Պ. Թերզյանի «ՀՀ Եգիպտոսի դեսպանատան ծննդոցը»
Ինչպես խոստացել էինք մեր թերթի հոկտեմբերի 3-ի լրատվությամբ, ստորեւ փորձելու ենք անդրադառնալ ՀԲԸՄիության «պատվո անդամի» տիտղոսին արժանացած եգիպտահայ ճանաչված մտավորական եւ ազգային-հասարակական գործիչ Պերճ Թերզյանի նորագույնՙ «ՀՀ Եգիպտոսի դեսպանատան ծննդոցը» (Կահիրե, 2012 թ.) աշխատությանը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում: Գիրքը տարբեր դիտանկյուններից հրավիրյալներին ներկայացրին ՀԲԸՄ-ի կրթական տնօրեն Արթուն Համալյանը եւ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, գրականագետ դոկտ. Սուրեն Դանիելյանը: Եզրափակիչ խոսքով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարար դոկտ. Էդվարդ Նալբանդյանը:
***
92-էջանոց գրքույկը, որը կրում է «ակնարկ քսանամեայ հեռաւորութենէ» ենթախորագիրը, իրոք եզակի հրատարակություն է իր տեսակի մեջ եւ համընկնում է, ինչպես առաջաբանում նշում է Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը, Հայաստանի Հանրապետության եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանի հետ:
Աշխատությունը ընդհանուր առմամբ Եգիպտոսում ՀՀ դեսպանատան կայացման ոդիսականն է նկարագրում, մի տեսակ «երկունք», որ պահանջել է բազում դժվարությունների հաղթահարում, աննկուն կամք եւ հավատով լի վճռականություն:
Գրքույկի «Յառաջաբանից» հետո եկող «Մուտք» բաժնում հեղինակը, նշելով, որ «Հայաստանի անկախ պետականութեան գոյառումը նոր հրամայականներու եւ նոր մարտահրաւէրներու առջեւ կը դնէր թէ՛ հայրենիքը եւ թէ՛ սփիւռքը», հավելում է, որ «ՀՀ Եգիպտոսի դեսպանատան կայացման մէջ կարեւոր դեր ունեցան Գահիրէի ազգային առաջնորդարանը, ՀԲԸՄ-ը, շօշափելի նիւթական աջակցութիւն բերող քանի մը անհատներ եւ, անոնց կողքին, եգիպտահայ համայնքին զաւակներէն շատեր, իւրաքանչիւրը ըստ իր կարելիութեան կամ բարիկամեցողութեան»:
Գրքույկը ունի նաեւ ինը այլ բաժիններ: «Նախերգանք», որտեղ հեղինակը տեղեկացվում է դեսպանատան կայացման գործում իր հետագա դերակատարության մասին, եւ այդպիսով ոչ միայն իր համար, այլեւ ամբողջ համայնքի պատմության մեջ բացվում է իր իսկ խոսքերով «Նոր էջ մըՙ տատամսումով, անորոշ երկիւղով, յոյսերով եւ յոյզերով պարուրուած»:
Հաջորդ` «Առժամեայ նստավայր» բաժնում ներկայացված են ինչպես «անհեթեթ կարծիքներ» հյուպատոսություն կամ դեսպանություն ունենալու-չունենալու վերաբերյալ, այնպես էլ բարերարության ոգով տոգորված «դրական եւ պայծառ երեւոյթներ»: Իրավիճակը նոր էր: Հարյուրամյակներ շարունակ պետականությունից եւ ուրեմն դեսպանատուն ունենալու անհրաժեշտությունից զրկված ժողովուրդը, ազգը, այժմ ուներ իր ազատ, անկախ, գերիշխան պետությունը, որը սկսվել էր ճանաչվել աշխարհի կողմից ու տարբեր երկրներում դեսպանություններ բացելու կարիքն ուներ:
Երկար փնտրտուքներից, խորհրդակցություններից հետո, ի վերջո 1992-ի սեպտեմբերին, դեսպանատունը տեղավորվել է «վտիտ պիւտճէով եւ զուսպ ճաշակով կահաւորուած իր անդրանիկ նստավայրին մէջ»: Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1993-ի հունվարի 4-ին ի ներկայություն ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար, դոկտ. Արման Կիրակոսյանի, Եգիպտոսում ՀՀ նորանշանակ հավատարմատար դոկտ. Էդվարդ Նալբանդյանի, համայնքի հոգեւոր պետերի, աշխարհիկ ղեկավարության, Եգիպտոսում օտար դիվանագիտական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաեւ Եգիպտոսի արտգործնախարար Ամր Մուսայի եւ Եգիպտոսի նախագահի քաղաքական հարցերի խորհրդական եւ արտգործնախարարի առաջին տեղակալ դոկտ. Ուսամա էլ Բազի:
«ՀԲԸՄ-ի Սաթենիկ Չագըր նուիրատուութիւն» բաժնում նշված տվյալները խիստ կարեւոր են դեսպանատան վերջնական եւ մշտական նստավայրը ձեռք բերելու հետագա զարգացումների առումով: Գրախոսականը չծանրաբեռնելու նպատակով Սաթենիկ Չագըրի եւ ամուսնուՙ Ճանիկ Չագըրի հակիրճ կենսագրականները ներկայացնում ենք առանձին:
Այստեղ նշենք, որ իր մահվանից (1982-ի մայիսին) 6 տարի առաջ բարերարուհի Սաթենիկ Չագըրը Կահիրեի հարուստ թաղամասերից Զամալեքի իր առանձնատունը եւ նրա շրջակա տարածքը (4097 քառ. մ.) նվիրել է ՀԲԸՄ-ին: Սակայն ստեղծված «տարբեր ոտնձգություններ» ուշացրել են կալվածքի հետագա տնօրինումը: Այդ «խոչընդոտները» ինչպես օրինական (դատ-դատավարություն), այնպես էլ ներհամայնքային տարաձայնությունների բնույթի են եղել, որոնք շարունակվել են բարերարուհու նվիրատվությունից հետո 16 երկար տարիներ:
Այդ ընթացքում կատարված զարգացումների մանրամասնությունները ներկայացված են «Ծրագրում եւ սկզբնական քայլեր» եւ «Գործնական քայլեր» բաժիններում: Որպես այդ քայլերի հետեւանք ընդհանուր հողատարածքը բաժանվել է երկու մասերի, որոնցից առանձնատան կողքի մասը (շուրջ 1750 քառ. մ) վաճառվել է հրապարակային աճուրդով, եւ գոյացել է ՀԲԸՄ-ի Սաթենիկ Չագըր հիմնադրամը: Մյուս մասը որոշվել է տրամադրել ՀՀ դեսպանատանը:
Սակայն դրանով չեն ավարտվել «խոչընդոտները»: «Անսպասելի դժուարութիւններ» բաժնում պրն Թերզյանը նկարագրել է «մէկը միւսին ետեւէն մթնոլորտը լարելու» փորձերը, ինչպես ներհամայնքային, այնպես էլ արտահամայնքային անձերի կողմից:
Ի վերջո, սակայն, 1996-ի մայիսին դեսպանությունը տեղավորվել է իր նոր պատվաբեր նստավայրում, որի պաշտոնական բացումը կայացել է հաջորդ տարվա հուլիսին:
Այս բոլորը` «Նոր նստավայր փոխադրութիւն» բաժնում, որից հետո հեղինակն իր պարտքն է համարել «Խօսք երախտիքի» բաժնում հիշատակել անունները Կահիրեի ՀԲԸՄ-ի 1992 տարեշրջանի վարչության եւ ՀՀ դեսպանատան բարեկամների խորհրդի անդամների, որոնք դեսպանատան կայացման գործում իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել:
Գրքի «Յաւելուած» բաժնում ներկայացված են երեք գրություններ, որոնցից առաջինը տեղի ՌԱԿ պաշտոնաթերթ «Արեւ» օրաթերթում հրապարակված (1992 թ.) ՀՀ Եգիպտոսի առաջին դիվանագիտական ներկայացուցչի կենսագրությունն է, երկրորդըՙ հեղինակի հարցազրույցն է (1994 թ.) տիար Էդվարդ Նալբանդյանի հետ, իսկ երրորդըՙ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գրությունն է նվիրված ՀԲԸՄ-ի Կահիրեի մասնաճյուղի 100-ամյակին (2010թ.):
Գրքի վերջում ամփոփ գծերով ներկայացված է հեղինակը:
Աշխատությունը, ինչպես նշեցինք, եզակի է իր տեսակի մեջ մանավանդ այն առումով, որ հեղինակը հանդես է գալիս ոչ միայն որպես ականատես, այլեւ որպես «գործող անձ»:
Պերճ Թերզյանը ամենայն աչալրջությամբ, շրջահայեցողությամբ եւ մանրազնին բծախնդրությամբ թղթին եւ հետեւաբար պատմությանն է հանձնել իննսունականների դժվարին տարիներին Եգիպտոսում ՀՀ դեսպանատան նստավայրի ձեռքբերման` ինչպես իրավական, այնպես էլ նյութական եւ տեխնիկական դժվարություններով հագեցած ոդիսականը կամ, իր իսկ խոսքերով, «Ծննդոցը»:
Նա նաեւ ամենայն անկեղծությամբ գրքում ներկայացրել է եգիպտահայ գաղութում ստեղծված նոր, անսովոր մթնոլորտը, թվարկել դեսպանատան առնչությամբ հնչած թեր ու դեմ կարծիքները, թերահավատության, կասկածի, բայց նաեւ նվիրվածության, անձնազոհության եւ վճռականության ջանքերը, առանց որեւէ մեկին վիրավորելու կամ ավելորդ դրվատանքներ շռայլելու:
Գիրքը, ինչ խոսք, կարեւոր ներդրում է հայ դիվանագիտական պատմության մեջ: Շնորհավորում ենք պրն Պերճ Թերզյանին եւ ցանկանում նրան քաջառողջություն եւ բեղմնավոր գրիչ:
Ավելացնենք, որ ՀՀ դեսպանատան շենքը Եգիպտոսում որպես ճարտարապետական կոթող լավագույններից է Կահիրեում հաստատված արտասահմանյան դեսպանատների մեջ եւ իրավամբ կոչվում է «Կահիրեի Գոհար» [1]: 1927-ին այդ առանձնատունը կառուցել է ճարտարապետ Արամ Անդրանիկյանը : «Կտոր մը Հայաստանՙ Եգիպտոսում» բնորոշում են եգիպտահայերը, որոնք 1990-ականների սկզբին հավատացած էին, որ «Հայաստանը շուտով Եգիպտոս պիտի գար» [2]:
1. Էդուարդ Մելքոնյան, «ՀԲԸՄիության պատմություն», «Մուղնի» հրատ., Երեւան, 2005, էջ 454:
2. Պ. Թերզեան, «ՀՀ Եգիպտոսի դեսպանատան Ծննդոցը», Գահիրէ, 2012 թ., էջ 16:
Նկար 2. ՀՀ դեսպանատունը Եգիպտոսում
Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ