Հոկտեմբերի 29-ի երեկոյան Ֆրանսիայի մշակույթի նախարար Օրլի Ֆիլիպետին թուրք գրող Օրհան Փամուկին պարգեւատրել է Ֆրանսիայի բարձագույն` «Պատվո լեգեոն» շքանշանով: Նախարար Ֆիլիպետին ընդգծել է հատկապես Փամուկի ոճի ազատությունն ու ավանգարդ լինելը. «Նա (Փամուկը) մերժում է անհանդուրժողականությունը, ճնշման եւ վախի որեւէ դրսեւորում», ասել է Ֆրանսիայի մշակույթի նախարարը:
Հիշեցնենք, որ աշխարհում ավելի քան 11 մլն օրինակով վաճառված գրքերի հեղինակ թուրք արձակագիրը 2007-ին լքել է Թուրքիան` տեղափոխվելով ԱՄՆ: Ռուսական Lenta.ru-ն այս կապակցությամբ ընդգծում է. «Փամուկը ստիպված է եղել արտագաղթել ազգայնականների հետապնդմանը ենթարկվելու պատճառով, որը սկսվել էր 2005-ին շվեյցարական թերթի հետ նրա ունեցած հարցազրույցից հետո: Հարցազրույցում Օրհան Փամուկը հայտնել է, որ թուրքերը պետք է ընդունեն մեկ միլիոն հայերի ու 30 հազար քրդերի սպանությունը, ինչից հետո էլ նրան մեղադրեցին տխրահռչակ 301 հոդվածով (թուրքական ինքնությանը հասցված վիրավորանք)»:
Ֆրանսիական բարձրագույն պետական պարգեւը թուրք մտավորականի համար առաջին միջազգային գնահատականը չէ. Փամուկը նաեւ Նոբելյան մրցանակի դափնեկիր է եւ Դանիայի մշակութային ոլորտի խոշորագույն` Sunning Prizze-ի մրցանակակիր: Այս վերջին մրցանակը հանձնվում է «եվրոպական մշակույթում ներդրում կատարելու համար»: Ի դեպ, Կոպենհագենում Փամուկին պարգեւատրելու արարողությանը ներկա են եղել նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները, մինչդեռ թուրքական դեսպանատան որեւէ անդամ թուրք մտավորականին բարձր պարգեւով պարգրատրելու արարողությանը չի ներկայացել:
Հ. Ա.