«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2012-10-26 | #190, 2012-10-27 | #191, 2012-10-30


«ԱՌԱՋԻՆ ՆԱՀԱՆԳ»-Ի ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Վերջին օրերին երկու իրադարձություն արձանագրվեցին, որոնք խիստ ուշագրավ լինելուց զատ, նաեւ, անհրաժեշտ աշխատանքի պարագայում, բավական խոստումնալից մի գործընթաց են խոստանում: Նախ Ադրբեջանը ճանաչեց Հարավային Սուդանի անկախությունը, որը, հիշեցնենք` միայն Հարավային Սուդանի տարածքում անցկացված համաժողովրդական հանրաքվեով անկախացավ «մայր» Սուդանից, իսկ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը դարձավ առաջին օտարերկրյա պետական միավորը, որը ճանաչեց Արցախի անկախությունը:

Ու եթե Իսպանիան թույլատրեր Կատալոնիային անկախության հանրաքվե անցկացնել, ապա աշխարհում կսկսվեր ազգերի ինքնորոշման իրավունքի շքերթ: Սակայն, անկախ իսպանական վետոյից, կատալոնացիները լի են վճռականությամբ:

Իսկ առայժմ` Հարավային Սուդանի ինքնորոշված ժողովրդի ու Ադրբեջանի մասին: Միանգամից նշենք, որ Բաքվի այս քայլը հասկանալ այդքան էլ դժվար չէ: Նավթով հարուստ «նախկին մեծ Սուդանի» նավթային հիմնական պաշարները կենտրոնացած են հենց երկրի հարավային մասում, որն այսօր Հարավային Սուդանի անկախ պետությունն է: Բնականաբար Ադրբեջանը պետք է հարաբերություններ ունենա աշխարհում նավթի գեթ մեկ շատրվան ունեցող երկրի հետ, իսկ դրանից առաջ պետք է ճանաչի այդ երկիրը: Հետեւաբար` Բաքուն ճանաչեց Հարավային Սուդանը, իսկ ադրբեջանական բազմաթիվ լրատվամիջոցներ այս նուրբ թեմայի շուրջը նախընտրեցին մանրակրկիտ վերլուծականներով հանդես չգալ` տեղեկացնելով միայն բուն փաստը ու շատ արագ մոռացության մատնելով...

Այլ հարց է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը: Սա Ավստրալիայի ամենահին ու ամենախիտ բնակեցված նահանգն է. 2012-ի մարտի վերջի տվյալներովՙ Նոր Հարավային Ուելսում ապրում է 7 մլն 272 հազար 800 մարդ` հիմնականում կաթոլիկ անգլիացիների ժառանգներ (ամբողջ Ավստրալիայի բնակչությունը 21 մլն մարդ է): Նահանգի մայրաքաղաքն ու ամենախոշոր քաղաքը Սիդնեյն է, նահանգն այլ կերպ Ավստրիալիայում անվանում են «պրեմիեր նահանգ» կամ «առաջին նահանգ»:

Հայերն Ավստրալիայում են հայտնվել դեռեւս 19-րդ դարից` հիմնականում Կոստանդնուպոլսից, Հնդկաստանից եւ Հարավարեւելյան Ասիայի երկրներից: Սակայն որպես համայնք` ավստրալահայերը կազմակերպվել են հիմնականում Երկրորդ աշխարհամարտից հետո, երբ այստեղ են եկել հայ գաղթականներ Միջին ու Մերձավոր Արեւելքի երկրներից: Ներկայումս, ըստ պաշտոնական տվյալների, Ավստրալիայում բնակվում է շուրջ 60 հազար հայ` հիմնականում Սիդնեյում (Նոր Հարավային Ուելս), Մելբուռնում, Բրիզբենում, Կանբերայում, Պերթում: Ինչպես նկատում ենքՙ Նոր Հարավային Ուելսում հայերը կենտրոնացած են միայն Սիդնեյ քաղաքում, որտեղ, ի դեպ, 1957-ին օծվել է Սուրբ Հարություն հայկական եկեղեցին: Ավստրալահայերի շրջանում կան պետական ծառայողներ, արհեստավորներ, բժիշկներ, փաստաբաններ եւ այլք:

Անշուշտ, կարող ենք պնդել, որ Նոր Հարավային Ուելսի կողմից Արցախի անկախության ճանաչումը ավստրալահայ համայնքի ջանադիր աշխատանքի արդյունք է, սակայն ամեն ինչ չէ, որ միանշանակ է: Ավստրալիան ղեկավարում է գեներալ-նահանգապետը, ում նշանակում է Մեծ Բրիտանիայի թագուհին: Գեներալ-նահանգապետը երկրում իրականացնում է լայն իշխանություն, հետեւաբար հնարավորություն ունի ազդելու այս կամ այն նահանգում ինչ-որ որոշման ընդունման կամ դրա չեղյալ հայտարարելու մեջ, չնայած Ավստրալիայի որոշ նահանգներ, այդ թվումՙ Նոր Հարավային Ուելսը, ունեն ինքնուրույնության որոշակի մակարդակ` առանձին խորհրդարան, զինանշան, դրոշ եւ այլն: Վերջերս, հիշեցնենք, Իլհամ Ալիեւը լուրջ դժգոհություն հայտնեց British petrolium հզոր նավթային ընկերությունից, որի բաժնետոսմերի զգալի մասը եւս պատկանում է բրիտանական թագավորական ընտանիքին: Եվ ահա բրիտանական նախկին գաղութ Ավստրալիայի նահանգը «հանկարծ» ճանաչում է Արցախի անկախությունը...

Ինչ խոսք, անկախ ամեն ինչից, քաղաքականությունը նաեւ հնարավորություն է, ինչից միայն հիմարները չեն օգտվում: Հետեւաբար ավստրալական նահանգի այս քայլից պետք է օգուտներ քաղել ու այս գործընթացը շարունակական դարձնել` անկախ Նոր Հարավային Ուելսի այս որոշման իրական դրդապատճառներից: Սա բավական լուրջ երեւույթ է. Բրիտանական աշխարհում մեծ կշիռ ու հեղինակություն ունեցող պետական մեկ միավոր ճանաչում է ԼՂՀ անկախությունը, ուրեմն մենք իրավունք չունենք դա թողնելու առանց զարգացումների:

Ի դեպ, Նոր Հարավային Ուելսը ունի նաեւ նահանգային կարգախոս` «Վերստին բարձրացած որքան պայծառ ես դու փայլում» (Orta Recens Quam Pura Nites): Հուսանքՙ սա մի օր կվերաբերի նաեւ Սիդնեյի Սուրբ Հարություն եկեղեցու կողքին բարձրացված հայկական զույգ պետությունների դրոշներին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4