«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2012-10-25 | #189, 2012-10-26 | #190, 2012-10-27


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ ԿԱՊԱՀՈՎԻ ՍՆՆԴԻ ՈՒ ԴԵՂՈՐԱՅՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ այցելել է Կոտայքի մարզի Նոր գյուղ համայնքում «Տոնուս-Լես» ընկերության կառուցած սննդի եւ դեղերի անվտանգության փորձագիտական ժամանակակից լաբորատորիա: Կառավարության ղեկավարը էկոնոմիկայի եւ առողջապահության նախարարների հետ շրջել է լաբորատորիայում եւ ծանոթացել աշխատանքներին:

Համաձայն ներդրումային ծրագրի, որը կազմել է շուրջ 1,3 մլրդ դրամ, նախատեսված է բացել առնվազն 50 աշխատատեղ, դրանցից 20-ը արդեն բացվել են: Ընկերությունում ներկայումս աշխատում են 97 հոգի` ստանալով միջինը 100 հազար դրամ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հանրապետության սնունդ արտադրողները պարտավոր են ապահովել հանրությանը բարձրորակ արտադրանքով, այլապես նման լաբորատորիաների միջոցով անմիջապես կբացահայտվեն:

«Մեր նպատակն է հանրապետությունում ստեղծել այսպիսի լաբորատոր փորձագիտական ցանց, առանց որի եզրակացության որեւէ արտադրանք չի մատուցվի հանրությանը», ասել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության որոշմամբ` ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերության ներմուծած ապրանքների համար մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվել է երեք տարի ժամկետով:

«Տոնուս-Լես» ընկերության ղեկավար Լեւոն Հակոբյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին նման արտոնություն տրամադրելու համար եւ նշել, որ առանց դրա հնարավոր չէր լինի իրականացնել ներդրումային այս ծրագիրը:

Լաբորատորիան հնարավորություն է տալիս կատարել հանրապետությունում արտադրվող, ինչպես նաեւ ներկրվող դեղերի ու սննդի փորձաքննություններ:

Լաբորատորիան ունի գերմանական, շվեյցարական, ճապոնական եւ իսրայելական արտադրության ժամանակակից սարքավորումներ:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4