Հանրահայտ կոմպոզիտոր, գործիքավորող, դաշնակահար Միշել Լեգրանը Հայաստանում է, եւ այս այցի ժամանակ Երեւանում կլինի նրա 80-ամյակին նվիրված համերգ: Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում ժամը 19-ին իր իսկ մասնակցությամբ կլինի տոնական համերգը, որով նաեւ տեղի կունենա փակումը Երեւանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի: Բացի հանրահայտ կոմպոզիտորից` համերգին կմասնակցեն Միշել Լեգրանի կինը` Փարիզի օպերային թատրոնի տավղահարուհի Քեթրին Միշելը, Նիկողայոս Վարդանյանը (կոնտրաբաս), Նարեկ Խեչումյանը (հարվածային գործիքներ), նաեւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը:
Միշել Լեգրանը երեկ հանդիպեց լրագրողների հետ ու պատասխանեց հարցերին:
Միշել Լեգրանը նախ նշում է, որ համերգն իրեն հետաքրքրում է ոչ ծննդյան տոնակատարության առումով, իսկ իր տարիքի մասին ասում է. «Ես իմ տարիքը չեմ զգում որպես ծանրություն ուսերիս»:
Հայաստանում իր ելույթը Միշել Լեգրանը կարեւորում է հետեւալ կերպ. «Հայաստանն իմ սրտի համար յուրահատուկ երկիր է»: Երաժշտի մայրը սերում է հայկական ազնվական ընտանիքից: Երաժիշտը պատմում է` երբ 10 տարի ապրել է իր պապիկի հետ, որը հայ է եղել, նրանից շատ պատմություններ է լսել Հայաստանի մասին: «Պապիկս սազ եւ ուդ է նվագել եւ դաշնամուրի վրա ինձ ցույց է տվել ակորդներ, որոնցով կարելի է նվագակցել հայկական երաժշտությանը», ասում է Միշել Լեգրանը: Հայաստան իր այցելությունը կարեւոր է եղել նաեւ նրանով, որ այստեղ հանդիպել է գերդաստանի անդամներին, որոնց մինչ այդ չէր տեսել:
Միշել Լեգրանի համերգը կազմակերպել են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն ու Լոնդոնի City Lights Entertainment-ը:
Միշել Լեգրանը շարունակում է ակտիվ աշխատել, հանդես գալ նոր ստեղծագործություններով: Նախատեսում է հաջորդ տարի գրել երաժշտություն նոր ֆիլմի համար, ի դեպ ֆիլմն էլ պատրաստվում է ինքը նկարահանել: Երաժիշտն ասում է, որ նաեւ որպես ռեժիսոր ֆիլմեր է նկարահանում: Հայկական որեւէ ֆիլմի համար Միշել Լեգրանը երաժշտություն չի գրել, բայց եթե առաջարկ ստանա, ապա սիրով կկգրի երաժշտություն նաեւ հայկական ֆիլմի համար:
Միշել Լեգրանը հեղինակել է շուրջ 800 երգեր, գրել սաունդթրեք 250 ֆիլմի համար, թողարկել է տարբեր ժանրերի ավելի քան 100 ձայնասկավառակ: Նա 3 անգամ արժանացել է «Օսկարի», 5 անգամ «Գրեմմի» եւ էլի ուրիշ մրցանակների: Եվ տարիների ընթացքում երաժշտության միջոցով գտել է երջանկության իր բանաձեւը, որը կյանքը երաժշտությանը նվիրելն է: «Իմ կիրքը երաժտությունն է», ավելացնում է երաժիշտը, որը չնայած կյանքում ունեցած բազմաթիվ նվաճումներին ու երջանիկ պահերին` խոստովանում է, որ կյանքի որեւէ հատվածը նորից ապրել չէր ուզենա, քանի որ այդ ամենն արդեն անցյալում է, իսկ ինքն անցյալին կապված մարդ չէ:
Այսօրվա համերգի ընթացքում հնչելու են Միշել Լեգրանի հեղինակած երգերը, իսկ ինքը հանդես կգա ե'ւ որպես երգիչ, ե'ւ որպես դաշնակահար ու դիրիժոր:
Ի. Պ.