«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2012-10-23 | #187, 2012-10-24 | #188, 2012-10-25


ԲԺԻՇԿՆԵՐՆ ԻՐԵՆՔ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԳՏՆԵԼ

Facebook սոցցանցում ստեղծված «Բժշկական ազատ անկախ արհմիություն» խմբում միավորված բուժաշխատողները տարածել են բաց նամակ` ուղղված հասարակությանն ու իշխանություններին: Նամակում արտահայտում են իրենց մտահոգությունն առողջապահության ոլորտում տեղ գտած մի շարք բացասական երեւույթների վերաբերյալ: Երեւույթներ, որոնք առաջացրել են համընդհանուր անվստահության ու անպաշտպանվածության մթնոլորտ եւ հիվանդների, եւ բուժաշխատողների շրջանում: Բուժաշխատողները կարծում են, որ առողջապահությունը նախ ինքը պետք է լինի առողջ: Սակայն բուժօգնության մասին օրենքը իր անորոշ ձեւակերպումներով արդյունավետ չի կանոնակարգում բուժօգնության համակարգը եւ չի արտահայտում բուժօգնություն իրականացնողի, բուժօգնություն ստացողի, հետեւաբար եւ պետության շահերը:

«Բժշկական ազատ անկախ արհմիությունը» գրում է, որ իրենք միայն չեն քննադատում, այլեւ փորձում են գտնել լուծման ուղիներ: Բոլորս գիտենք, որ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով շատերը բժշկի դիմում են միայն այն ժամանակ, երբ դանակը հասնում է ոսկորին, իսկ պետական բյուջեն էլ չի կարող առողջապահական բոլոր ծախսերը վերցնել իր վրա: Հետեւաբար բուժաշխատողներն առաջարկում են կատարել առողջության վարկավորման ծրագիր` քիչ տոկոսադրույքով, արագացված թղթաբանությամբ, եւ դա կատարել հենց հիվանդանոցում, եւ ծառայության դիմաց գումարը տալ ոչ թե հիվանդին, այլ հիվանդանոցին: Եթե մարդը չի կարող միանգամից վճարել 100 հազար դրամ, միգուցե կարողանա վճարել ամսական 10 հազար դրամ, եւ այդպես մարել ծառայության ծախսերը: Նման դեպքերում ծախսերի ռիսկերն էլ պետք է վերցնի պետությունը` իր համապատասխան սոցիալական ծրագրերով:

Բուժաշխատողները դժգոհում են նաեւ բժիշկների աշխատավարձերի չափից, համարելով, որ բժիշկների այսօրվա նվազագույն աշխատավարձը, որը կազմում է 50 հազար դրամ, պետք է բարձրացվի: Բացի դրանից` ֆիքսված աշխատավարձով աշխատող բուժաշխատողները չեն վճարվում ավելացված աշխատանքային ժամերի համար:

Բժշկական խումբն առաջարկում է կարգավորել նաեւ իրավական խնդիրները` մշակել կոշտ պատժաչափեր ու մեխանիզմներ ծառայողական պարտականություններ կատարելիս բժշկին խանգարելու կամ վնասելու վերաբերյալ: Մյուս կողմից` խմբի անդամները նաեւ առաջարկում են կանոնակարգել բժիշկների համար սահմանված պատժաչափերը:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4