«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2012-10-27 | #191, 2012-10-30 | #192, 2012-10-31


«ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ», ԲՅՈՒՋԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԻՍ ԱՍԱՑ ՎԱՐՉԱՊԵՏԸ

Երեկ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում սկսեց քննարկվել 2013 թվականի բյուջեի նախագիծը: Սա այն նախագիծն էր, որին, իբր, լիագումար նիստում պետք է խիստ քննադատաբար մոտենա խորհրդարանական երկրորդ ուժ ԲՀԿ-ն, քանի որ այս ուժն ընդհանրապես քննադատաբար է տրամադրված հանդեպ կառավարությունն ու վարչապետը` հայտնի պատճառներով: Սակայն ԲՀԿ ներկայացուցիչների խոսքից երեկ պարզ չեղավ, թե ինչ տրամադրվածություն կա լիագումար նիստին` քվեարկելու առումով, ինչ որոշում է ընդունելու խմբակցությունը: Լիագումար նիստին դեռ մեկ ամսից ավելի ժամանակ կա, մինչ այդ երեկ խորհրդարանական գլխադասային հանձնաժողովների համատեղ նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց բյուջեի փիլիսոփայությունը, միաժամանակ 2012 թվականի իրավիճակի մասին համառոտ տեղեկատվություն ներկայացնելով` որպես նախադրյալային ֆոն 2013-ի բյուջեի կատարման համար:

Սեպտեմբեր ամիսը ներառյալ, ԱՎԾ տվյալով, 2012-ին 7-տոկոսանոց աճ է գրանցվել, ծրագրված 3,1 տոկոս դեֆիցիտը հնարավոր է 2,8 տոկոս լինի, պետբյուջեի եկամտային մասը ամբողջությամբ կատարվում է, այնպես որ այս առումով 2013-ի համար նախատեսված թվերն իրատեսական են, համոզված է վարչապետը: Բյուջեի սկզբունքները հայտնի երեքն են` տնտեսության մրցունակության ապահովում, մարդկային կապիտալի զարգացում, արդյունավետ ինստիտուտներ, իսկ թիրախներից մեկը` նոր բյուջեում տնտեսական աճը պահպանել ու դիվերսիֆիկացիան խորացնել` արտահանման խրախուսմամբ:

Սոցիալական քաղաքականության մեջ արմատական փոփոխություններ են առաջարկվում, որից մենք մեկ օրինակ կբերենք` մնացածը լիագումար նիստի քննարկումներից հետագայում փոխանցելու խոստումով. 2013 թվականին սոցիալական փաթեթից օգտվողների թիվն ավելանալու է 30 հազարով, քանի որ այս տարի սկսված այդ ծրագիրը արժանացել է բնակչության դրական գնահատականին: Գործարար եւ ներդրումային միջավայրը պետք է էապես բարելավվի, նույն կերպ շարունակվի հարկահավաքման գործընթացը, որտեղ վարչարարությունը պետք է բարելավվի, դրան կնպաստի հունվարի 1-ից էլեկտրոնային հաշվետվությունների ներդրումը: Բիզնես միջավայրի բարելավման արմատական ուղղություն է խոր եւ համապարփակ ազատ առեւտրի բանակցությունների վարումը ԵՄ-ի հետ` այս տարվա փետրվարից ԵՄ-Հայաստան պաշտոնական բանակցությունների հայտարարումից հետո 6-փուլանոց բանակցությունների 2 փուլն անցել ենք, այս եւ եվրոպական պարտավորութունները 2013-ին իրականացվելու են ողջ թափով:

Այնուամենայնիվ, քանի որ միջազգային կառույցները ողջ աշխարհում մակրոտնտեսական կայունության առումով իրավիճակը վտանգավոր են համարում եւ քայլեր ձեռնարկում, մեր կառավարությունը եւս ռիսկերը գնահատելով` զգուշավոր մակրոտնտեսական քաղաքականություն է իրականացնելու. այս տարվա հնարավոր 7-տոկոսանոց աճի դիմաց թիրախավորվում է 6,2 տոկոս աճ, քանի որ բավարար պաշարներ պետք է ունենանք, որ կարողանանք բացասական դրսեւորումների ժամանակ չեզոքացնել ռիսկերը: Եւ եթե համաշխարհային ազդեցությունները մեր բյուջեի վրա բացասաբար ազդեն` Համաշխարհային բանկից անմիջապես կարող ենք ակնկալել 100 մլն դոլարի աջակցություն, իսկ հակաճգնաժամային հիմնադրամում էլ առկա է 1 միլիարդ 100 մլն դոլար:

2012-ին սկսված բոլոր ծրագրերը շարունակվելու են 2013-ին` վարչապետը ոլորտներով թվեց: Նրա ելույթից մեջբերենք 2013-ի ծախսային մասի տոկոսային պատկերըՙ ծախսերի գերակշիռ մասըՙ 84,7 տոկոսը, հետեւյալ հինգ ոլորտներն են ներառում. սոցիալական բնագավառի ծախսերՙ 41,8 տոկոս, այս բնագավառը ներառում է կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանվածության ոլորտները, պաշտպանություն` 21,1 տոկոս, տնտեսության ճյուղերըՙ 14,1, պետական պարտքի սպասարկումըՙ 4,6 տոկոս: Համայնքների բյուջեների ֆինանսավորման համահարթեցման դոտացիաների համար տրամադրվելու է բյուջեի 3,1 տոկոսը: Ընդ որում, էական ուշադրություն է դարձվելու արտաքին պարտքի ցուցանիշին:

Հայաստանը, միջազգային կազմակերպությունների գնահատականներով, 2013 թ. դասվելու է միջին կամ ավելի ցածր ծանրության բեռ ունեցող երկրների շարքին. «Թույլ չենք տալու, որ արտաքին պարտքի կառավարումը համարվի ռիսկային:

Ավարտելով խոսքս, ցանկանում եմ նշել, որ դժվար է գերագնահատել պետական բյուջեի դերը պետության բնականոն զարգացման գործում: Այդ տեսակետից, ԱԺ-ում քննարկումները մեզ համար ունեն էական նշանակություն: Ակնկալում ենք պետական բյուջեի կառուցողական, շահագրգիռ քննարկում: Հավաստիացնում եմ, որ մենք պատրաստ ենք այդ երկխոսությանը», ասաց վարչապետը` դիմելով խորհրդարանական գործընկերներին:

2013 թվականի բյուջեի եկամտային մասը կազմում է մոտ 1 տրիլիոն 32 միլիարդ դրամ` 13 տոկոսով ավելի այս տարվա բյուջեից:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4