«20 տարի անց երեւի բնական է թվում, որ մենք Կահիրեում ունենք Հայաստանի Հանրապետության ամենագեղեցիկ եւ ամենաներկայանալի դեսպանատներից մեկը, որը նաեւ Եգիպտոսում օտարերկրյա դեսպանություններից լավագույնների շարքում է», hոկտեմբերի 20-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում եգիպտահայ ականավոր մտավորական, ազգային, հասարակական գործիչ Պերճ Թերզյանի ՙ Եգիպտոսում ՀՀ դեսպանատան հիմնադրման մասին գրքի շնորհանդեսին իր ելույթում ասել է նախարար Էդվարդ Նալբանդյանը :
Աշխատությունը նվիրված է 20-ամյա պատմություն ունեցող հայ-եգիպտական հարաբերությունների կերտման ակունքներին, մասնավորապես Եգիպտոսում Հայաստանի դեսպանության ստեղծմանը եւ կայացմանը:
Ըստ Նալբանդյանի խոսքերիՙ Պերճ Թերզյանը, երկար տարիներ հանդիսանալով ՀԲԸՄ Կահիրեի մասնաճյուղի ատենապետը, ոչ միայն ականատեսը եւ վկան է եղել Եգիպտոսում Հայաստանի դեսպանատան հիմնադրմանը, այլեւ իր գործուն մասնակցությունն է բերել դեսպանության կայացմանը եւ հետագա գործունեությանը, եւ այդ կապակցությամբ երախտիքի խոսքեր է ասել գրքի հեղինակին:
«Արդեն 20 տարի է անցել Հայաստանի եւ Եգիպտոսի դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրից, եւ այդ ընթացքում փոխշահավետ համագործակցությունը զգալի առաջընթաց է ապրելՙ ընդգրկելով քաղաքական, տնտեսական, գիտակրթական, մշակութային եւ մի շարք այլ ոլորտներ: Բնականաբար, այդ ձեռքբերումներում իր կարեւոր դերակատարությունն է ունեցել եւ շարունակում է ունենալ Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, որի կողքին մշտապես կանգնած է եղել եգիպտահայ համայնքը», նշել է նախարար Նալբանդյանը: Գրքի ընթերցմամբ նա վերհիշել է 20-ամյա վաղեմություն ունեցող իրադարձությունները, երբ Կահիրեում սկսեց գործել Հայաստանի ամենագեղեցիկ ու ներկայանալի դեսպանատներից մեկը: Սակայն, ըստ նախարարի, «քչերին է հայտնի, թե ինչ դժվարությունների, ինչ ջանքերի արդյունքում է դա իրականություն դարձել»:
«Այս գիրքը հարգանքի տուրք է նաեւ եգիպտահայ համայնքի ներկայացուցիչներին, ովքեր միշտ եղել են դեսպանության կողքին` իրենց նպաստն են բերել դեսպանության գործունեությանը», նշել է նախարար Նաբլանդյանը:
Ա. Հ.