագետ է, որը կարողացավ ճիշտ հունով եւ վարպետորեն առաջ տանել պատրիարքարանի գործունեությունը: Նշենք նաեւ, որ Երուսաղեմի ընտրյալ պատրիարքը չի կարող իր պաշտոնի գլուխն անցնել առանց Հորդանանի եւ Իսրայելի իշխանությունների հավանության:

Դժբախտաբար միաբանության ներքին օրենքներն ավանդաբար պատնեշ են հանդիսացել դրականորեն տրամադրված հայկական կուսակցությունների եւ նույնիսկ Մայր աթոռ Սբ Էջմիածնի ազդեցություններին: Եկեղեցական վերջին ժողովի գումարման ժամանակ, օրինակ, Էջմիածնից ժամանած երկու պատգամավորների թույլ չէր տրված մասնակցելու ժողովին եւ կարդալու Վեհափառ հայրապետի ողջույնի խոսքը: Միաբանության անդամներից մեկն էր կարդացել ուղերձըՙ պատճառաբանելով, թե այդ երկու պատգամավորները «միաբանության անդամ չեն»:

Թե ով կլինի տեղապահՙ հայտնի չէ: Անվանի եւ փորձառու կղերականներ հրաժարվել են իրենց թեկնածությունը դնել, որն իր հերթին ասպարեզ է թողել, որ առավել երիտասարդ եւ անփորձ կղերականներ առաջադրվեն: Աստված չանի, որ սխալ թեկնածուն ընտրվի, քանի որ Երուսաղեմի պատրիարքարանի ճակատագիրն է այդպիսով վտանգվելու:

Ասում ենՙ պատերազմը շատ կարեւոր գործարք է, որը չպետք է թողնել միայն գեներալների հայեցողությանը: Նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ Երուսաղեմը չափազանց կարեւոր մի կենտրոն է, որի ճակատագիրը չպետք է թողնվի հայեցողությանը 20-30 միաբանական կղերականների, որոնցից ոմանք սխալմամբ են ընտրել հոգեւորականի կոչումը:

Ինչպես տեսնում ենք, մարտահրավերները հսկայական են: Միայն խելամիտ ու շրջահայաց կոնկլավըՙ եկեղեցական գաղտնի ժողովը կարող է, պահի պատմական կարեւորությունը գնահատելով եւ անձնական փառասիրությունից վեր կանգնելով, ընտրել արժանավորինՙ ի շահ պատրիարքարանի հետագա գոյության:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4