«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2012-10-24 | #188, 2012-10-25 | #189, 2012-10-26


ԱՊՕՐԻՆԻ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑԻ ՓԼՈՒԶՈՒՄԻՑ ՏՈՒԺԵԼ ԵՆ 11 ՇԻՆԱՐԱՐՆԵՐ

Երեւանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում երեկ փլվել էր կիսակառույց շենքը: Փլուզման հետեւանքով փլատակների տակ մնացել էին 11 հոգի, որոնք շինարարական բրիգադի աշխատակիցներն էին: Նրանցից 9-ին մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով շտապ օգնության բրիգադները տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Մյուս երկու տուժածները բուժօգնություն ստացել են հենց շինհրապարակում, եւ նրանց հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել:

Առողջապահության նախարարությունից տեղեկացանք, որ վնասվածք ստացած շինարարները հիվանդանոցում դուրս են բերվել շոկային վիճակից, տուժածներից միայն մեկի վիճակն է գնահատվում ծանր: Երեկ հիվանդանոցում տուժածներին այցելել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

Ըստ նախնական տվյալների` միջնապատի փլուզման հետեւանքով նորակառույց շենքի երրորդ հարկը փլվել է երկրորդի վրա: Սակայն մանրամասները պարզելու համար պետք է անցկացվի հետազոտություն:

ԱԻՆ փրկարար ծառայության պետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանի տվյալներով` կիսակառույց շենքը պատկանում է «Ջոսե» համալիրին: Դեպքի վայրում էր նաեւ արտակարգ իրավիճակների նախարարը:

Բացի փրկարար ծառայության աշխատակիցներիցՙ դեպքի վայր ժամանել էր նաեւ օպերատիվ քննչական խումբը, որը տեղում կատարում էր ուսումնասիրություններ: Փլուզման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը քննվում է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում: Եվ համապատասխան փորձաքննությունից հետո հնարավոր կլինի խոսել փլուզման պատճառներից:

Առայժմ հայտնի է, որ Խանջյան 20 հասցեի փլված կիսակառույցը հետագայում դառնալու էր բացօթյա սրճարան ու զվարճալիքների կենտրոն, եւ շինարարությունն իրականացվում էր ապօրինի: Այս մասին news.am-ի թղթակցին հայտնել է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը : Քաղաքապետարանն արձանագրել է, որ սահմանված ժամկետում շինարարությունը չեն հասցրել ավարտին, հետեւաբար այդ հիմքով կազմվել է արձանագրություն ու նշանակվել ավելի քան 2 միլիոն դրամի տուգանք: Արթուր Գեւորգյանի փոխանցմամբ` քաղաքապետարանը դադարեցրել է շինարարությունը, սակայն կառուցապատողն առանց թույլտվության շարունակել է շինարարական աշխատանքները:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4