«Հրաշալի երկիր, հիանալի մարդիկ, ֆանտաստիկ սնունդ...», ռուսաստանյան «Первый канал. Всемирная сеть» ցանցի հեռուստաալիքներից «Телекафе»-ի հերթական նախագծերից մեկն էլ Հայաստանում է նկարահանվել, իսկ երկրի մասին ասվածը նախագծի գլխավոր խմբագիր ու ռեժիսոր Դարիա Հուբովայի խոսքերն են:
Ֆիլմի հաղորդավար, հայտնի ռեստորատոր (ռեստորանային բիզնեսի կառավարիչ) Գայանե Բրեիովան , շեֆ-խմբագիր Օլգա Կովալենկոն , երկու օպերատորները Հայայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հրավերով Հայաստան էին այցելել սեպտեմբերին, երկրի հյուսիսից հարավ անցել 10 օրում եւ եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Հեռուստաալիքը էսթետիկ աղբյուրի` սննդի-ուտեստի մասին է այն մարդկանց համար, ովքեր ուտելիքի պատրաստումը արվեստ ու հաճույք են համարում: Տելեկաֆեն ազգային մշակույթի բազմազանությանը նայում է համադամասերների աչքերով` էմոցիաներին փորձելով հասնել համերի միջոցով, ներկայացնելով լավագույն շեֆ-խոհարարներին ու նրանց վարպետության գաղտնիքները:
«Նկարահանում էինք խոհարարական մի ճամփորդություն: Մեր հաղորդման գաղափարը ոչ միայն ներկայացնելն է, թե ինչ են ուտում մարդիկ ու ինչպես են դա պատրաստում, այլեւ թե ինչ նշանակություն կարող է ունենալ ուտելիքը, ճաշատեսակները, որոնց մարդիկ մանկուց են սովոր, ինչպիսին է երկիրն իր բույրերով ու համերով, թե որն է ավանդական խնջույքի, սեղան նստելու ուժը», հաղորդման հիմնական շեշտադրումներն այսպես է ներկայացնում Դարիա Հուբովան:
Հայտնի ասացվածքըՙ «ասաՙ ով է ընկերդ, ասեմ` ով ես դու», ըստ Հուբովայի, կարելի է վերաձեւակերպել, թե «ասաՙ ինչ ես ուտում, ու կասեմՙ ով ես դու»: Այսինքն` ըստ սննդի, ճաշատեսակների, կենացների ու խնջույքների, սովորույթների կարելի է շատ բան ասել երկրի, մշակույթի, մարդկանց ու հին արմատների եւ ավանդույթների մասին: Հուբովան հաստատում է. «Կան ուտեստների, ճաշատեսակների անուններ, որ Երեւանում, օրինակ, քչերը գիտեն, իսկ Տաթեւում կամ Գորիսում դա անգամ շուկայում հեշտ կգտնեք»: Ընդ որում, յուրաքանչյուր անվանում ունի իր բացատրությունը, միայն թե, ըստ Հուբովայի, հարկ է դրանք գտնել կամ ճիշտ մեկնաբանել եղած տեղեկությունները:
Առանձնահատուկ տպավորություն էլ նկարահանող խումբը ստացել է Արցախում` հայտնի ժենգյալով հացից: Նրանք պատկառանքով էին խոսում հայ հավաքական ուժի խորհրդանիշներից մեկիՙ Գանձասարի եկեղեցի այցելության մասին: Արցախի պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգությունը նորովի է իմաստավորել հայկական աշխարհի ընկալումը այցելուների աչքերում:
Ռուսաստանցի խմբագրի հիացմունքն անթաքույց է. «Պետք է բացել աչքերն ու շուրջը նայել. մեզ համար տառացիորեն ամեն ինչ առեղծվածային էր»:
Ըստ Հուբովայիՙ «Հայաստանում ճամփորդելիս բազմաթիվ անհավանական, ոգեղեն ուժով եւ գեղեցիկ մարդկանց հանդիպեցինք: Նրանցից շատերը բնավ էլ հարուստ չեն ապրում, բայց ապրում են այլՙ հոգեւոր արժեքներով. սա իսկական բացահայտում էր: Մարդիկ ոչ միայն պահպանում, այլեւ վերականգնում են ազգային ավանդույթները»:
Դարիա Հուբովայի ազգանունը ժամանակին հայկական է եղել: Նախնիներից Եգոր Հուբովը, որի հեղինակությամբ 19-րդ դարասկզբին Հայաստանի մասին գրքեր են հրատարակվել, եղել է Գեւորգ Պռոշյան, բայց լինելով ցարական շրջանում ապրած պատմաբան` նրա անունը թարգմանել են Եգոր Հուբով - (Գուբով-Գուբա - ռուսերեն - շուրթ - Ա. Հ.):
«Ես միշտ երազել եմ այցելել Հայաստան, եւ ահա առաջին անգամ եղավ հենց այս այցելությունը, բայց ինձ զգում էի հրաշալիորեն, ինչպես տանը, հպարտանում ու ցավում էի, ինձ այս երկրի, ժողովրդի, մշակույթի մաս էի զգում», այցելության տպավորություններն է ներկայացնում առաջին անգամ նախնիների հայրենիքում, հայրենիքի բույրերի, հոտերի ու համերի մասին պատմելու նպատակով նկարահանումներ իրականացրած Դարիա Հուբովան:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ