«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2012-10-18 | #184, 2012-10-19 | #185, 2012-10-20


ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ Է, ՔԱՆ ՀՀԿ-ԻՆԸ, ԸՍՏ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը երեկ լրագրողներին տեղեկացրեց, որ կուսակցությունը պատրաստվում է դեկտեմբերին տեղի ունենալիք համագումարին, որի ընթացքում նախագահի թեկնածու են առաջադրելու եւ ապա սկսելու են քարոզչական աշխատանքի նախապատրաստությունը:

«Ազգը» հետաքրքվեց Գ. Սահակյանից, թե արդյոք նոր, եռակողմ կոալիցիոն հուշագրի անհրաժեշտություն կա, ինչի մասին օրումեջ խոսում է մամուլը. «Չկա նման քննարկում, մեզ մոտ նման բան չի քննարկվում, անհրաժեշտությունը հո օդում չի լինում, պիտի քննարկվի, չէ՞»: Իսկ արդեն ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ բանակցություններ կա՞ն, ինչպես որ մամուլն է գրում` նշելով, թե վարչապետի պաշտոնն ու քանի՞ նախարարական պորտֆել է ուզում ԲՀԿ-ն. չէ, որեւէ բանակցություն ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ այժմ տեղի չի ունենում, եւ անհասկանալի է` ինչո՞ւ պետք է բանակցեն, երբ կա կոալիցիոն հուշագիր, նոր ասելիք էլ չկա: Իսկ թե ի՞նչ գին է վճարվելու ԲՀԿ-ին` Սերժ Սարգսյանին որպես նախագահի թեկնածուի սատարելու համար, Սահակյանը պատասխանեց երբեմն դրսեւորվող երգիծանքով. «Դոլարի եւ եվրոյի կուրսը փոխվի` այն ժամանակ էլ կասենք»: Ու հավելեց, որ ուժեղն իրենք են, ու որ ասում են բանակցել` ուժեղի հետ են բանակցում, ուժեղն էլ կարող է բոլորի հետ համագործակցել:

Գ. Սահակյանն իր խոսքում ասել էր, թե Սերժ Սարգսյանի վարկանիշն ավելի բարձր է, քան ՀՀԿ-ինը: Սերժ Սարգսյանի վարկանիշն այնքան բարձր է, որ նա նորից նախագահ կդառնա, քանի որ չկա մի այնպիսի թեկնածու, որը կարողանա մրցակցել գործող նախագահի հետ: Այդ կարծիքն առաջարկեցինք բացել եւ մանրամասնել` կանգ առնելով այն պահի վրա, թե ինչու է ՀՀԿ-ի վարկանիշն ավելի ցածր. «Ոչ թե ՀՀԿ-ի ռեյտինգն է ցածր, այլ նախագահի ռեյտինգն է բարձրացել, ու դա նրանից է, որ նա ոչ միայն ՀՀԿ նախագահն է, այլ նաեւ երկրի նախագահը. առանձնացել ու անհատականություն է դարձել, դա ՀՀԿ-ի վերլուծությունների արդյունքում է: Իսկ ՀՀԿ-ի ռեյտինգը ցածր չէ, սահմանված չափի է»: Նա ոչ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, որն էլ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին նախագահի թեկնածուի դերում չէր տեսնում` Ծառուկյանը տարիների ընթացքում չինովնիկ դառնալու որեւէ ձգտում չի դրսեւորել, Վարդան Օսկանյանն էլ երբեք գլոբալ քաղաքականության մեջ չի եղել (ի պաշտոնե արտաքին քաղաքականությունը 10 տարի կռողը քաղաքականությունից դո՞ւրս է եղել-Մ.Խ.), ընդամենն ԱԳ նախարար է եղել, այս ու այն երկիր է գնացել, մի գյուղացու տուն անգամ չի գնացել: Իսկ որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը Օսկանյանին սատարող հայտարարություն է արել, ըստ Գ. Սահակյանի` «Կասկածներն էլ ավելի խորացան, որ նա զբաղվել է փողերի լվացմամբ: Թե չէ ինչո՞ւ կարծիք չհայտնեց, ասենք, Չինաստանի կամ Ճապոնիայի դեսպանը: Լավ գիտեմ Օսկանյանին: Ուզում եմ հասկանալՙ ո՞վ կբերի 2 մլն դոլար փող կտա Օսկանյանին կամ մեկ ուրիշին, ու ասիՙ «ոնց ուզում ես բարեգործություն արա»: Բարեգործը ծրագիր է տալիս»: Միաժամանակ նա ասաց, թե չէր ուզենա, որ Օսկանյանը հանցագործ համարվի, այդ դեպքում, ուրեմն, 10 տարի հանցագործի հե՞տ են աշխատել, եւ եթե Օսկանյանը անմեղ է` անպայման Օսկանյանից ներողություն են խնդրելու: Համենայն դեպս, ըստ ՀՀԿ փոխնախագահի, որեւէ մեկն այսօր դեռ իրավունք չունի մեղադրելու Օսկանյանին, ոչ էլ նրանից անձեռնմխելիություն է վերցվել, ուղղակի ուրիշ ձեւով հնարավոր չէ նայել նրա բանկային հաշիվները, դա հնարավոր է միայն որպես մեղադրյալի կցելով գործին:

Հարցեր եղան այն մասին, թե վտանգի մասին իմանալով ՀՀԿ-ն այնուամենայնիվ էժան փուչիկ է պատվիրել մայիսի 4-ի միջոցառման համար. «Է, լավ, էլի, ՀՀԿ-ն իմացել է վտանգի մասին ու բերել է, որ պայթե՞ն», հակադարձեց Գ. Սահակյանը` իրոնիայի մի չափաբաժին էլ բաց թողնելով, թե շուտով կսկսվի քարոզարշավը, բոլորը կկպչեն Հանրապետականին, փուչիկները կպայթեցնեն ու կհանգստանան:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4