Սիրիայում ընթացող պատերազմն ու նրա շուրջը ստեղծված քաղաքական մթնոլորտն անմիջականորեն առնչվում են մեծ տերություններին: Նախկին փոխարտգործնախարար, դեսպան Արման Նավասարդյանի դիտարկմամբ` տեղի է ունենում տարածաշրջանային նոր ձեւավորում, եւ բախվում են Արեւմուտքի ու Ռուսաստանի ուժերը, իսկ նորությունն այս իրավիճակում Չինաստանի մասնակցությունն է:
Ըստ դեսպանի, որը լրագրողների հետ երեկ համատեղ ասուլիսում հանդիպեց լրագրողների հետ, Արեւմուտքը փորձում է հսկել ոչ միայն նավթային պաշարները, այլեւ դրանց փոխադրման ուղիները: Գերտերությունների ուժերի բախման հետեւանքով հերթական զոհը, ինչպես տեսանք, Սիրիան էր, Սիրիայի բնակչությունը, այդ թվումՙ սիրիահայությունը:
Սիրիահայ համայնքի պահպանումը Հայաստանի համար, անկասկած, կարեւոր է, սակայն աստիճանաբար դրվում է սիրիահայերին զուտ ֆիզիկապես փրկելու հարցը:
Հասարակական գործիչ Կարինե Հակոբյանը կարծում է, որ սիրիահայերի Հայաստան գալը պետք է կանոնակարգվի հայրենադարձության ծրագրով, առայժմ չկա նման ծրագիր, սակայն Կարինե Հակոբյանը նշում է, որ հայրենադարձության կամ ներգաղթի պետական ծրագիր ստեղծելն անհրաժեշտություն է: Ըստ նրա` պետք է արվի այնպես, որ սիրիահայության սերունդներն ուզենան ապրել Հայաստանում, կապվեն հայրենիքին: «Այս նպատակին ծառայելու համար նաեւ պետք է բացվի հայրենադարձության կամ սիրիահայությանն աջակցելու գրասենյակ», երեկ ասուլիսի ժամանակ ասաց տիկին Հակոբյանը:
Ըստ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցիՙ կան դեպքեր` հանձին սիրիահայության դրության, երբ պետք է մնալ ու պահպանել ունեցած հողերը, ունեցվածքն ու շինությունները: Եվ ովքեր էլ Սիրիայից եկել են Հայաստան, մտադիր են վերադառնալ Սիրիա, երբ պատերազմն ավարտվի: Երեխաների դպրոցական ծրագրից սկսած կառուցված է այնպես, որ դա շարունակի նրանց անցած ծրագիրն ու պատրաստի նրանց հետագայում Սիրիայում նորից սովորելուն:
Սերգեյ Շաքարյանցը մեկ այլ ասուլիսում ոչ պատահական համարեց այն, որ Սիրիայում հաճախակիացել են հայերի սպանությունները: «Վարձու մարդասպանները, որոնց ես ընդդիմություն անվանել չեմ ուզում, փոխարենը կանվանեմ ամերիկամետ արաբական երկրների վարձկաններ, նպատակ են դրել Սիրիայում հրահրել ներդավանական կռիվներ, որպեսզի այդ տարածքում հանգստության մի վայրկյան անգամ չլինի», նշում է քաղաքագետը, որը նաեւ տեղեկացնում է` այդ վարձկաններն արդեն մտնում են քրիստոնեական թաղամասերը: Կոնկրետ հայկական քրիստոնեական թաղամասերն արդեն հսկում են հենց հայերից կազմված պահակախմբերը: Պաշտպանությունը հայկական թաղամասերի խիստ անհրաժեշտ է, քանի որ մահմեդականները մի րոպե անգամ չեն խնայի քրիստոնեական կառույցներն ու համայնքները: Սերգեյ Շաքարյանցը հիշեցնում է` եթե մահմեդական լինելով հանդերձ` նրանք ավերում, վերացնում են մզկիթները, ապա ի՞նչ կանեն եկեղեցիները:
Սիրիայի ներկայիս դրությունը, կամ ինչպես պարոն Շաքարյանցն է անվանում, այս հողը հասունացել է որպես Թուրքիայի ու Ռուսաստանի անհամաձայնության դաշտ: Բայց գլխավոր հարցը, ըստ նրա, մնում է այն, թե ինչքան երկար է սա տեւելու:
Ի. Պ.