Ստորեւ թարգմանաբար եւ կրճատումներով ներկայացվող հոդվածում Լիբանանում հրատարակվող «Դիտակ» մշակութային, հասարակական եւ տնտեսական ամսագրի խմբագիրներից, լրագրող Համո Մոսկոֆյանը տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց (քաղաքական, պետական գործիչներ, լրագրողներ, խորհրդարանականներ, խմբագիրներ եւ այլք) հետ հարցազրույցների միջոցով փորձում է գլուխ հանել Մերձավոր Արեւելքում ստեղծված քաղաքական թնջուկից:
Գնդապետ Հյուսեյն Զեյդան , Սիրիական ռազմական ակադեմիայի հիմնադիր (1963-ին), Բաասական առաջին պետական հեղաշրջման (1963 թ.) մասնակից: Մահացել է Մեզզեյի զինվորական բանտում 1991-ին:
«Իշխող վարչակարգի անդամները կարծում են, թե դարեր շարունակ իշխանությունը իրենց ձեռքում են պահելու: Նրանք ջախջախեցին ամեն մի առաջադիմական ընդդիմություն, լռեցրին բաասիստներին, կոմունիստներին, նասերականներին, մտավորականներին ու ժողովրդավարներին, ստեղծելով մի վակուում, որը ժամանակի ընթացքում լցվելու է իսլամական կրոնական ծայրահեղականներով, արկածներ որոնողներով եւ մեր գլխավոր թշնամու գործակալներով, որոնք ի վերջո տապալելու են նախորդներին եւ սպանելու են մեզ բոլորիս»: (Մարգարեական խոսքեր, որոնք մեր ձեռքն են ընկել 1990-ին):
Ռոբերտ Ֆիսք , միջազգային ճանաչման արժանացած անգլիական «Ինդիփենդենտ» թերթի լրագրող: Հատված 2012 թվի հուլիսի 29-ի նրա «Ստերի եւ կեղծավորության սիրիական պատերազմը» խորագրով հոդվածից:
- Մինչ Քաթարն ու Սաուդյան Արաբիան զինում եւ ֆինանսավորում են Սիրիայի ապստամբներինՙ տապալելու Բաշար Ասադիՙ ալավիներից, շիաներից եւ բաասականներից կազմված բռնատիրությունը, Վաշինգտոնը ոչ մի քննադատական խոսք չի ասում նրանց հասցեին: Նախագահ Բարաք Օբաման եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պնդում են, որ ցանկանում են ժողովրդավարություն հաստատել Սիրիայում: Բայց Քաթարն ինքը բռնակալական պետություն է, իսկ Սաուդյան Արաբիան ամենավտանգավոր խալիֆայա-թագավորական բռնատիրությունն է ամբողջ արաբական աշխարհում: Երկու պետությունների կառավարողներն էլ իշխանությունը ժառանգել են իրենց ընտանիքներից (այնպես, ինչպես Բաշարն է արել): Սաուդյան Արաբիան նաեւ Սիրիայի սալաֆիստ-վահաբի ապստամբների դաշնակիցն է, ճիշտ այնպես, ինչպես նախկինում ամենակատաղի պաշտպանն էր եղել միջնադարյան թալիբներին Աֆղանստանում:
***
Որպես 1975-1990 թվերի լիբանանյան քաղաքացիական պատերազմի վերապրող եւ Սիրիայի տխրահռչակ Մեզզե զինվորական «դժոխքի» քաղբանտարկյալ (1982-1992 թթ.), իմ կյանքը հեշտ չի եղել մերձավորարեւելյան «դրախտում», որը միշտ եղել է ինչպես պանարաբական, իսրայելական, այնպես էլ միջազգային մեքենայությունների եւ դավադրությունների թատերաբեմ: Բանտարկությանս տարիներին առիթ եմ ունեցել ծանոթանալու Սիրիայի նախկին նախագահներից Նուրրեդին Աթասիի, 1966-ի «Բաասական ժողովրդավարություն» պետական հեղաշրջման պարագլուխներից»ՙ Սալահ Զեդիդի, Ֆրանսիայում Սիրիայի նախկին դեսպան Քամել Հյուսեյնի, Համայից տանկային զորամիավորումների գեներալներ Թայսիր Լուֆթիի եւ Սալահ Հալաուայի, Ռիֆաաթ Ասադի (Հաֆեզ Ասադի եղբայրը) թիկնապահների, Հյուսեյն Զեյդանի, փոքրամասնությունների լավ ընկեր, մշակույթի նախկին փոխնախարար Աբեդ էլ Քարիմ էլ Դոհակի եւ բազմաթիվ այլ անձնավորությունների հետ:
Երբ 1970-ին «Ուղղիչ շարժման» առաջնորդ եւ Սիրիայի նախկին պաշտպանության նախարար Հաֆեզ Ասադը իշխանությունն իր ձեռքը վերցրեց Ամմանում գործող Մ. Նահանգների լուռ օժանդակության ներքո, նա հասկացավ, որ հույսը կարող է դնել միայն Մոսկվայի վրա, քանի որ Մ. Նահանգները միշտ պաշտպանում էր Թել Ավիվին: Խորհրդային Միության օժանդակությունը Սիրիային վերածեց արդյունաբերական, ռազմականացված մի երկրի:
Երկաթե բռունցքով կառավարելով երկիրըՙ Հաֆեզ Ասադը կարողացավ 1973-ի իսրայելա-սիրիական հակամարտությանը տալ միջազգային հնչեղությունՙ դարձնելով հակամարտություն ՆԱՏՕ-ի եւ Վարշավյան ուխտի միջեւ: Նրան հաջողվեց ազատագրել եւ հետ վերցնել 1967-ին կորցրած տարածքներից որոշ մասեր եւ բարձրացնել երկրի հեղինակությունը: Սա էլ իր հերթին հնարավորություն տվեց նրան երկակի դերակատարություն ունենալու Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ:
Արաբական աշխարհում առաջնորդի դերը կատարելու երկարամյա թշնամությունըՙ Սադդամ Հուսեյնի եւ Հաֆեզ Ասադի միջեւ, շարունակվեց սիրիական «առյուծի» (Ասադ նշանակում է առյուծ) մահվանից (2000 թ.) հետո: Նրան հաջորդեց ուսյալ, հանգիստ բնավորության տեր որդինՙ Բաշարը, որը փորձեց վերափոխել երկիրը: Նա ձերբազատվեց «երկրորդ դեմք» հանդիսացող սուննի Աբդել Հալիմ Խադդամից, մի շարք գեներալներից եւ որոշակի լիազորություններով օժտեց ժողովրդավարական ընդդիմությանը: Բայց պետության թշնամիներըՙ Իսրայելը, Քաթարը եւ Սաուդյան Արաբիան, Թուրքիայի առաջնորդությամբ եւ Մ. Նահանգների անմիջական հովանավորությամբ «արաբական գարնան» մի նոր էջ, մի նոր գլուխ պատրաստեցինՙ նպատակ ունենալով քարուքանդ անել արաբական աշխարհի վերջին «ամրոցը», որը քաղաքական եւ ռազմական առումներով դաշնակից էր մնում Ռուսաստանին, Չինաստանին, Իրանին եւ Հնդկաստանին:
***
Մերձավոր Արեւելքի այս վերաձեւավորման եւ աշխարհի վերաբաժանման հետեւանքով առաջացած նոր սառը պատերազմի, հակամարտության կիզակետում հայտնվեցին նաեւ Սիրիայում եւ Լիբանանում գտնվող մեր հայրենակիցները, որոնք շատ սերտորեն կապված են միմյանց հետ: Երկու երկրների հայկական համայնքների անդամները անմիջական հետնորդներն են Հայկական ցեղասպանությանը զոհ գնացած մեր նախնիների:
Որպեսզի ամբողջական լինի մեր գնահատականը ստեղծված բարդ եւ վտանգավոր իրադրության մասին, մենք հանդիպեցինք կամ հեռախոսազրույց ունեցանք Լիբանանում եւ Սիրիայում հայտնի մի շարք հայերի հետ:
Փանոս Մանճյան , Լիբանանի պետնախարար եւ բանակի զորավար:
- Սիրիահայերը մեծ դժվարությունների առաջ են կանգնած: Եթե այդպես շարունակվի, հազարավորներ ստիպված են լինելու գաղթել: Իսկ Սիրիայում մնացողները օգնության կարիք ունեն: Նրանք լիբանանահայության եւ ամբողջ սփյուռքահայության ֆինանսական եւ բարոյական օժանդակությանն են սպասում, եւ մենք հավաքական ջանքերով պետք է մեր կարելին անենք` օգնելու նրանց: Դրությունը շատ վտանգավոր է դարձել:
Եղիա Ջերեջյան , լիբանանյան խորհրդարանի նախկին անդամ եւ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության առաջնորդներից:
- Մենք պարտավոր ենք համընդհանուր օգնություն ցուցաբերել: Մեր հայրենիքըՙ որպես պետություն, Հայաստանյայց եկեղեցին, բոլորսՙ կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, պարտավոր ենք օգնել, որ սիրիահայերը բուժեն իրենց վերքերը եւ պահպանեն իրենց բնականոն կյանքը: Ես կողմնակից եմ, որ Մերձավոր Արեւելքի հայկական համայնքները պահպանվեն, որովհետեւ դա ազգային կարեւորության խնդիր է:
Հակոբ Բագրատունի , լիբանանյան խորհրդարանի անդամ, ՀՅԴ կուսակցության առաջնորդներից:
- Հավատացած եմ, որ սիրիահայ համայնքի առաջնորդները ունեն անհրաժեշտ փորձառությունն ու հասունությունըՙ կազմակերպվելու եւ դրական դիրքորոշում որդեգրելու հօգուտ Սիրիայի եւ նրա ժողովրդի: Այդ երկիրը հայրենիքի նման է նրանց համար եւ ոչ թե սոսկ տարածք: Սիրիացիները, լայն բացելով իրենց երկրի դռները, միշտ թիկունք են կանգնել հայերին, որոնք էլ իրենց հերթին իրենց աշխատանքով նպաստել են երկրի բարգավաճմանը: Մենք ցանկանում ենք, որ խաղաղությունը վերահաստատվի այնտեղ, որովհետեւ մեր արյունն էլ է միախառնված երկրի միավորման ջանքերին: Ինչ տեղի է ունենում այս օրերինՙ ողբերգական է: Դրան սատարողները պնդում են, որ հանուն ժողովրդավարության է կատարվում այդ բոլորը, բայց նրանք խախտում են երկրի միասնականությունը եւ դրանով իսկ ամրապնդում Իսրայելի դիրքերը: Գլխավոր պատասխանատուներից մեկն էլ Թուրքիան է, որը մինչեւ հիմա «մեղրամսի» մեջ էր Սիրիայի հետ: Այժմ տեսնում ենք իրավիճակի փոփոխությունը: Թուրքիայի նպատակներից մեկը հայկական համայնքի բնականոն կյանքի խաթարումն է:
Դոկտ. Սեմ Րագուպյան , գլխավոր խմբագիր «Դիտակ» հայկական ամսագրի, հիմնադիր Սբ Մարկոս բժշկական ախտորոշիչ կենտրոնների Լիբանանում եւ Սիրիայում:
- Գաղտնիք չէ, որ Մերձավոր Արեւելքի ժողովուրդը 1975-ից ենթարկվում է ծրագրված հսկայական փոփոխությունների: Ինչո՞ւ: Որովհետեւ այդ տարածքում է գտնվում Իսրայելը եւ այնտեղ են նավթի ու բենզինի խոշորագույն պաշարները: Պետք է արաբական երկրները բաժանվեին էթնիկական եւ կրոնական փոքր տարածքների, որպեսզի արդարացվեր Իսրայելի գոյությունը: Այդ տարածքներն էլ պետք է ունենային թույլ սահմաններ, որպեսզի վեճերը հավիտենական լինեն:
Ծրագիրը իրականացնելու համար պետք է տապալվեին նախկին իշխանությունները: Հերթը հասավ Սիրիային: Թուրքիան հարցեր ունի Սիրիայի հետ, որովհետեւ այնտեղ քրդեր են ապրում, իսկ Թուրքիայումՙ ալավիներ:
Առայժմ Սիրիայի քրիստոնյաները հարձակման թիրախ չեն, բայց Իրաքի օրինակով նրանք վախենում են, որ «ոտնատակ կլինեն» բռնի տեղահանությունների, սպանությունների եւ պայթյունների հետեւանքում:
Տարածաշրջանում ինքնակործանման ռազմավարություն է կիրառվում, եւ դժվար է գուշակել, թե ինչ ավարտ կունենա: Հստակ չէ, թե ինչպես են մեծ պետությունների շահերը համընկնելու: Վա՜յ այն «փոքրերին», որոնց գլուխների գնի վրա «մեծերը» համաձայնության չգան:
Սալբի Գասպարյան , սիրիահայ թարգմանիչ, լրագրող եւ մեկնաբան:
- Սիրիայի դեմ սանձազերծված միջազգային այս դավադրության սկզբից հայկական համայնքը «դրական չեզոքություն» է պահպանում հայերով խիտ բնակեցված Հալեպում, Դամասկոսում եւ Քեսապում: Դժբախտաբար Ծոցի շրջանում արտասահմանյան լրատվական միջոցները, առատորեն վարձատրվելով արաբական «շեյխությունների» եւ Արեւմուտքի կողմից, չափազանց վատ դեր են կատարում հակասիրիական քարոզչություն հրապարակելով եւ քաղաքացիական պատերազմ հրահրելով: Նրանց թվում կան լրատվամիջոցներ, որոնք, դարձյալ վճարված լինելով, կոչ են ուղղում հայերինՙ լքելու Հալեպը, ինչը թուրքերին ձեռնտու է: Մենք դեմ ենք համայնքի քայքայմանը: Ներկա իշխանությունները մեզ ամեն իրավունք տվել են, մենք դարձել ենք երկրի բոլոր բնագավառների «ողնաշարը», ուղն ու ծուծը: Պաղեստինցիների նման մենք չպետք է կորցնենք մեր բռնագրավյալ հողերը վերադառնալու իրավունքը:
Մենք մնալու ենք եւ պաշտպանելու ենք ինչպես մեր համայնքը, այնպես էլ այս երկիրը, որ մեզ հյուրընկալել է:
***
Մինչ մարտերը շարունակվում են Սիրիայում, գերտերությունները փորձում կամ ձեւացնում են փորձ անել «լուծում» գտնելու լրջագույն մի ճգնաժամի, որը ամենայն հավանականությամբ կարող է վերաճել նոր սառը պատերազմի Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ:
Թարգմ. Հ. Ծ.