Հոկտեմբերի 31-ը ՄԱԿ-ի կողմից 1989-ին ճանաչվեց որպես խնայողությունների համաշխարհային օր: Այդ օրը սկսվել է նշվել 1924 թվականից` Միլան քաղաքում տեղի ունեցած Խնայբանկերի առաջին միջազգային կոնգրեսի որոշմամբ: Իտալացի պրոֆեսոր Ֆիլիպո Ռավիցայի առաջարկով կոնգրեսի վերջին օրըՙ հոկտեմբերի 31-ը, հայտարարվեց համաշխարհային խնայողությունների օր: Այն կոչված էր խթանելու ֆինանսական խնայողություններ կատարելու գործընթացին ամբողջ աշխարհում: Այդ նպատակով բանկերը սկսեցին համագործակցել կրթական, մշակութային եւ սպորտային հաստատությունների հետՙ ամեն տարի հոկտեմբերի 31-ը վերածելով իսկական տոնախմբության:
Այս տարի այդ օրը նշվելու է նաեւ Հայաստանում, հայկական բանկերը եւս հանդես են գալու մի շարք նախաձեռնություններով: Ինչպես նշեց Հայաստանի բանկերի միության տնօրեն Սեյրան Սարգսյանը, կարեւորելով հասարակության ֆինանսական գրագիտության բարձրացման հիմնախնդիրը, ինչպես նաեւ խնայողություն անելու եւ խնայողությունները բանկերում պահելու հարցերը, Հայաստանի Հանրապետության բանկերի մեծ մասը հոկտեմբերի 31-ին հանրությանը կներկայացնեն խնայողությունների համաշխարհային օրվան նվիրված իրենց հատուկ առաջարկները: Մասնավորապես, ըստ միության տնօրենի, բանկերի կողմից կտրամադրեն խորհուրդներ խնայողություններ անելու ճիշտ տարբերակների մասին, կկազմակերպեն այցելություններ կրթական հաստատություններՙ խնայողություն անելու, խնայողությունները ճիշտ կառավարելու եւ տնօրինելու հմտությունների վերաբերյալ դասախոսություն անցկացնելու նպատակով:
Նույն օրը կկազմակերպվի մամուլի ասուլիս Հայաստանի բանկերի միության կողմից, որտեղ կխոսվի բանկում խնայողական/ավանդային հաշիվ ունենալու առավելությունների մասինՙ շեշտադրելով ներդրված գումարների ապահովությունը բանկում, ցածր ռիսկայնության, ինչպես նաեւ այլ ծառայություններից օգտվելիս առավելություն ունենալու մասին:
Ա. Մ.