Հոկտեմբերի 26-27-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա «Լռեցնելու (եւ ձայն տալու) ռազմավարություններ» կոչվող գիտաժողովը, որին կմասնակցեն գիտնականներ, արվեստագետներ ու մշակութաբաններ Հայաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Շվեյցարիայից, Թուրքիայից, Հնդկաստանից ու Միացյալ Նահանգներից: Գիտաժողովը կազմակերպվում է նախաձեռնությամբ «Կույր ժամադրություններ» նախագծի, որն էլ նպատակ ունի հնարավորինս շատ տվյալներ ու փաստեր բացահայտելու ժամանակին Օսմանյան կայսրության մաս կազմած ժողովուրդների մշակույթների ու նրանց ապրած վայրերի մասին: Հետեւաբար գիտաժողովի զեկուցումների թեմաներն ընտրվել են այդ նպատակից ելնելով: Հիմնական բանախոսը լինելու է հնդիկ վիպասան, «Կակաչների ծովը» եւ «Ծխի գետը» վեպերի հեղինակ Ամիթավ Գոշը: Վիպասանը, որի զեկուցումը կլինի ուրբաթ` ժամը 19.30-ին, անդրադառնալու է 1916-1918 թվականներին Սիրիայի «Մահվան ճամբարում» հայ եւ հնդիկ ռազմագերիների միջեւ շփումներին: Հնդիկ ռազմագերիների մեջ եղել են նաեւ բուժաշխատողներ, որոնք գրի են առել հայերի կոտորածների մասին վկայություններ: Ներկայումս Ամիթավ Գոշը գիրք է գրում նրանց հիշողությունների հիման վրա:
Հոկտեմբերի 26-ին` ժամը 10.30-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում մասնակիցները նաեւ հանդես կգան ասուլիսով: Երկօրյա գիտաժողովի մուտքը լինելու է ազատ, իսկ մանրամասներին ու ծրագրին կարելի է ծանոթանալ հետեւյալ կայքում` http://blinddatesproject.org/sous/:
Ի. Պ.