«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2012-10-20 | #186, 2012-10-23 | #187, 2012-10-24


ԱԴՐԲԵՋԱՆԸ` ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄ ՀՐԱՀՐԵԼՈՒ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ

Հայաստանի ԱԳ նախարարը Մեքսիկայում նշել է «Խոջալուի» եւ Ալիեւ ավագի հուշարձանների կանգնեցման մտահոգության մասին

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Վերջին շրջանում Մեքսիկայի տարբեր ատյանների կողմից ինչ-որ ադրբեջանամետ հայտարարությունների առնչությամբ ակնհայտ էր դառնում, որ Ադրբեջանը երկրի ընդերքից ստացած միջոցներով երկրից դուրս իր «դարդուցավը» հոգում է այդ ճանապարհով: Այդ հարցին անդրադարձել է հոկտեմբերի 22-26-ը լատինամերիկյան այցելությունների շարքը Մեքսիկայով մեկնարկած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը :

Մեխիկոյում իր գործընկեր, Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղար Պատրիսիա Էսպինոսայի հետ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը տարակուսանք է հայտնել անցյալ տարի Մեքսիկայի նախորդ գումարման խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրականությունը խեղաթյուրող բանաձեւերի ընդունման կապակցությամբՙ ընդգծելով, որ այդ բանաձեւերը կոպտորեն հակասում են միջազգային հանրության դիրքորոշմանը, որը բազմիցս արտահայտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների կողմից, վնաս են հասցնում կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային անվտանգությանը, բացասաբար են ազդում նաեւ հայ-մեքսիկական հարաբերությունների վրա:

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, արտգործնախարարը նաեւ ընդգծել է, որ ընդունում է մեքսիկացի մարդու իրավունքների պաշտպանների տեսակետը, որ Մեխիկոյում այսպես կոչված Խոջալուի հուշարձանի տեղադրումը վիրավորանք է ցեղասպանությունների զոհերի հիշատակի հանդեպ, համամիտ է նաեւ ոչ միայն Մեքսիկայում, այլեւ աշխարհով մեկ հնչած արձագանքներինՙ Մեքսիկայի մայրաքաղաքում Ադրբեջանի նախկին նախագահի արձանի տեղադրման կապակցությամբ: Նախարար Պատրիսիա Էսպինոսան բացատրություններ եւ պարզաբանումներ է տվել այս կապակցությամբՙ նշելով, որ այդ ամենը բացասական արձագանք է ստացել Մեքսիկայի հանրային կարծիքի կողմից:

Նալբանդյանն իր մեքսիկացի գործընկերոջը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացըՙ ընդգծելով, որ չնայած Հայաստանի եւ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներիՙ միջազգային հանրության, հարցի խաղաղ լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի, Ադրբեջանի ղեկավարությունն իր ապակառուցողական, սադրիչ եւ տարրական բանականությանը հակասող քայլերով ամեն ինչ անում է բանակցությունները փակուղի մտցնելու եւ տապալելու համար: Այս ենթատեքստում Պատրիսիա Էսպինոսան վերահաստատել է Մեքսիկայի կառավարության լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացված առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնահարցը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու վերաբերյալ:

Նալբանդյանը Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղարության Դիվանագիտական ուսումնասիրությունների Մատիաս Ռոմերոյի անվան ինստիտուտում հանդես է եկել դասախոսությամբ, նշելով. «Կոռուպցիոն հարուստ փորձ ունենալով երկրի ներսումՙ Բաքուն փորձում է այն տեղափոխել միջպետական հարաբերությունների հարթություն, օգտագործելով որպես գործիքՙ սեփական թյուրընկալումներն ուրիշների վրա բարդելու նպատակով: Ցավոք, որոշ երկրներում որոշ քաղաքական գործիչներ ընկնում են Ադրբեջանի թակարդը, թուլություն են ցուցաբերում, չեն կարողանում դիմանալ Բաքվից եկող կոռուպցիոն գայթակղությունններին: Ներքին փորձից ելնելով, Ադրբեջանում տպավորություն է ստեղծվել, որ միջպետական հարաբերություններում էլ ամեն ինչ գնվում եւ վաճառվում է»:

Արձագանքելով ներկաների հնչեցրած դժգոհությանը Մեխիկոյում Ադրբեջանի նախկին նախագահի եւ այսպես կոչված Խոջալուի հուշարձանների տեղադրման կապակցությամբ, արտգործնախարարը շեշտել է. «Ադրբեջանի նախկին ղեկավարի հուշարձանի ցուցանակը ավետում է, որ ԿԳԲ-ի նախկին պետը միջազգային խաղաղությանը նվիրվածության փայլուն օրինակ է, որն առաջնորդել է Ադրբեջանը դեպի ժողովրդավարություն: Պատկերը ճշմարտությանը համապատասխանեցնելու նպատակով ճիշտ կլիներ ավելացնել, որ մարդու իրավունքների տարբեր կառույցների կողմից այդ երկիրը դասվել է աշխարհի ամենակոռումպացված եւ հակաժողովրդավարական երկրների շարքում, որ այդ երկիրը դարձել է ուժի կիրառման սպառնալիքների եւ պատերազմ հրահրելու աշխարհի չեմպիոն»:

Նալբանդյանի Մեքսիկա այցելությանը հաջորդելու են այցերը Գվատեմալա եւ Կոստա Ռիկա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4