ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
Լրացավ ճանաչված պետական-հասարակական գործիչ, Խորհրդային Հայաստանի նախկին փոխվարչապետՙ Պետպլանի նախագահ Մկրտիչ Ցոլակի Մկրտչյանի ծննդյան 75-ամյակը: Հոբելյանին զուգադիպեց հիշարժան մի իրադարձությունՙ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նրան շնորհեց «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր տնտեսագետ» պատվավոր կոչում: Հոբելյարի հետ հանդիպեցինք ՌԴ նախագահին առընթեր Ռուսաստանի ժողովրդական տնտեսության եւ պետական ծառայության ակադեմիայում, որտեղ նա արդեն երկար տարիներ ղեկավարում է կրթագիտական հաստատության ծրագրերի զարգացման բաժինը:
- Պրն Մկրտչյան, ստացվեց այնպես, որ Ռուսաստանի ղեկավարը յուրօրինակ ձեւով շնորհավորեց Ձեր հոբելյանը:
- Չեմ թաքցնում, հաճելի էր, որ այս պետությունում գնահատվեց իմ գիտական վաստակը:
- Խորհրդային Հայաստանում դուք հեղինակավոր փորձառու պետական-տնտեսական գործիչ էիք: Տեխնիկական կրթություն ստանալուց հետո մտել էիք արտադրություն, սկսելով Ձեր գործունեությունը Կիեւում, այնուհետեւ գիտահետազոտական ինստիտուտում, ղեկավարել եք Երեւանի շրջաններից մեկը, եղել եք նախարար, վարչապետի տեղակալ: Տխուր մի հարցՙ ի՞նչ պատահեց, որ հեռացաք Հայաստանից:
- Դա իմ կյանքի ամենածանր շրջանն էր: 90-ական թվականների սկզբին Հայաստանի նորաթուխ ղեկավարությունը իսկական «վհուկորս» էր սկսել կոմունիստների դեմ: Կոմունիստական վարչակարգն, անշուշտ, ուներ իր խոցելի կողմերը: Բայց ես եւ իմ նման հազարավոր այլ մասնագետներ ամբողջ կյանքում զբաղվել էինք ոչ թե գաղափարական, այլ տնտեսական հարցերով եւ մեծ փորձ ունեինք, անցել էինք կարիերայի բոլոր աստիճաններով:
- Միտինգից նախարարի աթոռին չէիր նստի:
- Իհարկե, մենք պատրաստ էինք համագործակցել նոր իշխանությունների հետ: Քավ լիցի, եթե խոսքը վերաբերեր միայն բարձր պաշտոնին: Շենգավիթ-Նորագավիթ N 4 օկրուգում ինձ վստահեցին պատգամավորական մանդատ (այսօր էլ երախտագիտությամբ եմ հիշում ընտրողներիս): Բայց այստեղ էլ դեմ առա տերպետրոսյանականների լկտի ու ճղճիմ մեքենայություններին, հարձակումներին: Բանը հասավ շանտաժին, ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներին: Ինձ նույնիսկ նենգաբար զրկեցին օրինականորեն հասանելիք բնակարանից: Գարշելի մի մթնոլորտ էր ստեղծվել: Վաղեմի բարեկամս ՙ ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը, որն այն տարիներին ղեկավարում էր Ռուսաստանի ժողովրդական տնտեսության ակադեմիան, ինձ հրավիրեց աշխատանքի: Համաձայնեցի եւ, հավատացեք անկեղծությանս, սրտի խոր ցավով հեռացա Հայաստանից: Կադրային քաղաքականությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի գործունեության ամենաթույլ կողմերից մեկն էր: Էկոնոմիկան դիլետանտների գործ չէ: Տնտեսվար կոմունիստների կրթված ու փորձառու խավը խիստ օգտակար կլիներ անկախ Հայաստանի կառուցման գործին:
- Ինչի՞ վրա կենտրոնացաք Մոսկվայում:
- Գերազանցապես տնտեսագիտական հարցերի վրա: Այս ակադեմիան ոչ միայն կրթական, այլեւ գիտական խոշոր կենտրոն է: Պաշտպանելով դոկտորական դիսերտացիաՙ հնարավորություն ունեցա լայնորեն զբաղվելու տնտեսագիտական խնդիրներով էներգետիկայի, էլեկտրատեխնիկայի, նյութական ռեսուրսների օգտագործման, նույնիսկ ռազմական տեխնիկայի բնագավառներում:
- Հենց միայն 7 արժեքավոր մենագրությունները Ձեր օգտին են խոսում: Հիշում եմ Հայաստանի էներգետիկ ճգնաժամի կապակցությամբ Ձեր ակադեմիայում հրավիրված մեծ գիտաժողովը:
- Իսկ հիշո՞ւմ եք ի՜նչ մարդիկ էին մասնակցում մեր կազմակերպածՙ Հայաստանի ատոմակայանի վերաբացմանը նվիրված այդ միջոցառմանըՙ Աբել Աղանբեկյան, Ստեփան Սիտարյան, Արմեն Աբաղյան, Յուրի Խոջամիրյան... Բոլորիս մտահոգությունը ծանր կացության մեջ հայտնված մեր հայրենիքն էր:
- Դուք միշտ քարոզում եք, որ տնտեսական շրջափակման ենթարկված, բնական պաշարներից աղքատ Հայաստանում պետք է զարգացնել գիտությունը, տնտեսության գիտատար ճյուղերը :
- Բայց մենք ունեինք դրա փայլուն օրինակըՙ Խորհրդային Հայաստանը: Գիտական կարողությամբ մենք ԽՍՀՄ-ում առաջին եռյակում էինք: Ունեինք ե՛ւ բազա, ե՛ւ հոյակապ մասնագետներՙ էլեկտրոնային արդյունաբերություն, հաշվիչ տեխնիկա, քիմիական արդյունաբերություն, ինչքա՜ն էր զարգացած ֆիզիկան, կենսաբանությունը... Ո՜րը թվարկես: Ի՜նչ մեծ հեղինակություն էր գիտությունների ազգային ակադեմիան: Հետո էլ փնովում են կոմունիստներին: Ես այսօր էլ մեր երկրում գիտության ու գիտատար ուղղությունների զարգացման համոզիչ կողմնակից եմ:
- Ձեր ակադեմիայում զգալի թվով հայաստանցի երիտասարդներ էլ են սովորում:
- Միայն Արցախի համար 5 գիտության թեկնածու ենք պատրաստել, փորձելով հոգալ նաեւ նրանց նյութական ծախսերը: Հայաստանցի մեր բազմաթիվ շրջանավարտները ակտիվ գործունեություն են ծավալել Հայաստանի տնտեսության, դիվանագիտության եւ այլ ասպարեզներում: Ակադեմիայում սովորելու տարիներին նրանք մեր հարազատ երեխաներն են:
- Մոսկվայում դուք ակտիվորեն եք մասնակցում նաեւ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության աշխատանքներին:
- Երբ ես Երեւանի Սովետական շրջանի ղեկավարն էի, Արա Աբրահամյանը, լինելով արտադրության բարձրակարգ կազմակերպիչ, առանձնանում էր իր եզակի գործարարությամբ, նախաձեռնողականությամբ: Նրան հիանալի գիտեին նաեւ միութենական մարմիններում: Մոսկվայում վերականգնվեց մեր համագործակցությունը: Ես բարձր եմ գնահատում նրա ազգասիրական գործունեությունը: ՌՀՄ-ն հայանպաստ խոշոր կազմակերպություն է, փոքրիկ մի Հայաստան ռուսաց երկրում: Արժանին մատուցենք Հայաստանին ցույց տրվող բազմակողմ աջակցությանը: Եկեք չմոռանանք , որ հիշյալ երկու հասարակական կազմակերպությունների ծախսերի հիմնական բեռն ընկած է նրա ուսերին: Մասնավորապես կուզենայի ընդգծել նաեւ Միջազգային իրավունքի եւ քաղաքագիտության հայկական ինստիտուտի գործունեությունը, որը հսկայական աշխատանք է կատարում Հայոց ցեղասպանության հարցերի ուսումնասիրման ասպարեզում:
- Չէր խանգարի, որ այդ գիտական կենտրոնը զբաղվեր նաեւ արտագաղթի խնդիրներով. արդեն ամեն երրորդ հայաստանցին լքել է հայրենիքը:
- Տեղին է: Զարմացնում է այն հանգամանքը, որ զանգվածային արտագաղթը սկզբնավորող մեր առաջին նախագահը այսօր ամենից բարձր է գոռում այդ մասին: Միտինգներում:
- Լավ, պրն Մկրտչյան, ե՞րբ եք վերադառնում Հայաստան:
- Առաջիկայում: Թող բարձրագոչ չհնչի, բայց ես, բնակվելով Մոսկվայում, միշտ ապրել եմ Հայաստանում: Կգամ հայրենիք ոչ թե նրա համար, որ «երջանիկ» ծերություն վայելեմ: Աշխատում եմ նախապես հիմք ստեղծել, որ Հայաստանում էլ զբաղվեմ գիտությամբ ու հասարակական աշխատանքով: Ինձ թվում է գյումրեցին երբեք «ռուսաղպար» չի դառնա:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա